Վարչապետի թափանցիկն է լավը

Վարչապետի թափանցիկն է լավը

Վերջին շրջանում, հատկապես Սանկտ Պետերբուրգից հետո, Փաշինյանի կողմից վարվող արտաքին քաղաքականությունը, չնայած նրա անձնական իմիջում կատարված անհասկանալի փոփոխություններին (օրինակ՝ կեպին), կարելի է գնահատել խիստ թափանցիկ, այնքան թափանցիկ, որ նայում ես ու ոչինչ չես տեսնում, թվում է՝ ոչ մի արտաքին քաղաքականություն էլ չկա: Ընդհուպ հարց է առաջանում՝ Փաշինյանն արտաքին քաղաքականությամբ չի՞ զբաղվում այլեւս: Իսկ ո՞վ է նրա փոխարեն զբաղվում ռեալ արտաքին քաղաքականությամբ: Արարատ Միրզոյա՞նը: Միրզոյանն ընդհանրապես չկա ասպարեզում: Գուցե վերջինիս տեղակալնե՞րը: Իսկ դուք փոխարտգործնախարարների անուններ գիտե՞ք: Ես չգիտեմ: Նույնիսկ վատ եմ զգում, որ ոչ մեկին չգիտեմ, բայց սա է ողջ ճշմարտությունը:

Հիմա կարող են դեմքի լուրջ արտահայտությամբ որոշ քեռիներ առաջ գալ ու շշուկով, որ ոչ ոք չլսի, ինձ հասկացնել, որ արտաքին քաղաքականություն վարվում է, լուրջ աշխատանք է կատարվում: Շատ բարի, իսկ ո՞վ է վարում այդ քաղաքականությունը, որտե՞ղ, օրվա ո՞ր ժամերին: Նիկոլ Փաշինյանը, որքան հասկացանք, թեւակոխել է նախընտրական փուլ՝ ինքնաքարոզչություն է անում, կառավարության մյուս անդամները հիմարություններ դուրս տալով են զբաղված, Արարատ Միրզոյանն ընդհանրապես չկա: Սահմանագծման, սահմանազատման, ճանապարհների ապաշրջափակման աշխատանքները ո՞ր փուլում են, հայկական գնացքներն արդեն Բաքվով սլանո՞ւմ են դեպի աշխարհի չորս կողմերը, թուրքական բեռնատարները ճեղքո՞ւմ են հայկական լեռնանցքները: Ի՞նչ է կատարվում վերջապես, խաղաղության թուղթն ստորագրելուն մո՞տ ենք, թե՞ նոր առաջարկներ կան Բաքվից: Մեր արտաքին քաղաքականության մեջ այսպիսի անդորր կար մեկ էլ 20 թվի սեպտեմբերի 27-ի գիշերը: Միայն Նիկոլը գիտեր, որ Ադրբեջանը հարձակվելու է, եւ այդ մասին լռում էր: Հիմա՞ ինչու է լռում, էլի ինչ-որ բա՞ն գիտի, որ մենք չգիտենք:
Ողորմելիների այս կառավարությունն Արցախը բախտի քմահաճույքին թողնելուց հետո հայտարարում էր, որ պայքարելու է արցախցիների՝ իրենց երկրում ապրելու եւ արարելու իրավունքների համար: Արցախի հայաթափումից հետո լռվել՝ մնացել են: Նախագահական ընտրությունների համար Ադրբեջանն ընտրատեղամասեր է բացել Արցախում: Ովքե՞ր են ընտրելու այդ ընտրատեղամասերում, ինչո՞ւ ՀՀ իշխանությունները չեն դիմում միջազգային կազմակերպություններին, աղմուկ չեն բարձրացնում այս կապակցությամբ, միջազգային դիտորդներ չեն հրավիրում, ինչո՞ւ են լռում: Ի վերջո՝ լուծարվել է Արցախի Հանրապետությունը, Արցախի ժողովուրդն էլ հո չի՞ լուծարվել:

Պահանջեք, որ թույլ տան միջազգային երաշխիքների ներքո մարդիկ գնան եւ իրենց ընտրությունը կատարեն Արցախում, եթե Ադրբեջանը համարում է, որ նրանք իր քաղաքացիներն են: Զրո վերաբերմունք… Բասկետբոլի վահանակն ավելի կարեւոր է, լոգարանի ցնցուղը՝ ավելի անհետաձգելի, զուգարանի թափանցիկ ապակին՝ ավելի մեծ մարտահրավեր: Մարզպետների մասին էլ չեմ խոսում՝ նրանք այսօր երկրի թիվ մեկ թշնամին են, ազատում ենք աշխատանքից: Իսկ ինչո՞ւ դատի չեք տալիս, որ գոնե մտածենք՝ գլխարկ դրել՝ լուրջ գործով եք զբաղված:
Երբվանի՞ց ենք ասում, որ Հայաստանն այլեւս քաղաքական սուբյեկտ չէ, որ Հայաստանի հարցերը նրա փոխարեն ուրիշներն են լուծում՝ ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Թուրքիան, Ադրբեջանը…: Այսօր դա առավել քան ակնհայտ է:

Հայաստանում արտաքին քաղաքականությանը միտված բոլոր պրոցեսներն են կանգնել: Նույնիսկ Փաշինյանի այցը Սանկտ Պետերբուրգ շատ մեծ վերապահումներով կարելի է քաղաքական գործընթացի մաս համարել: Նրա ո՛չ գնալով, ո՛չ էլ չգնալով ոչինչ չէր փոխվելու Հայաստանի կյանքում: Փաշինյանի լուսանկարների ալբոմը մի քանի նկարով ավելացավ, եւ միայն այդքանը: Ո՛չ Հայաստան եկող կա, ո՛չ Հայաստանից գնացող: Ու թե մի «փախած» օտարերկրացի էլ երեւում է, տանում են Նիկոլի մոտ, մեծարում, այդ ամենը որպես կարեւոր հանդիպում ներկայացնում, բայց հետո մոռանում այդ հանդիպումն էլ, այդ մարդուն էլ: Զրո արդյունք, զրո հետեւանք, զրո քաղաքականություն:
Ե՞րբ ուրիշները դարձյալ կհետաքրքրվեն մեզնով: Նույնիսկ դա Հայաստանից կախված չէ: Դա տեղի կունենա մեկ էլ այն ժամանակ, երբ Ռուսաստանում եւ ԱՄՆ-ում ավարտվեն նախագահական ընտրությունները, երբ Ուկրաինայի իրավիճակում ինչ-որ հստակություն մտցվի, երբ իսրայելապաղեստինյան զինված կոնֆլիկտը դադարի, երբ Ռուսաստանին եւ Իրանին հաջողվի արաբական նավթարդյունահանող երկրներին իրենց կողմը գրավել, երբ, չգիտեմ, Չինաստանին հաջողվի վերջնականապես լուծել Թայվանի հարցը, երբ Հնդկաստանը խաղաղեցնի Փանջաբը, երբ Ճապոնիան ու Ռուսաստանը վերջապես խաղաղության պայմանագիր կնքեն… Մի կողմից, իհարկե, լավ է, որ առաջիկայում մեզնով զբաղվող չի լինելու, բայց մյուս կողմից էլ սա վիճակ չէ, որովհետեւ աշխարհը կարող է մեզ՝ մեր պրոբլեմներով,  ընդհանրապես մոռանալ: Մի օր էլ կարթնանան աշխարհում, ու կտեսնեն, որ Հայաստան պետություն չկա, թուրքերն աննկատ կուլ են տվել ու ողջ Հայաստանի տարածքում իրենց ընտրատեղամասերը բացել: Ահա այս աստիճանի թափանցիկ է Նիկոլ Փաշինյանի վարած արտաքին քաղաքականությունը: