Բացի էլեկտրաէներգիայից, մի քիչ ոչխարից ու պարարտանյութից, ի՞նչ է գնում Իրան՝ այնտեղ էլ սահմանը հո բա՞ց է

Բացի էլեկտրաէներգիայից, մի քիչ ոչխարից ու պարարտանյութից, ի՞նչ է գնում Իրան՝ այնտեղ էլ սահմանը հո բա՞ց է

«Էքսպորտ Արմենիա փորձագետների ասոցիացիա» ՀԿ-ի համահիմնադիր Էմիլ Ստեփանյանի հետ զրուցել ենք հայ-թուրքական սահմանի բացման, առեւտրաշրջանառության եւ տնտեսական օգուտների թեմայով։ 

«Ես կարծում եմ, որ առաջնահերթ դա ունենալու է սիմվոլիկ նշանակություն, քան՝ կիրառական: Հայաստանն ունի ելք դեպի այլ պետություններ ոչ միայն Իրանով ու Վրաստանով, այլ նաեւ Թուրքիայով։ Չեմ կարծում, որ շատ մեծ էֆեկտ է լինելու, որովհետեւ այսօրվա դրությամբ թուրքական բեռնատարները եկել գնացել են եւ սկսած դեռեւս 2000-ական, 1990-ական թվականներից, թուրքական ապրանքները ողողել են Հայաստանը՝ կենցաղային տեխնիկայի, հագուստի, շինանյութի մասով: Միշտ այդպես է եղել։ Ավել բան չեմ ակնկալում, ուղղակի ճանապարհը մի 500 կիլոմետրով կրճատվելու է։ Մենք գնում էինք Վրաստանով, հիմա ուղիղ է լինելու, ոնց որ մի հատ կամուրջ բացենք, որը կարճացնելու է ճանապարհը»,- ասաց Ստեփանյանը։

Բայց սահմանի բացման պարագայում ռիսկեր կան, ու դրանցից մեկն այն է, որ թուրքական ապրանքները որոշակիորեն էժանանալու են։ Սակայն Հայաստանի միջին բնակիչը հայ-թուրքական սահմանի բացումը, ընդհանուր առմամբ, չի զգալու։ «Դա կզգան Արմավիրի մարզի որոշ բնակիչներ` եթե շարժ սկսվի, առեւտուր կլինի: Հնարավոր է Բագրատաշենի պես կետ բացվի, Բագրատաշենում սահմանային առեւտուր միշտ էլ եղել է, ու հիմա էլ գնալու են` գնեն այդ մասից»,- նշեց Ստեփանյանը։ Այն հարցին, թե հայ-թուրքական սահմանի բացման պարագայում հայ արտադրողներն ինչ վիճակում կարող են հայտնվել, հատկապես որ թուրքական ապրանքների գնիջեցում էլ կլինի, Ստեփանյանն ասաց, որ չի կարող ասել, թե հայ արտադրողները կհայտնվեն անելանելի վիճակում, քանի որ նրանք արդեն իսկ փակ սահմանների պարագայում են անելանելի վիճակում։

«Մանրածախ բիզնեսը խեղդում է հայկական արտադրողին, մեծ ներմուծողները տեղ չեն տալիս մանր հայկական արտադրողներին, իրենց բյուջեով եւ ամեն ինչով ճնշում են, իսկ պետությունը բացարձակապես չի սատարում փոքր ու միջին արտադրողներին, առեւտրային կետերում գրեթե ոչնչով, բացի նրանից, որ մի ակցիա արեցին՝ «Արտադրված է Հայաստանում» եռագույն ստիկերներ կպցրեցին սուպերմարկետներում, որախացանք դրանով։ Ոչ մի պլանային կամ մեծ ծրագրեր չեն իրականացվում»,- ասաց Էմիլ Ստեփանյանը։

Իսկ թուրքական ապրանքի մուտքը Հայաստան միայն մեկ տարի է փակ եղել, որը բացարձակապես բավարար չէր, որպեսզի հայկական արտադրողը ոտքի կանգներ, տեղ գրավեր թե՛ խանութներում, թե՛ հաճախորդների սրտերում։ Ուստի տեղական արտադրության բազմաթիվ ապրանքներ՝ հայկական օճառ, ատամի մածուկ, օրինակ, շատ քիչ խանութներում կարող ենք տեսնել։ «Վատ էր` սահմանի բացումից հետո կլինի ավելի վատ»,- եզրակացնում է Ստեփանյանը։

Այնպես չէ, որ հայկական արտադրողի համար արտակարգ իրավիճակ է, ու սահմանի բացմամբ ինչ-որ ֆունդամենտալ բան է փոխվելու։ Ընդամենը 500 կիլոմետր քշելով՝ մոտավորապես 50 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ կոնտեյները տեղափոխելու գինը եթե, ենթադրաբար, 2 հազար ԱՄՆ դոլար է, ճանապարհի կրճատման արդյունքում տեղափոխման արժեքը կդառնա 1500 դոլար: Եվ այդ 500 դոլար ավելացած գումարը թուրք արտադրողը կարող է ներդնել հայկական սուպերմարկետներում` մարքեթինգային քաղաքականության մեջ՝ ուժեղացնելու իր դիրքերը։
«Շատ ավելի մեծ հարված է հայկական արտադրողին տվել այսօրվա դոլարի փոխարժեքը, որի ցածր արժեքը շատ ավելի է իրենց վրա ազդել, քան հայ-թուրքական սահմանի բացումը։ Շատ ձեւական բնույթ է կրելու այդ սահմանի բացվելը: Ի՞նչ պետք է Հայաստան մտնի` ճանապարհը բացելուց հետո, կամ Հայաստանից դուրս գա, որը մինչ այդ չէր մտնում կամ դուրս չէր գալիս։ Ուղղակի 200 կիլոմետր վերեւ էին քշում՝ դուրս էին գալիս այնտեղ, որտեղ որ ուզում էին դուրս գալ։ Մեծ հաշվով, փակ սահման չի էլ եղել՝ եղել են մի քիչ երկար սահմաններ։ Եթե մենք ասենք՝ Հայաստանի ՀՆԱ-ի աճի վրա ինչ-որ շոշափելի ազդեցություն կունենա, նշանակում է չտիրապետել իրավիճակին։ Չկա մի բան, որ Թուրքիայից կսկսի գալ, որ մինչեւ հիմա չէր գալիս։ Իսկ այն ռոմանտիզմը, որ հայկական արտադրանքը կարող է գնալ Թուրքիայի շուկայում վաճառվել, ռոմանտիզմ եմ դա համարում եւ ուզում եմ այդ պնդողին հարց տալ՝ եթե այդքան հույս է դնում այդ շուկայի վրա, ինչո՞ւ մենք ունենք լացակումած իրավիճակ Իրանի դեպքում։ Ինչ է, բացի էլեկտրաէներգիայից, մի քիչ ոչխարից ու պարարտանյութից, գնում են դեպի Իրան՝ ոչինչ, 100 միլիոնանոց շուկայի համար ոչինչ, այնտեղ էլ սահմանը հո բա՞ց է»,- նկատեց Ստեփանյանը։

Թուրքիան 220 միլիարդ ԱՄՆ դոլարի արտահանում ունի, եւ կասկածելի է, որ Հայաստանն այնպիսի արտադրանք կտա, որ կվաճառվի Թուրքիայի խանութներում, որը մինչ այդ չէր վաճառվում։ «Կարող է մի 500 հազար կամ 1 միլիոն դոլարի դեպի Թուրքիա արտահանում ունենանք` պատրաստի արտադրանքի։ Մինչեւ այդ ունեցել ենք շատ քիչ, եղել է հումք՝ կաշի, հում կաշի, կիսահում կաշի, որն այստեղ հայ աշխատողը (արտադրելիս) թունավորվում էր, Թուրքիան մեզնից առնում էր այդ կաշին, կաշվե բաճկոններ էր սարքում, որը տասնապատիկ թանկ մենք առնում էինք։ Ու եթե նույնիսկ 300-400 հազարի ապրանք արտահանվի Թուրքիա, դա մեր 3 միլիարդ արտահանման մեջ կոպեկներ է լինելու։ Դա ավելի շատ սիմվոլիկ բնույթ է կրում, որ ասեն, մենք մեր չորս հարեւաններից երեքի հետ ունենք բաց սահմաններ, իսկ այդ հաշվարկները թող բերի էկոնոմիկայի նախարարությունը, թե ՀՆԱ-ի վրա ազդեցությունն իրենք ոնց են հաշվել։ Կամ էլ թե չէ ինչ-որ տաշած ալմազներ այստեղից կգնա, կամ կիսատաշ, որը, այսպես թե այնպես, լավ էլ գնում է։ Թուրքերին եթե ինչ-որ բան պետք է լինում, իրենք լավ էլ Հայաստանից արտահանում են, միշտ էլ արտահանել են։ Այդ ալմազն այնքան թանկ ապրանք է, որ երկկողմանի 500 կիլոմետր ճանապարհ բացելն ուղղակի ծիծաղելի է, որ կարող է էֆեկտ ունենալ դրա վրա»,- եզրափակեց Ստեփանյանը։
«Էքսպորտ Արմենիայի» համահիմնադիրը կողմ է սահմանների բացմանը, ընդամենը ասում է, որ պետք է օգտագործել դրա ստեղծած հնարավորությունները եւ ռիսկերը կառավարել, եթե հնարավորությունը չօգտագործվի, իսկ ռիսկերը չկառավարվեն, ուրեմն փակ սահմաններով էլ ունակ չես երկիրը կառավարել։

«Ուզում ես բոլոր սահմանները փակիր, մեկ է` չես կարող երկիրը կառավարես, տանես զարգացման ճանապարհով։ Այդ ռիսկերը շատ հաշվելի են, շատ պարզ են, հնարավորություններն էլ՝ հետը։ Մի բանը, որ մեկ օրում կարող է բացվի-փակվի, դրանից պետք չէ ինչ-որ ֆունդամենտալ հարց սարքել, դա գրչի մի որոշումով կարող է փակվել։ Դրա համար եմ ասում, որ սա սիմվոլիկ բնույթ է կրում, որ Թուրքիան ու Հայաստանը բարելավում են իրենց հարաբերությունները։ Ազդեցությունը տեղական է լինելու, ասենք, Արմավիրի մարզը մի քիչ լավ է ապրելու, սակայն պետական մակարդակով տնտեսության մակրո պատկերը նույնն է լինելու»,- շեշտեց նա։