Ռումբեր եւ հույսեր. բարձրաստիճան հանդիպումները՝ որպես անվտանգության երաշխիք

Ռումբեր եւ հույսեր. բարձրաստիճան հանդիպումները՝ որպես անվտանգության երաշխիք

Որքան ավելի դաժան են ռմբակոծությունները, այնքան ավելի համառ է մարդկանց գլխավերեւում շրջում խաղաղության ուրվականը, ու ավելի մեծ է դառնում խաղաղության հույսը: Երեկ առավոտյան, երբ ազերիները ռմբակոծեցին Շուշվա Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին, թվում էր, թե այն վերջնականապես մարեց: Ցերեկը սկսվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպումը, եւ հույսը կրկին արթնացավ: Հանդիպումը փակ էր, գաղտնի վայրում: Հայաստանի ներկայացուցչի հետ կխոսեն Մոսկվայում՝ հոկտեմբերի 12-ին: 

Ռուսական հայտնի կայքերից մեկը՝ EADaily-ն, երեկ կեսօրից հետո վկայակոչելով ՀՀ կառավարական իր աղբյուրներին, գրել էր, որ ժամը 18։00-ին մարտական գործողությունները ղարաբաղյան հակամարտության գոտում կդադարեն՝ ԵԱՀԿ համանախագահների միջնորդությամբ ընթացող բանակցությունները հաջողությամբ են պսակվել: Լուրը կայծակնային արագությամբ տարածվեց: Պաշտպանության բանակը հերքեց այն. «Հայկական եւ օտարերկրյա զանգվածային լրատվամիջոցներում տարածվող տեղեկատվությունն առ այն, որ կողմերի միջեւ ձեռք է բերվել հստակ պայմանավորվածություն հոկտեմբերի 8-ին կրակի դադարեցման վերաբերյալ, իրականությանը չի համապատասխանում»: Եվ երկու ժամ անց՝ երեկոյան 17։30-ին մոտ, Շուշվա եկեղեցին երկրորդ անգամ ռմբակոծվեց:

«Մեր սրբություններն են այդ պատերազմի բուն նպատակը»,- ասաց Շուշի քաղաքից Հայաստան տեղափոխված աղջիկը, որն արդեն մեկ շաբաթ է՝ համացանցից է տեղեկանում, թե ինչ է կատարվում իր հարազատ քաղաքում: 

Իսկ երեկոյան 7-ին մոտ խոսել է ՌԴ արտաքին գերատեսչության մամլո խոսնակ Մարիա Զախարովան: «Ինտերֆաքսի» փոխանցմամբ, նա ասել է, որ Ռուսաստանը բանակցում է Հայաստանի եւ Ադրբեջանի հետ՝ երկու երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումը Մոսկվայում կազմակերպելու համար: Հավանաբար, ռուսներն ունեն արդեն ինչ-որ տեսլական: Բայց առաջին հարցն այսօր կրակի դադարեցումն է, որն առաջին հերթին է բոլորին հետաքրքրում: Թե ինչ գնով՝ բանակցային երկրորդ հարցն է լինելու, իսկ առջեւում մի նոր գիշեր է, նոր հույս, որ այն խաղաղ է լինելու: Այսօր ԵԱՏՄ երկրների վարչապետերը գալիս են Հայաստան՝ մասնակցելու միջկառավարական խորհրդի նիստին:

Նրանց թվում չի լինելու Ղրղզստանի վարչապետ Ղուբաթբեկ Բորոնովը, որն ընդդիմադիր ուժերի պահանջով երկու օր առաջ հրաժարական է տվել: Հնարավո՞ր է, որ նիստը չկայանա Ղրղզստանի վարչապետի բացակայության պատճառով: «Հանդիպումն իր օրակարգի շուրջ ընթանալու է: Միջկառավարական խորհրդի նիստը կայանալու է»,- հայտնում է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը: «Կլինի ուղղակի նիստ, բայց որոշում չի լինի»,- ասում է դիվանագիտական աղբյուրը: «Ավելի հետաքրքիր: Ուրեմն, ԵԱՏՄ նիստը վերածվում է Հայաստանին օժանդակության ակցիայի»,- ասում է քաղաքագետ Աղասի Ենոքյանը: Հայաստանցիների համար այս օրերի բոլոր բարձրաստիճան հանդիպումները յուրօրինակ օժանդակության ակցիաներ են՝ հոկտեմբերի 8-ի Ժնեւը, 9-ի՝ ԵԱՏՄ վարչապետերի հավաքը, 12-ի՝ Մոսկվան կամ, ավելի ստույգ՝ կրակի դադարեցման երաշխիքներ են, որ գոնե մի քանի օր նոր զոհեր երկու կողմերից էլ չեն լինի: