Ընդդիմություն, պատասխանիր Զախարովային

Ընդդիմություն, պատասխանիր Զախարովային

Ժողովուրդ ջան, պատրաստվեք իջնելու, տեղ ենք հասնում… Իմ կողմից շատ հարգված Վահե Հովհաննիսյանը (Այլընտրանքային նախագծեր խումբ) դարակազմիկ քաղաքագիտական հայտնագործություն է կատարել: Նա հիմնավորել է այն թեզը, որ այսուհետ ՌԴ արտգործնախարարության և նրա խոսնակի հայտարարություններին պարտավոր է պատասխանել Հայաստանի ընդդիմությունը: Հովհաննիսյանը դուզ գրել է. «Եթե Հայաստանում լիներ առողջ, հեռանկարային ինստիտոցիոնալ ընդդիմություն, այն այսօր պարտավոր էր պաշտոնապես պատասխանել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչին՝ երեկվա հայտարարության առիթով»: Lո՞ւրջ, Բա Միրզոյան Արոյի գործի անունն ի՞նչ է՝ Վրաստանին շնորհավորելն ու այդ երկրի՝ ԵՄ անդամության թեկնածու դառնալը պատմական իրադարձություն հռչակե՞լը: Առանց այն էլ Հայաստանում ամեն ինչ ընդդիմությունն է անում: Մնացել էր արտգործնախարարի ֆունկցիաներն էլ տայինք ընդդիմությանն ու «վսյո»: Պատերազմը ընդդիմությունը պարտվեց, ընդդիմության պատճառով գերիներ ունենք, տնտեսության զարգացմանն ընդդիմությունն է խոչընդոտում, ընդդիմությունն է արգելակում արդարադատության կայացումը, ընդդիմությունը չի թողնում, որ Նիկոլը նախկինների փողերը վերցնի ու բաժանի ժողովրդին… Մնացել է՝ ընդդիմությունը խառնվի ՀՀ վարչապետ կոչեցյալի վարած կամ չվարած արտաքին քաղաքականությանն ու պըրծ, որ հետո ասեն՝ ամեն ինչ նորմալ էր ընթանում, բայց ընդդիմությունը խառնվեց ու մեզ գցեց ք..ի մեջ: Կներեք, պարոն Հովհաննիսյան, բայց ես՝ ընդդիմադիրս, դրան պատրաստ չեմ:

Իսկ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարություն էր տարածել այն մասին, որ հենց Երևանի մի շարք գործողությունների պատճառով չի հաջողվել լիարժեք իրականացնել եռակողմ պայմանավորվածությունները։ Խոսքը 2020թ. նոյեմբերի 9-ի Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան եռակողմ պայմանավորվածությունների մասին է, որոնք ձեռք էին բերվել ինչպես կրակի դադարեցման, այնպես էլ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները կարգավորելու նպատակով: Զախարովան մասնավորապես ընդգծել է. «Չենք կարող չնշել Երևանի մի շարք գործողություններ, որոնց պատճառով այդպես էլ չհաջողվեց լիարժեք իրականացնել եռակողմ պայմանավորվածությունները։ Մենք արդեն նշել ենք այդ կետերը։ Խոսքն այն մասին է, որ հայկական կողմը 2022թ. հոկտեմբերին Պրահայում ԵՄ հովանու ներքո անցկացվող գագաթնաժողովում 180 աստիճանով փոխեց իր դիրքորոշումը Ղարաբաղի վերաբերյալ՝ ճանաչելով դրա պատկանելությունը Ադրբեջանին: Ընդ որում, Եվրամիության խորհրդատուների հուշումով, մոռանալով գոնե հիշատակել տվյալ տարածաշրջանի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը պատշաճ կերպով ապահովելու անհրաժեշտության մասին»։ Հիմա ես ի՞նչ պատասխանեմ տիկին Զախարովային, պարոն Հովհաննիսյան, ասեմ՝ ո՞չ, ամեն ինչ այլ կե՞րպ է եղել: Ես անձամբ Պրահայում չեմ եղել, բանակցություններին չեմ մասնակցել: Նիկոլն է մասնակցել, Միրզոյան Արոն է մասնակցել… Ինչո՞ւ պետք է ես հերքեմ Զախարովայի ասածները: 

Վահե Հովհաննիսյանը նաև նշում է, որ Զախարովայի հայտարարության մեջ կան կիսաճշմարտություններ: Եթե ես մի քիչ զոռ տամ երևակայությանս, հարգելի Վահե, կկարողանամ ձեր ոճով քննադատել Հռոմի պապին, բայց ոչ երբեք Զախարովային, որ խոսել է Նիկոլի նման երևույթի ու նրա վարած կամ չվարած արտաքին քաղաքականության մասին: Ահավասիկ Զախարովան հայտարարում է. «Հանուն ԵՄ առաքելությանը երկիր հրավիրելու, հայկական կողմը հրաժարվել է սահմանային գոտիներում իրավիճակի կայունացմանն ուղղված ՀԱՊԿ մեխանիզմներից»: Ես սրա ի՞նչը հերքեմ, Հայաստան բերված ԵՄ առաքելությո՞ւնը չեմ տեսել, թե՞ ՀԱՊԿ-ի մեխանիզմներից Նիկոլի հրաժարվելը:

Ընդդիմությանը Զախարովային պատասխանելու հանձնարարական տալով՝ Վահե Հովհաննիսյանը նշում է պետության շահը, որն, անշուշտ, ծանրակշիռ պատճառ է, որի համար կարելի է նաև կյանքը տալ: Լավ կլիներ, սակայն, որ պարոն Հովհաննիսյանը նշեր, թե ինչպե՞ս պետք է վարվել այն իշխանության հետ, որ երկրում ամեն ինչ զավթել ու անշեղորեն ընթանում է պետության շահին հակառակ: «Պետության շահն է պահանջում, որ հենց ընդդիմությո´ւնը պատասխաներ (Զախարովային, խմբ,), որպեսզի Ռուսաստանում ֆիքսեին, որ Հայաստանը միայն օրվա արկածախնդիր իշխանությունը չէ, այլ՝ տարբերվող օրակարգով ու տեսակետներով ընդդիմություն»։ Պարոն Հովհաննիսյան, «սենց» հաստատ մի ասեք, թե Մոսկվան Հայաստանի ընդդիմությունից իսկույն կվախենա: Վստահ եմ, ընդդիմությանը կասեն՝ ձեր գործով զբաղվեք, դուք իսկի չեք կարողանում մի արկածախնդիրի վռնդել կառավարությունից:

Վահե Հովհաննիսյանի գրության մեջ, սակայն, ես մի ուշագրավ միտք որսացի, որի հետ լիովին համաձայն եմ. նրանք, որ իսկապես կողմ են հայ-ռուսական առողջ, դաշնակցային հարաբերություններին, պարտավոր են գործել, որպեսզի հայ հասարակության մեջ չաճեն հակառուսական տրամադրությունները։ Ասեմ, որ այդ մարդիկ, լինելով ընդդիմություն, աշխատում են, աշխատում են բոլոր ուղղություններով, այդ թվում նաև արևմտյան, որպեսզի Հայաստան չներմուծվեն ամենաանառողջ ու մեր քաղաքական ապագայի հետ որևէ կապ չունեցող հիմարություններ: