Չունենալով ազգային ինքնություն՝ Փաշինյանը ոչնչացնում է հայ ազգը

Չունենալով ազգային ինքնություն՝ Փաշինյանը ոչնչացնում է հայ ազգը

Հատկապես պատերազմից հետո շատերից եմ լսել այն դժգոհությունը, թե ինչպես կարող են նույն ազգի ներկայացուցիչներն այդքան տարբեր լինել: Մարդիկ բողոքում են, թե ինչու իրենք, հայ լինելով, բոլորովին այլ արժեքներ ունեն, քան իրենց հարեւանը, ինչպես կարող է պատահել, որ իրենք հայրենիքի, Արցախի, Հայաստանի մասին ունենան մի պատկերացում, իսկ մյուսները՝ տրամագծորեն հակառակ: Վերջերս նույնիսկ տեսություն կարդացի, որի հեղինակը պնդում էր, որ Հայաստանում ապրում է երկու ազգ. մեկը մաքրարյուն հայերն են, որոնք դարերի ընթացքում չեն խաչասերվել այլ ժողովուրդների հետ եւ, հետեւաբար, կրում են ազգային արժեքներ, հայրենասեր են, պայքարում են հանուն Հայաստանի եւ Արցախի, մինչդեռ մյուս խումբը թուրքերի, արաբների եւ այլ նվաճողների հետ խառնված եւ իրենց ազգային ինքնությունը կորցրած մարդիկ են եւ այդ պատճառով պատրաստ են ընդունել ցանկացած զիջում եւ նվաստացում: Սա, ինչ խոսք, էմոցիոնալ, ոչ գիտական մոտեցում է, որը որեւէ կապ չունի խնդրի իրական բացատրության հետ:

Շատերը սխալմամբ շփոթում են մարդու, անհատի էթնիկ եւ ազգային պատկանելությունը, մինչդեռ դրանց միջեւ կա էական տարբերություն. փորձենք դա բացատրել հայ էթնոսի եւ հայ ազգի օրինակով: Մարդը կարող է իր էթնիկ ծագմամբ լինել հայ, բայց չպատկանել հայ ազգին: Մարդու էթնիկ պատկանելությունը որոշվում է նրա ինքնաճանաչողությամբ, պատմական հիշողությամբ, տվյալ էթնոսի հետ ունեցած կրթական, մշակութային, լեզվական, շատ դեպքերում՝ կրոնական ընդհանրությամբ:

Մինչդեռ ազգային պատկանելությունն ավելի շատ կամ բացառապես ենթադրում է գաղափարական եւ արժեքային ընդհանրություն: Դրա համար, օրինակ, շատ էթնիկ հայեր դառնում են այլ ազգերի ներկայացուցիչներ, որովհետեւ կրում են տվյալ ազգի գաղափարական-արժեքային կոդերը: Մեզ մինչեւ հիմա թվացել է, թե նման բան կարող է տեղի ունենալ միայն սփյուռքում, օրինակ՝ Ռուսաստանում, Ֆրանսիայում, Հնդկաստանում կամ ԱՄՆ-ում ապրող հայերի հետ, որտեղ հայ ծնողներից ծնված, իր հայկական ծագումը գիտակցող եւ չթաքցնող, շատ դեպքերում դրանով հպարտացող անհատը կորցնում է ազգային պատկանելությունը՝ դառնալով այլ ազգի ներկայացուցիչ: Օրինակ, էթնիկ հայ Շառ Ազնավուրը ֆրանսիացի էր, էթնիկ հայ Այվազովսկին` ռուս կամ ուկրաինացի, ինչպես վերջերս որոշել են նրան համարել արեւմտյան որոշ հաստատություններ: Վրաստանում կարելի է հարյուրավոր եւ հազարավոր էթնիկ հայերի հանդիպել, որոնք գիտեն, որ իրենց ծնողները եղել են հայ, բայց իրենք իրենց համարում են վրաց ազգի ներկայացուցիչներ: Թուրքիայում ապրում են հազարավոր հայեր եւ քրդեր, ովքեր չնայած ծագմամբ հայ կամ քուրդ են, սակայն թուրք ազգի ներկայացուցիչ են: Առաջին հայացքից անհեթեթություն թվացող այս պնդումը շատ պարզ բացատրություն ունի:

Արեւմուտքում ազգային պատկանելությունը նույնականացվում է քաղաքացիության հետ, որն ինչ-որ իմաստով ճիշտ է, որքան էլ այն մեզ համար անընդունելի եւ խորթ հնչի: Ինչպես նշեցինք, ազգային պատկանելությունն առաջին հերթին ենթադրում է ոչ թե լեզվական, մշակութային եւ սովորութային ընդհանրություններ, այլ ավելի շատ գաղափարական, արժեհամակարգային: Ազգն ընդհանուր արժեքներ դավանող, ընդհանուր նպատակի շուրջ համախմբված մարդկանց միավորումն է, ընդհանուր գաղափարն ազգային պետության ստեղծումն է ու այդ պետության շահերի պաշտպանությունը: Դրա համար է ընդունված ազգը եւ քաղաքացիությունը նույնականացնել, որովհետեւ եթե տվյալ պետության քաղաքացի ես, ենթադրվում է, որ նաեւ այդ պետության ազգային շահերի ու ազգային նպատակների պաշտպանությանն ու առաջ մղմանն ես ծառայում, անկախ քո էթնիկ ծագումից:

Օրինակ, Թուրքիայում ապրող շատ էթնիկ քրդեր ծառայում են Թուրքիա պրոյեկտին՝ մերժելով Քուրդիստան պրոյեկտը, որովհետեւ նրանց համար հոգեհարազատ են հենց Թուրքիա պրոյեկտի հաջողությունը եւ առաջմղումը: Էթնիկ հայ Կարո Փայլանը պայքարում է հանուն Թուրքիա պրոյեկտի հաջողության, նա ծագմամբ հայ է, բայց ազգությամբ՝ թուրք: Դեռեւս հեռավոր 2005 թվականին Ուկրաինայում մի քննարկման ժամանակ ես տեղեկացա, որ ռուս ծնողներից ծնված շատ մարդիկ իրենց համարում են ուկրաինացի, նրանք պայքարում էին Ուկրաինա պրոյեկտի կայացման եւ հաջողության համար՝ մերժելով եւ իրենց համար խորթ համարելով Ռուսաստան պրոյեկտը: 

Հիմա նայենք, թե ինչ է կատարվում հայ ազգի հետ, կամ ինչպես է Փաշինյան Նիկոլը ոչնչացնում հայ ազգը: Մինչեւ Փաշինյանի՝ իշխանության գալը մենք, որպես ազգ, ունեինք մեկ պատմական հիշողություն, ընդհանուր արժեքներ եւ նպատակներ, որոնք միավորում էին մեզ: Մեր ազգային գիտակցության մեջ Արցախը Հայաստանի անբաժան մասն էր, եւ մենք համարում էինք, որ Արցախը նույնպիսի Հայաստան է, ինչպես Լոռին կամ Շիրակը: Մեր պատմական հիշողության մեջ Թուրքիան թշնամի էր եւ ցեղասպան, մենք միավորված էինք Ցեղասպանության ճանաչման եւ Թուրքիայի կողմից իր կատարած ոճրի ընդունման, զղջման եւ արդար հատուցման գաղափարի շուրջ: Մինչեւ 2018 թվականը մեր ազգային գաղափարախոսությունը հետեւյալն էր. մենք, որպես ազգ, գիտակցված ենք զրկանքներ կրում, դիմանում Ադրբեջանի եւ Թուրքիայի պարտադրած շրջափակման տնտեսական հետեւանքներին, մարդկային զոհեր տալիս, որովհետեւ դա պետք է հանուն Արցախի ու Հայաստանի, հանուն նրա, որ չդառնանք Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից գաղութացված տարածք:

2018-ից հետո Փաշինյանի հետ իշխանության եկած խումբը սկսեց քանդել եղած ազգային արժեքներն ու ոչնչացնել մեր պատմական հիշողությունը, որն ազգային ինքնագիտակցության կարեւոր մասն է: Փաշինյանը եւ նրա մերձավոր շրջապատը՝ Գուրգեն Արսենյան, Վիգեն Խաչատրյան, Գագիկ Մելքոնյան եւ մնացած բոլորը սկսեցին քարոզել այն գաղափարը, որ Արցախը, Ցեղասպանության ճանաչման եւ հատուցման համար պայքարը, սեփական սկզբունքներ եւ արժեքներ ունենալը, ինչպիսին ազնվությունն է, սկզբունքայնությունը, ընկերասիրությունը, հյուրասիրությունը, կարեկցանքն ու մարդասիրությունը, կեղծ արժեքներ են, որովհետեւ դրանք խանգարում են վեհ նպատակին`փող աշխատելուն: Փողը հռչակվեց միակ եւ բարձրագույն արժեք, հանուն որի կարելի է եւ պետք է հրաժարվել Արցախից էլ, Ցեղասպանությունից եւ բոլոր ազգային արժեքներից ու նպատակներից: Այդ արժեքները հռչակվեցին կեղծ, քանի որ դրանք խանգարում են փող աշխատելուն:

Երբ Գուրգեն Արսենյանն ասում է, որ 3 միլիոնն ավելի կարեւոր է, քան 120 հազարը, նա ընդամենը ասում է, որ կարելի է քցել այդ 120 հազարին՝ հանուն այն բանի, որ ինքը կարողանա փող աշխատել: Որովհետեւ եթե մեզ համար ազնվությունը եւ ազգակցի նկատմամբ համերաշխությունն արժեք են, եւ մենք խոստացել ենք, որ ցանկացած պարագայում պաշտպանելու ենք արցախցիներին, ինչպես արցախցիները կպաշտպանեն լոռեցիներին կամ շիրակցիներին, մենք պետք է ազնիվ լինենք ու չքցենք այդ մարդկանց, ասելով, որ դե գիտեք` մենք չենք կարող հանուն ձեզ մեզ վտանգի ենթարկել, դուք մնացեք շրջափակման մեջ, սովամահ եղեք, մենք թուրքերի ու ադրբեջանցիների հետ եղբայրություն կանենք ու փող կաշխատենք, հարստանանք ու ավելի լավ ապրենք: 1988 թվականին Հայաստանում բոլորովին այլ արժեքներ էին, եւ դրա համար հարյուր հազարավոր հայեր պատրաստ էին իրենց կյանքը եւ կենցաղը զոհել հանուն Արցախի եւ արցախցիների պաշտպանության: Եթե 88-ին որեւէ մեկն ասեր, որ եկեք Արցախը հանձնենք, որ լավ ապրենք, կամ հրաժարվենք Արցախից, որ մյուսներս ապահով լինենք, նրան քարածեծ կանեին, մինչդեռ հիմա նման մտքերը հասարակության որոշ մասը դրական է գնահատում: Նիկոլ Փաշինյանի իշխանության ամենամեծ վնասը ոչ այնքան Արցախն ու Հայաստանի որոշ հատվածը հանձնելն է, որքան ազգային արժեքների բացահայտ եւ ցինիկ ոչնչացումը, որն արվում է գիտակցված եւ պլանավորված: Նա հատուկ է իր շուրջը համախմբել մի թիմ, որի համար մեծագույն արժեքը փողն է, իսկ փողի եւ փող աշխատելու գաղափարի շուրջ համախմբված մարդիկ չեն կարող ազգային գիտակցություն ունենալ կամ ընդհանրապես պետություն կառուցել:

Ամփոփելով կարող ենք ասել, որ հասարակության մի մասին հոգեհարազատ են Փաշինյանի բերած նոր մոտեցումները, իսկ մյուս մասը համառորեն դիմադրում է դրան՝ շարունակելով հավատարիմ մնալ այն ազգային արժեքներին, որոնք կրել է տարիներ շարունակ: Հայաստանի՝ որպես հայ ազգի պրոյեկտի գոյության եւ հաղթանակի կողմնակիցները հասկանում են, որ առանց ազգային արժեքների հնարավոր չէ պետության պահպանումը, որովհետեւ փողը միակ արժեք հռչակելու դեպքում միեւնույն է դառնում, թե որ տարածքում կամ ում իշխանության տակ է ինքը փող աշխատում: Հենց այդ պատճառով Փաշինյանի դեմ պայքարը պայքար է ոչ թե ավելի լավ կամ վատ իշխանություն ունենալու համար, այլ Հայաստանի` որպես հայ ազգի նախագծի գոյության իրավունքի:

Ավետիս Բաբաջանյան