«Հրապարակ». Որպես անհատներ կարող են միանալ մեզ, որպես կուսակցություններ՝ չեն կարող

«Հրապարակ». Որպես անհատներ կարող են միանալ մեզ, որպես կուսակցություններ՝ չեն կարող

Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն ու նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը նոր` «Միասին» հասարակական-քաղաքական շարժում են նախաձեռնել, որին մասնակցում էին մի շարք քաղաքական գործիչներ, այդ թվում Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը, ով երկար տարիներ չէր երեւում: Մենք զրուցել ենք նրա հետ:

- Դուք «Միասին» շարժման հիմնադիրներից եք: Ի՞նչ շարժում է սա:

- Շարժման նպատակը Հայաստանում նորմալ, օրինական իշխանություն հաստատելն է, իսկ իշխանափոխությունն ընդամենը միջոց է՝ մեր պետության առջեւ ծառացած բազում խնդիրները լուծելու համար: Ես եւ «Միասին» շարժման մի խումբ համախոհներ միասին փորձել ենք ձեւավորել համահայկական միասնական դաշինք: Բազմաթիվ կուսակցություններ կան` հարյուրից ավելի, այնպես որ, նոր կուսակցություն ստեղծելն անիմաստ է: Եղած քաղաքական ուժերը, որոնք իշխանության մաս չեն կազմում, տնտեասգետներ, քաղաքագետներ, պատմաբաններ, դիվանագետներ, ովքեր ունեն փորձ, չեն թալանել, մաքուր են եղել, կաշառակերությամբ չեն զբաղվել, բոլորը կարող են միանալ մեզ՝ դառնալով համահայկական այս շարժման մի մասը: Անկախ նրանից, թե որտեղ է ապրում հայ մարդը, կարող է միանալ մեզ: Պետք է ոտքի հանել հանրությանը՝ պայմաններ ստեղծելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար:

- Այսինքն` փորձում եք արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրակարգ ձեւավորել:

- Այո, կարող ենք ժամանակավոր կառավարման մոդել ձեւավորել: Հույս ունենք, որ կհամախմբենք մեր ժողովրդին, նրանց ոտքի կհանենք եւ Նիկոլ Փաշինյանին կստիպենք հրաժարական տալ: Իշխանափոխությունն այս բարդ շրջանը փոխելու միջոց է:

- Ի՞նչ եք կարծում` ե՞րբ կհասունանա իշխանափոխության պահանջը, եւ ինչպե՞ս է հնարավոր դրան հասնել:

- Ըստ իս` գարնանը: Գարունն ունի երեք ամիս, թե որ ամսին՝ ասել չեմ կարող:

- «Միասին» հասարակական-քաղաքական շարժմանը մասնակցելու հրավեր ուղարկել էիք նաեւ խորհրդարանական ընդդիմությանը, սակայն նրանցից ոչ ոք ներկա չէ ձեր այս հավաքին: Ինչո՞վ է պայմանավորված նրանց՝ այստեղ չլինելու հանգամանքը:

- Չեմ կարող ասել: Ես՝ ինքս, մի քանիսին հրավիրել էի, սակայն, այո, նրանք այստեղ չեն: Խորհրդարանական ընդդիմությունը եւս պատասխանատու է այսօր տեղի ունեցող գործընթացների համար: ՀՀԿ-ն, Դաշնակցությունը, Ռոբերտ Քոչարյանը, նրանք՝ բոլորը, իշխանություն են եղել, այնպես որ, այս ուժերը եւս պատասխանատու են: Եթե նրանք լավ ղեկավարեին երկիրը, Նիկոլ Փաշինյանի նման մեկն իշխանություն վերցնել չէր կարողանա: Հասարակությունը չուներ ընտրություն, անգամ կապիտուլյացիայից հետո մարդիկ ընտրեցին Նիկոլ Փաշինյանին:

- Եթե առաջիկայում նոր ընտրություններ տեղի ունենան, ո՞ւմ պետք է ընտրի հասարակությունը: Կա՞ այդ նոր ուժը:

- Որեւէ անձի մենք չենք անդրադառնում: Շարժման ընթացքում հասարակության արձագանքից պարզ կդառնա, թե ում են մարդիկ վստահում: Մեր շարժումն անձակենտրոն շարժում չէ: Եթե հիմա ինչ-որ մեկի անունը տանք, կսկսեն փորփրել, անցյալ-ներկա գտնել, գլխին սարքել: Պետք է հասկանալ ժողովրդի վերաբերմունքը: Նայած թե ում կվստահի հասարակությունը:

- Նշում եք, որ կաշառակեր, թալանած անձանց չեք ուզում ձեր շարքերում տեսնել: Նախկին իշխանություններին եք ակնարկում, իսկ գուցե դա՞ է պատճառը, որ նրանցից եւ ոչ մեկը չի եկել միջոցառմանը մասնակցելու:

- Գուցե դա է պատճառը: Նախկին բոլոր իշխանությունների շարքերում` ՀՀԿ-ում, Դաշնակցությունում, ես ունեմ լավ ընկերներ, որոնք իսկապես հայրենասեր մարդիկ են, որպես անհատներ՝ նրանք կարող են միանալ մեզ, բայց որպես կուսակցություն՝ նրանք մեր շարքերում չեն կարող լինել:

- Ասում եք, որ որոշ պատգամավորների հրավիրել եք, սակայն, ինչպես տեսնում ենք, նրանք չեն եկել: Ո՞ւմ եք կոնկրետ հրավիրել:

- Արմեն Ռուստամյանին եմ հրավիրել, հրավիրել եմ Արթուր Ղազինյանին, Աբրահամ Գասպարյանին, չնայած նա պատգամավոր չէ, սակայն որպես գրագետ մարդ՝ հրավիրել եմ: Նա կիրթ է, ես դա գնահատում եմ: Արման Թաթոյանին եմ փորձել հրավիրել, սակայն նրա հետ կապ հաստատել չեմ կարողացել: Չեմ կարող ասել, թե ինչու չեն եկել: Գուցե շատ զբաղված են:

- Ձեր նախկին թիմակիցը` Արամ Զավենի Սարգսյանը` սպարապետի եղբայրը, այսօր, կարելի է ասել, այս իշխանության մասն է դարձել, նրա խոսափողը: Ինչպե՞ս ստացվեց, որ նա Արցախը հանձնած իշխանության մասը դարձավ: Երբեւէ նրա հետ չե՞ք զրուցել այս թեմայով, չե՞ք հարցրել, թե հանուն ինչի դարձավ այդպիսին:

- Արամ Սարգսյանը՝ որպես ընկեր, բարի, մեծահոգի անձնավորություն է, բայց մեր քաղաքական ճանապարհները բաժանվել են: Նա այսօր իշխանության հետ է, չի ընդդիմանում օրվա իշխանությանը, իսկ ես ինձ թունդ ընդդիմադիր եմ համարում: Որպես Վազգեն Սարգսյանի եղբայր, որպես մարդ, որի հետ մի քանի տարվա քաղաքական ճանապարհ եմ անցել, որեւէ խնդիր չկա, սակայն քաղաքական հարթության մեջ մենք տարբեր ուղղություններով գնացինք: