Ոչ թե հարստության դեմ, այլ աղքատության վերացման համար

Ոչ թե հարստության դեմ, այլ աղքատության վերացման համար

Ցանկացած պետության նպատակը, անշուշտ, ներհասարակական համերաշխության ու բարեկեցության ապահովումն է: Իհարկե, այդ համերաշխությունն ու բարեկեցությունը չեն կարող գալ երկրի սահմանների անձեռնմխելիությունը զիջելով, սեփական ինքնությունից ու արժանապատվությունից հրաժարվելով, եւ, վերջապես, դրանք չեն գա նաեւ «հարստության» դեմ պայքարելով: Ճիշտ հակառակը, դրանք կգան, երբ այս երկրում սովորած կլինեն պայքարել երկրի ցանկացած թիզ հողի, ինքնության յուրաքանչյուր շտրիխի համար, երբ այս երկրում սովորած կլինեն ոչ թե հարստության դեմ, այլ «աղքատության» վերացման համար պայքարել:

Որքան էլ օրվա իշխանությունները խոսեն «հարստության» դեմ պայքարելով երկրում սոցիալական արդարություն հաստատելու իրենց վճռականության մասին, միեւնույն է, իրենց այդ խոսքերն ու ձեւակերպումները պոպուլիստական են լինելու այնքան ժամանակ, որքան ժամանակ որ նրանց գործողությունների հիմքում ոչ թե «աղքատության» վերացման, այլ «հարստության» դեմ պայքարի մոտիվացիան է լինելու:

Այդ խոսքերի մանիպուլյատիվ բնույթը կդրսեւորվի ամեն տեղ ու ամեն քայլափոխի: Այն առավել վտանգավոր կդառնա, երբ հասարակությունը կբաժանի իրար ատող բազմաթիվ բեւեռների: Կբաժանի, որովհետեւ սոցիալական արդարության վերականգնման համար մղվող ցանկացած պայքար, եթե նրա հիմքում արդյունաբերությունն ու ապրանք արտադրելը չեն, ի վերջո, հանգեցնելու են նրան, որ երկրի տնտեսական կյանքի ամենակարեւոր գործընթացը «հարստության վերաբաշխման» գործընթացն է դառնալու: Իսկ դա արդեն հասարակության ատոմացում, նրան բազմաթիվ մասերի բաժանել է նշանակում: Այն հասարակության մեջ անջրպետներ գծելուց եւ այդ անջրպետները խորացնելուց բացի, կդեգրադացնի նաեւ երկրի զարգացման բնականոն գործընթացը: Կդեգրադացնի, որովհետեւ մնալով «երկրում խլելով սոցիալական արդարություն ենք հաստատում»-ի տրամաբանության շրջանակներում, այն, ի վերջո, կկորցնի իր մասսայականությունն ու ներառականությունը: Իսկ կկորցնի, որովհետեւ ի սկզբանե իր վրա կրելով «անիրականանալի լինելու» դրոշմը, այն մի ինչ-որ պահից սկսած՝ կմսխի երկրի զարգացման մոտիվացիա դառնալու իր հնարավորությունը:

Նայեք մարդկության պատմությունն ու կտեսնեք, որ ոչ մի հասարակարգում, առավել եւս ոչ մի երկրում դեռեւս չի հաջողվել խլելով «սոցիալական արդարություն» հաստատել: Չի հաջողվել, որովհետեւ սոցիալական արդարությունը խլելով չի լինում, որովհետեւ սոցիալական արդարությունը միայն հասարակության սոցիալական պաշտպանվածության մակարդակի մեծացումով է գալու: Իսկ այդ մեծացումն ավելի իրատեսական ու իրականանալի մոտեցում է դառնում ոչ թե հարուստներից խլելով, այլ «ավելի շատ ապրանք արտադրելով» ու այդ արտադրանքից ստացված շահույթը հասարակական բոլոր խավերի համար ավելի հասանելի դարձնելով:

Եվ եթե Հայաստանի օրվա իշխանություններն իրոք ուզում են հասնել մի այնպիսի հանգրվանի, որ այս երկիրն ու նրա հասարակությունը հավատան, որ այս պետությունում սոցիալական արդարությունը պաշտպանված է, ապա պետք է ոչ թե պայքարեն «հարստության» դեմ, այլ աշխատեն այնպես անել, որ երկրում կուտակված «հարստությունն» աշխատի երկրի համար՝ ծառայի նրա հզորացմանն ու բարգավաճմանը, որ այն չլինի շահագործման միջոց, այլ դառնա հզոր պետություն եւ արժանապատիվ հասարակություն կառուցելու ամենակարեւոր գործիքը:
Պետության այդ աշխատանքը պետք է դրսեւորվի երկրին անհրաժեշտ գործարանները վերագործարկող եւ նորերը հիմնող «հարստությանն» աջակցելու ձեւով: Այն պետք է դրսեւորվի երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտներում աշխատող «հարստության» համար արտոնություններ սահմանելով՝ նրա գործընկերն ու նրա հետ համագործակցողը դառնալով: Եվ եթե այս երկրում կա «հարստության» մի ձեւ, որի դեմ պետք է պայքարի պետությունը, ապա դա այս երկրի այսօրվա հզորության ու բարօրության համար չաշխատող «հարստությունը» պետք է լինի:

Գալուստ ՍԱՐԳՍՅԱՆ