Եթե այս ամենի համար կան մի քանի մեղավորներ, Փաշինյանն առաջիններից է

Եթե այս ամենի համար կան մի քանի մեղավորներ, Փաշինյանն առաջիններից է

«Հրապարակի» զրուցակիցն ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն է։


- Չնայած երկրում պատերազմական դրությանն ու այն հանգամանքին, որ ընդդիմադիր կուսակցությունները կոչով հանդես եկան, այնուամենայնիվ, Գագիկ Ծառուկյանը մնաց կալանքի տակ։ Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ դատարանը նման որոշում կայացրեց։

- Ամենաառաջինը՝ խնդիրն ունի իրավական բնույթ, այդպիսի հոդվածով Քրեական օրենսգրքի պատմության մեջ որեւէ մեկը նախնական կալանքի չի վերցվել։ Այսինքն՝ ապացույց չկա, որ Ծառուկյանը կապ ունի որեւէ ընտրակաշառքի հետ, ոչ էլ միջին ծանրության հանցագործության համար որեւէ մեկը կալանքի է վերցվել։ Սա մեզ համար հիմք է հանդիսանում պնդելու, որ սա քաղաքական հետապնդում է։ Մենք սպասում էինք, որ գոնե այս պայմաններում, երբ Ծառուկյանի ազատությունը կարող էր բազմաթիվ առումներով օգտակար լինել մեր բանակին․․․, բայց մարդիկ հաստատակամ են իրենց հետապնդման մեջ եւ դրա համար էլ չթողեցին, որ Ծառուկյանն ազատության մեջ հայտնվի։ Ակնհայտ քաղաքական հետապնդում է, այստեղ երկրորդ կարծիք չկա։ Երբ դատավարությունն ընթանում է օրենքի նորմերի, այսպես ասած, աննշան խախտումներով, այդ ժամանակ մենք ձեռնպահ ենք մնում ասել, որ կա քաղաքական հետապնդում, բայց երբ բացահայտորեն են խախտում օրենքի դրույթները, եւ բացահայտ շեղում կա դատական պրակտիկայից, այստեղ մենք լիարժեք հիմք ունենք պնդելու, որ, այո, Ծառուկյանի նկատմամբ իրականացվում է պարտադրված քաղաքական հետապնդում, ինչի հիմք են հանդիսացել Ծառուկյանի՝ հունիսի 5-ին քաղաքական խորհրդի նիստի ընթացքում հնչեցրած այն մտավախությունները, որոնք իսկապես հիմնավոր են եւ սպառնում են մեր պետականությանը, մեր բարգավաճմանն ու զարգացմանը։ Այդքան փոքրոգի չի կարելի լինել, որ այն էլ այս պայմաններում, որ իրենք էլ են վստահ, որ Ծառուկյանի ազատությունը մեծապես կարող էր օգնել այսօրվա իրավիճակին, անգամ այս պայմաններում այնքան փոքրոգի են, որ շարունակեցին ցուցումը տալ, որ ինքը մնա անազատության մեջ։ Սա ակնհայտ ցուցում էր, որովհետեւ դատական պրակտիկայում երբեւէ նման դեպք չի եղել, որ այս հոդվածով մարդու նկատմամբ, որպես խափանման միջոց, կալանքն ընտրեն։ Նա, 4 ամիս մնալով ազատության մեջ, որեւէ վկայի վրա ներգործելու, որեւէ մեկին ցուցմունք տալու կամ չտալու նախաձեռնություններ չի դրսեւորել, նման ակտիվություն հանդես չի բերել, չի խոչընդոտել գործի բացահայտմանը, գործի հանգամանքներին, հետեւաբար, բացարձակապես հիմնազուրկ է նրա նկատմամաբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու որոշումը, դրա համար էլ մենք հիմքեր ունենք աներկբայորեն պնդելու, որ սա քաղաքական հետապնդում է։ Բայց ամեն ինչ ունի իր ավարտը, բոլոր գիշերներն էլ ավարտվում են առավոտներով։

- Պատերազմական դրության ընթացքում Գագիկ Ծառուկյանն իշխանությունների հետ կապվե՞լ է, փորձե՞լ է իր օգնությունն առաջարկել։

- Ծառուկյանը գտնվում է ԱԱԾ մեկուսարանում, ինչպե՞ս կարող է կապ հաստատել իշխանության հետ։ Ծառուկյանը կապ չի հաստատել, բայց մենք՝ պատգամավորներս, տարբեր ակցիաներով փորձել ենք աջակցել, անգամ պատգամավորներով ուզում էինք ջոկատ կազմել եւ գնալ առաջնագիծ, բայց մեզ ասացին, որ այնտեղ զրահատեխնիկայի կռիվ է, ոչ թե ինքնաձիգի։ Մեզ ասացին, որ մենք ավելի շատ իրենց համար կարող ենք գլխացավանք առաջացնել, քան օգտակար լինել, դրա համար մենք հրաժարվեցինք։ Մեր առանձին պատգամավորներ օգնություն են տարել Արցախ․ դա կարող եք ցանկացած աղբյուրով ստուգել, այդ տեղեկատվությունը 100 տոկոսով համապատասխանում է իրականությանը։ Մենք ամբողջ խմբակցությամբ մեր աշխատավարձերը զիջել ենք այն ֆոնդին, որտեղից պետք է սնվի բանակը։ Գագիկ Ծառուկյանը մի օրում, ես դա անձամբ եմ տեսել, Արցախում մի զինվորական մասի անցյալ տարի՝ փետրվար ամսին, 12 միլիոն դրամի օգնություն տրամադրեց։ Կամ՝ այդ ի՞նչ արարք է մեղսագրվում Ծառուկյանին, որ իրեն պետք է անպայման այս օրերին կալանքի տակ թողնեն։ Ես լիահույս էի, որ վերաքննիչ դատարանը կուղղի ընդհանուր իրավասության դատարանի սխալը, բայց, փաստորեն, չուղղեց։ Այնուամենայնիվ, ոչինչ դեռ կորած չէ, ամենահետաքրքիր զարգացումները դեռ առջեւում են։

- Պատերազմը դեռ շարունակվում է, սակայն վարչապետն ու իշխանական պատգամավորները գրառումներ են անում ինչ-որ դավաճանների մասին։ Ձեր կարծիքով՝ կա՞ն նման դավաճաններ։

- Ճիշտն ասած՝ ես չեմ ծանոթացել հայտարարությանը, բայց ֆեյսբուքյան գրառումներից հասկացա, որ այդպիսի ինչ-որ մեղադրանք է հնչեցվել։ Գիտեք ինչ՝ իրեն մեղադրել չի կարելի, որովհետեւ ինքն ընդհանրապես հեռու է ռազմական գործից եւ ընդհանրապես հեռու է պետական կառավարումից։ Եթե ԱԱԾ-ն ցուցում է տալիս, հորդոր է իջեցնում, խնդրում-ասում է, որ ոչ մի զինվորի հետ մի կապվեք, տվյալներ մի փոխանակեք, վարչապետն իրեն գովազդելու համար, բանուգործը թողած, զանգում է զինվորին՝ որտե՞ղ եք, քանի՞ հոգի եք էդտեղ եւ այլն։ Սա նշանակում է, որ մարդն ընդհանրապես կապ չունի ռազմական գործի հետ, նա ընդհանրապես պետական կառավարման գործի հետ կապ չունի։ Նա եղել է շատ լավ ընդդիմադիր քաղաքական գործիչ, դա չի կարելի հերքել, բայց նա պետական կառավարման հետ ընդհանրապես կապ չունի, եւ ինչքան արագ ինքը հեռանա այդ կարգավիճակից, այնքան մեր երկրի գործերն ավելի լավ կլինեն։ Ինքը բոլոր հարեւանների հետ փչացրեց մեր բարիդրացիական հարաբերությունները, եւ ես բոլոր հիմքերն ունեմ, սա իմ անձնական կարծիքն է, որ եթե այսօրվա այս ամեն ինչի մեջ կան մի քանի մեղավորներ, ապա հաստատ առաջիններից մեկն ինքն է, որովհետեւ իր անհեռատես քաղաքականության արդյունքում առաջացավ այս ամենը։ Պատմությունն ու ժամանակը կգնահատեն իր ներդրումը պետականաշինության գործում։

- Երեկ աշխատանքից ազատվեց ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանը, Ձեր կարծիքով՝ ո՞րն է պատճառը, եւ ինչո՞ւ հիմա։

- Ես այստեղ էլ եմ անլրջություն տեսնում։ Հասկանում եք՝ չի կարելի 2 տարվա մեջ ԱԱԾ 3 տնօրեն փոխել, սա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանն ընդհանրապես չի պատերացնում ազգային անվտանգության էությունը, բովանդակությունը, խնդիրները, դրա համար էլ դա իր համար դարձել է սովորական բան։ 2 տարվա մեջ, այն էլ պատերազմող երկիրը՝ իրավունք չունի ԱԱԾ 3 տնօրեն փոխել, որովհետեւ ամեն տնօրեն ունի որոշակի ինֆորմացիա, որն ինքն իր հետ դուրս է հանում այդ հիմնարկից, եւ չի կարելի այս պայմաններում․․․ չեմ ուզում վիրավորական արտահայտություն անել, չունեմ նման իրավունք, բայց, կարծես թե, տնօրեններին սարքել է մեկանգամյա օգտագործման ենթակա ափսե կամ բաժակ։ Այդպիսի անլուրջ վերաբերմունք չի կարելի ունենալ երկրի ազգային անվտանգության նկատմամբ։ Արդեն իսկ նախկին ԱԱԾ տնօրենին դասավանդել եմ, նորմալ վարքագիծ ունեցող ուսանող է եղել, վատ բան չեմ կարող ասել, հիմա թե կոնկրետ ինչն է հանդիսացել պատճառ, դա էլ չեմ կարող ասել, բայց, այնուամենայնիվ, սա էլ չեմ կարող չասել․ ուրեմն ինքը չի կարողանում ընտրել մի մարդու, որը կարողանա տեւական ժամանակ բարձր պահել ազգային անվտանգության հիմքերը, դրա համար էլ հաճախ փոփոխություններ է կատարում։ Իհարկե, անձնապես որեւէ տնօրենի վերաբերյալ բացասական կարծիք չունեմ, մեծ հարգանք ունեմ Արթուր Վանեցյանի նկատմամբ, նրան փոխարինած մյուս տնօրենի նկատմամբ եւ նաեւ Արգիշտի Քյարամյանի նկատմամբ, այսինքն՝ ոչ թե այս մարդիկ կոմպետենտ չեն, այլ ինքը, հավանաբար, այնպիսի պահանջներ է ներկայացնում, որոնք անընդունելի են ԱԱԾ ծառայողի հոգեբանության, մտածողության, այդ հիմնարկի խնդիրների համար, դրա համար էլ իր ձեռը ոչ ոք չի դիմանում։ Ճիշտ կլինի, որ ԱԱԾ-ն վարչապետի անմիջական ենթակայությունից դուրս բերվի, որովհետեւ, փաստորեն, Նիկոլ Փաշինյանն ապացուցում է, որ իր հետ հնարավոր չէ աշխատել։ Դուք չզարմանաք, որ վաղը հանկարծ հրաժարական տա, օրինակ, ԱԺ նախագահը կամ մի քանի նախարարներ, որովհետեւ այդպիսի մարդու հետ հնարավոր չէ աշխատել։