Սահմանը բացելուն պես թուրք արկածախնդիրներն էլ կներխուժեն Հայաստան

Սահմանը բացելուն պես թուրք արկածախնդիրներն էլ կներխուժեն Հայաստան

Հայ-թուրքական հարաբերությունների, երկրաշարժի հետեւանքների մասին զրուցել ենք Թուրքիայում հրատարակվող «Ակօս» թերթի հայերեն բաժնի խմբագիր Բագրատ Էստուկեանի հետ։

- Թուրքիայում աղետալի երկրաշարժից ի՞նչ վնասներ է կրել հայկական համայնքը։

- Փետրվարի 6-ի զույգ երկրաշարժերից տուժել են 13 հայեր։ Երկու երիտասարդ կին ոսկորների կոտրվածքներով դուրս են բերվել փլատակների տակից, եւ նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Իսկ փետրվարի 20-ի երեկոյան տեղի ունեցած նոր երկրաշարժով վնասվել են հայաբնակ Վաքըֆ գյուղի մի շարք բնակարաններ եւ գյուղի եկեղեցին։

- Երկրաշարժից հետո Հայաստանը 2 անգամ մարդասիրական օգնություն ուղարկեց Թուրքիա։ Թուրքական հասարակությունն ինչպե՞ս է արձագանքել սրան, հանրային քննարկումներ եղա՞ն:

- Հանրային քննարկումներ ընդհանրապես չեղան, սակայն որոշ հոդվածագիրներ կամ վերլուծաբաններ զանազան մեկնարկություններ արեցին ոչ միայն Հայաստանի, այլեւ Հունաստանի եւ Իսրայելի մատուցած փրկարարական եւ մարդասիրական օգնության մասին։ 

- Թուրքիայում ինչպե՞ս են վերաբերվում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը, եւ նման քննարկումներ կա՞ն։

- Ոչ։ Երկրի օրակարգը բավականին հագեցած է տարբեր բնույթի զանազան նյութերով, հիմնականում՝ տնտեսական ճգնաժամի եւ մոտակա ընտրությունների նյութերով։ 

- Հայկական համայնքն ինչպե՞ս է վերաբերվում հայ-թուրքական սահմանի բացմանը՝ աչքի առաջ ունենալով Արցախի բլոկադան ու Արցախի հարցի լուծման Թուրքիայի տեսակետը։

- Հայ համայնքն ընդհանրապես դրական է համարում Հայաստան-Թուրքիա սահմանագծի բաց մնալու գործընթացը։ Անշուշտ, համաշխարհային հայության նման՝ Թուրքիայի հայությունն էլ զորակցում է Արցախի բնակիչների արդար պահանջներին։ 

- Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն ավելի արագացավ երկրաշարժից հետո, ի՞նչ եք կարծում՝ հայ-թուրքական սահմանի բացումը ե՞րբ իրականություն կդառնա։

- Չի կարելի խոսել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման թափ հավաքելու մասին։ Չավուշօղլուի ելույթը՝ ճանապարհները վերականգնելու ուղղությամբ աշխատանքները սկսելու պատրաստակամության մասով, գործնական նշանակություն չունի, այլ պարզապես տրամադրության արտահայտում էր։ Հարաբերությունների կարգավորումը պայմանավորված է նաեւ Թուրքիա-Ադրբեջան եւ Թուրքիա- Ռուսաստան հարաբերություններով։ 

- Հարաբերությունների կարգավորման գործընթացում ի՞նչն է ամենաշատը Ձեզ մտահոգում, ինչի՞ մեջ եք վտանգ տեսնում։

- Սահմանի բացումն իր հետ կբերի նաեւ թուրքական, այսպես կոչված, գործարարների պիտակով արկածախնդիր մարդկանց ներխուժման։ Նրանք պիտի փորձեն շահագործել նարկոբիզնեսը, կավատությունը, բուքմեյքերական խաղերը, որոնք կախվածության մեջ են գցում, եւ աշխարհի ընձեռած մյուս անօրինական՝ կախվածություն առաջացնող երեւույթները։ Ասածիս ճշմարտացիության մեջ համոզվելու համար բավարար է դիտարկել Հյուսիսային Կիպրոսի կամ Աջարիայի Բաթումի քաղաքների օրինակները։ 

- Ձեր կարծիքով, Թուրքիայի իշխանությունները գնահատո՞ւմ են իրենց երկրի նկատմամբ ՀՀ իշխանությունների քայլերը, թե՞ դա համարում են պարտված կառավարության կողմից իրենց բարեկամությունը շահելու փորձեր։

- Թուրքիայի իշխանություններն աջակցում են իրենց բարեկամ երկրի եւ նրա ղեկավարի առավելապաշտական քաղաքականությանը։ Հետեւաբար, նրանք Հայաստանին պարտադրելու են ծանր զիջումներ, իբրեւ պարտված պետություն եւ պարտված բանակի վրա ճնշում։ Փորձենք հասկանալ, թե պատերազմում պարտվողը ոչ թե կառավարությունն է, այլ նախկինների ձեռքով անզորության մատնված, կարգապահությունը կորցրած բանակը։