Ծեծվածի դիրքորոշում կամ թշնամու մեջ միայն բարին տեսնելու ձգտում

Ծեծվածի դիրքորոշում կամ թշնամու մեջ միայն բարին տեսնելու ձգտում

Մյունխենի համաժողովում կրկին գրանցվեց երբեմնի «դուխով» վարչապետի պարտությունը նախկին «կիրթ ու կառուցողական» Իլհամից։ ժամանակին «Արցախը Հայաստան է, եւ վերջ» հայտարարողն այնքան էր խեղճացել, որ, նախ, անձամբ իրեն, այնուհետեւ՝ պետությանը, որը ներկայացնում է եւ ժողովրդին, կապիտուլյանտ բնութագրող Իլհամին համարձակություն չուներ արժանապատիվ պատասխանելու։ Պատասխանում էր հենց կապիտուլյացիայի ենթարկվածի, կամ փողոցում ծեծված տղայի հոգեբանությամբ։ Այն երեխայի, որը վստահ է, որ եթե «դուխով» պահի իրեն, ապա կրկին ծեծ կուտի եւ՝ ավելի դաժան։ Ահա այն․ «Գրեթե վիրավորական է հնչում։ Կարող է տպավորություն ստեղծվել, թե Ադրբեջանը վրեժխնդրության քաղաքականություն է վարում։

Հայաստանի դիրքորոշումը ժողովրդավարությունն ու երկխոսությունն է, հարգանքը տարածաշրջանի բոլոր երկրների նկատմամբ, որոնց ուղղությամբ աշխատանքները շարունակվում են»։ Հասկանո՞ւմ եք՝ «կապիտուլյանտ» բառի համար ներսում ոստիկանությամբ եւ դիպուկահարներով շրջապատված եւ սեփական երկրի ժողովրդի մոտ «առյուծ կտրած» Նիկոլն Իլհամի վիրավորանքին արձագանքում է 19-րդ դարի քնքուշ ռուսական ազնվազարմ տիկնոջ բառապաշարով։ Որին վիրավորել են, սակայն իր ծագումն ու դաստիարակությունը թույլ չեն տալիս, որ արձագանքի կոշտ ու կոպիտ։ Եվ ընդամենը ասում է․ «Գրեթե վիրավորական է հնչում»։

Իսկապես, գրեթե վիրավորական է, որ մենք չկարողացանք նրան հեռացնել վարչապետի պաշտոնից, երբ ստորագրելով եռակողմ կապիտուլյացիոն հայտարարությունը՝ թաքնվել էր բունկերում։ Եվ աննորմալ տեսքով վրեժի էր կոչում ընդդեմ սեփական ժողովրդի՝ փոխանակ վրեժի կոչեր թշնամու դեմ։ Ազնվազարմ այդ «տիկնոջը »թվում է, թե ինքը գտնվում է ոչ թե մեր օրերի դաժան իրականության մեջ, որտեղ պատերազմ է ընթանում, այլ մեկ ուրիշ ազնվազարմ տիկնոջ աշխարհիկ սալոնում է։ Եվ գանգատվում է, թե շրջապատում կարող է սխալ տպավորություն ստեղծվել, որ իրեն վիրավորում են։ Չէ՞ որ ինքը, որպես երկնագույն արյուն կրող, կրթված է եւ դաստիարակված, բնականաբար, իր շրջապատն էլ է այդպիսին։ Եվ ինքը հարգանքով է լցված շրջապատի բոլոր անձանց նկատմամբ։ Եվ քանի որ իր շրջապատը եւս կրում է նույն արժեքային համակարգը՝ տվյալ դեպքում ժողովրդավարությունն ու երկխոսությունը, ապա չի կարող դիմացինի մեջ թշնամի տեսնել, այլ միայն բարին ու դրականը։