Ուրանի միջազգային շուկայում կարող է քաոս սկսվել 

Ուրանի միջազգային շուկայում կարող է քաոս սկսվել 

Ռուսական ուրանային արտադրանք արտահանող ընկերությունը տեղեկացրել է ԱՄՆ-ում եղած հաճախորդներին, որ հնարավոր է միջուկային վառելիքի արտահանումը Միացյալ Նահանգներ ՌԴ-ում արգելվի, ի պատասխան ԱՄՆ իշխանությունների կողմից դեկտեմբերի 11-ին ընդունած նմանատիպ օրենքի։ Այս մասին գրում է Bloomberg պարբերականը։ Ռուսական ընկերությունը նշել է, որ Միացյալ Նահանգներում գործող հաճախորդները պետք է արդեն այժմվանից նման հնարավոր զարգացմանը պատրաստ լինեն։

Նշենք, որ ամերիկյան համանման օրենքը գործելու է 2028-2040 թվականների համար։ Ամերիկյան պարբերականը գրում է, որ եթե նման բան լինի, ապա ուրանի միջազգային շուկաներում կսկսվի քաոս, ինչը կհանգեցնի միջուկային ռեակտորների համար անհրաժեշտ վառելիքի կտրուկ գնաճի։ Դա էլ շատ լուրջ խնդիրներ կառաջացնի հատկապես ոչ մեծ էներգետիկ ընկերությունների համար։

Նշենք, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն արդեն ընդունել է ռուսական հարստացված ուրանի ներկրումն արգելող օրենքը, սակայն Սենատում արագ ընթացակարգով անցկացնելու հարցը արգելափակվել է, թեեւ կա մտավախություն, որ ունենալով լայն քաղաքական աջակցություն, այն կարող է վերստին ասպարեզ բերվել։ Նշենք, որ Ռուսաստանը ԱՄՆ-ին ուրան մատակարարող թիվ մեկ երկիրն է։