«Լենտչկան» Բալասանյանը պիտի կտրեր, ոչ թե Վարդգեսը․ նա էր «ռիսկի» դիմել

«Լենտչկան» Բալասանյանը պիտի կտրեր, ոչ թե Վարդգեսը․ նա էր «ռիսկի» դիմել

Երեկ Գյումրիում հանդիսավոր բացվեց Գյումրու կամերային երաժշտության դահլիճը։

Սա իրադարձություն էր Հանրապետության երկրորդ քաղաքի համար, քանի որ Գյումրին երբեք կամերային դահլիճ չի ունեցել ։ 

Միջոցառման ներկաները, սակայն, կեսկատակ, կեսլուրջ ասում էին՝ թե «լենտչկան» Սամվել Բալասանյանը պիտի կտրեր, ոչ թե Վարդգեսը, քանի որ նա է «ռիսկի» գնացել եւ պատերազմից հետո քաղաքի աղքատիկ բյուջեից հատկացրել կլորիկ գումար։

«Այս դահլիճի պակասն ուներ մեր քաղաքը, շատ դեպքերում համերգներն ուղղակի չեն կայացել նմանօրինակ դահլիճի բացակայության պատճառով։ Դեռ 2021 թ․-ին տիկին Թովմասյանի առաջարկին պարոն Բալասանյանը տվել էր իր դրական գնահատականը, ավագանին հաստատել էր ու մեկնարկել էին աշխատանքները։ Գործող ավագանու կողմից հաստատվեց նախասրահի վերանորոգման նախաձեռնությունը, հատկացվեց 8 մլն դրամն ու այսօր արդեն ունենք այս հրաշալի դահլիճը։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն անձանց, ովքեր իրենց լուման են ունեցել կարևոր այս ծրագրի իրականացման գործում»,-իր ելույթի խոսքում խոստովանել է նաև   քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը ։ 

Նշենք, որ Գյումրու թիվ 4 երաժշտական դպրոցի դահլիճի վերապրոֆիլավորման նորոգման եւ վերազինման համար համայնքային բյուջեից 3 փուլով հատկացվել է 33 մլն դրամ։ Դահլիճի նորոգման եւ արդիականացման համար նախ հատկացվել է 20 մլն դրամ, այնուհետ 5 մլն դրամ՝ դահլիճի ջեռուցման համակարգի անցկացման համար և արդեն նախասրահի վերանորոգման համար հատկացվել է 8 մլն դրամ։ 

«200-250 աթոռ ունեցող դահլիճն այլևս լավագույն հարթակն է դասական երաժշտության համերգների կազմակերպման համար. ունի ժամանակակից միջավայր, պրոֆեսիոնալ չափանիշներին համապատախան լուծումներ, նվագախմբերի ու երգչախմբերի պահանջներին համապատասխան ընդարձակ բեմահարթակ: Գյումրու կամերային երաժշտության դահլիճը կսպասարկի քաղաքի բոլոր՝ դպրոցական, միջին մասնագիտական, բարձրագույն մասնագիտական կրթության օղակների կարեւորագույն համերգները, կընդունի հայ եւ արտասահմանյան հայտնի երաժիշտների եւ երաժշտական նվագախմբերի, պատշաճ միջավայրում կանցկացնի երաժշտական մասշտաբային փառատոներ, որակական նոր նշաձող կսահմանի քաղաքում դասական երաժշտության համերգների կազմակերպման ոլորտում, կդառնա կարեւոր համագործակցությունների ու փորձի փոխանակման փնտրված հարթակ՝ նոր շունչ բերելով քաղաքի երաժշտական- մշակութային կյանքին»,- վստահ են քաղաքի մշակույթի գործիչները: