Փաշինյանը` իդեալական ստրուկի որոնումների մեջ

Փաշինյանը` իդեալական ստրուկի որոնումների մեջ

Ո՞րն է Նիկոլ Փաշինյանի եւ նրա կողմից նշանակվող ու ազատվող չինովնիկների անհամատեղելիության պատճառը. ի՞նչ է ուզում Փաշինյանն այդ չինովնիկներից, եւ ինչո՞ւ նրանք չեն բավարարում նրա սպասելիքները: Փաշինյանը, իբրեւ թե, ուզում է, որ նրանք լավ կատարեն իրենց վստահված աշխատանքը եւ չգողանան: Ասում է, չէ՞, որ ինքը նրանցից ատկատ չի ուզում տենդերներում հաղթելու համար, եթե ինքն ատկատ չի ուզում, իսկ շինարարներն անորակ են կառուցում, որակյալ ապրանքի փոխարեն անորակ ապրանքներ են գնում, ուրեմն ինչ-որ մեկը դրա վրա փող է աշխատում` Քաղաքաշինության կոմիտեի նախագահը, մարզպետները, ովքեր անմիջականորեն զբաղվում են այդ մրցույթները կազմակերպելով եւ հաղթողներին որոշելով: Գուցե Փաշինյանին գրգռում է այն միտքը, որ իր ենթակաները գողանում են, իսկ ինքը դրանից փայ չունի՞, գուցե նաեւ այն պատճառով, որ փայ չի պահանջում, այլապես պատրաստ են իր հետ գողոնը կիսել: Բայց այս պաշտոնյաներն էլ իրենց մոտեցումն ունեն. ի՞նչ իմաստ ունի աշխատել մարզպետ, կոմիտեի նախագահ կամ նախարար, եթե հնարավորություն չունես գողանալու: Իրականում Փաշինյանին պետք չեն սովորական պաշտոնյաներ, նրան պետք են ստրուկներ, իսկ ովքեր չեն բավարարում Փաշինյանի` ստրկության չափանիշներին, դուրս են մղվում պետական կառավարման համակարգից:

Փաշինյանի կողմից նշանակված բոլոր պաշտոնյաները նրա մասին ունեն իրենց հստակ գնահատականը. նրանք գիտեն, որ, ամենաանմեղ գնահատականներով՝ Փաշինյանն անհավասարակշիռ, պետական կառավարման հարցերում ոչ կոմպետենտ, իր խոսքում եւ գործում անհետեւողական մեկն է, սովորական պոպուլիստ, որն աշխատում է ոչ թե արդյունքի, այլ օրվա տեսարանի վրա: Եթե Փաշինյանը տեսախցիկների առաջ է վիրավորում իր ենթականերին, կարելի է ենթադրել, թե նա ինչպես է վերաբերվում նրանց հետ ոչ հրապարակային միջավայրում: Ինչո՞ւ են նրանք հանդուրժում Փաշինյանին, ինչո՞ւ են համաձայնում աշխատել նրա հետ. ընդամենը գողանալու եւ հարստանալու հնարավորության համար:

Ի տարբերություն շարքային քաղաքացիների, պաշտոնյաները եւ չինովնիկներն ավելի լավ են տեղեկացված. թե պետական միջոցների ինչպիսի վատնում է տեղի ունենում, թե ինչպես է պետության ղեկավարությունը միլիոնատերերից վերածվում միլիարդատերերի, եւ բոլորի մոտ ցանկություն է առաջանում դրանից իրենց փայլը տանել: Ինչո՞ւ Փաշինյանը պետք է միլիարդատեր դառնա, իսկ նախարարը կամ մարզպետը գոնե մի քանի միլիոն դոլար չունենա. ի վերջո, իրենք Փաշինյանի ստրուկները չեն, որ ապրեն ու աշխատեն ընդամենը հացփորի, ինչպիսին իրենք համարում են իրենց աշխատավարձը, որքան էլ որ Փաշինյանն ասի, թե պաշտոնյաների աշխատավարձը բարձրացնում է, որ նրանք չգողանան: 

Փաշինյանի մոտ պաշտոնյա աշխատողները մի բան էլ են տեսնում. Փաշինյանի քաղաքականությունը Հայաստանը տանում է կործանման: Իսկ վերացող երկրում ի՞նչ իմաստ ունի որակով մանկապարտեզ, դպրոց կամ ճանապարհ կառուցել, եթե այն ինչ-որ ժամանակ հետո հանձնվելու է թշնամուն: Արցախում էլ էին որակյալ դպրոցներ, հիվանդանոցներ, ճանապարհներ ու ջրագծեր կառուցվել, հիմա այդ ամենն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ: Կործանման գնացող երկրում գործում է առուփախի մտածողությունը. յուրաքանչյուրը մտածում է, որ իր հնարավորություններն օգտագործի՝ առավելագույնս գողանալու համար: Ընդ որում, գողացածն անպայման պետք է դուրս հանել Հայաստանից, որովհետեւ նախ կործանման գնացող երկրում ոչ մեկը հարստություն չի կուտակում, բացի այդ՝ Փաշինյանն իր հակակոռուպցիոն եւ ապօրինի գույքի բռնագանձման կառույցներով բոլորին ցույց է տալիս, որ որեւէ մեկի ունեցվածքն ապահովագրված չէ իր ասպատակություններից: Ճիշտ է, եթե նույնիսկ հարստությունը դրսում պահես, Փաշինյանը կարող է կալանավորել հարստության տիրոջը եւ փրկագին պահանջել ազատության դիմաց, ինչպես եղել է շատ դեպքերում, բայց հարստությունը դրսում պահելու դեպքում հույս կա գոնե ինչ-որ բան փախցնել, փրկել ու փրկվել:

Փաշինյանին պետք չեն տարրական մարդկային բանականությամբ առաջնորդվող մարդիկ. նրան պետք են ինքնությունից ու ինքնասիրությունից զուրկ ստրուկներ, ովքեր անմնացորդ նվիրված են եւ ծառայում են տիրոջը: Ստրուկը չի մտածում, թե տիրոջը որտեղից այդքան հարստություն, կամ չի հաշվում, որ այդ հարստությունը կուտակվում է նաեւ իր աշխատանքի շահագործման արդյունքում։ Ստրուկը երջանկանում է տիրոջ լավ վերաբերմունքից, իր կյանքի պայմանների ու կենցաղի փոքրիշատե բարելավումից, պայմանով, որ այդ բարելավումը տեղի է ունենում ոչ թե ստրուկի նախաձեռնությամբ, այլ որպես տիրոջ բարի կամքի դրսեւորում: Փաշինյանն ուզում է իրեն շրջապատել հենց այդ տեսակով. նա իր կյանքի ընթացքում համոզվել է, որ դա այնքան էլ անիրատեսական չէ, քանի որ կարողացել է մի քանի այդպիսի ինդիվիդումների հայտնաբերել եւ օգտագործել: Նրա հիմնական խնդիրը ստրկության մասսայականացումն է, ավելի մեծ թվով ստրուկների ներգրավումը պետական կառավարման համակարգ, ովքեր չեն ունենա որեւէ նախաձեռնողականություն եւ կառաջնորդվեն բացառապես իր հրահանգներով: Բոլոր նրանց, ում Փաշինյանը հեռացնում է աշխատանքից, չեն բավարարում ստրուկի նրա պատկերացումներին, նրանք փորձում են Փաշինյանից թաքուն ինչ-որ բան անել, նրանից թաքուն գողանալ եւ հարստանալ, ինչը Փաշինյանը հանդուրժել չի կարող:

Փաշինյանին չի վախեցնում ստրուկների ապստամբության հեռանկարը, որովհետեւ համոզված է, որ ինքն այնքան հմուտ եւ գրագետ ստրկատեր է, որ ստրուկների մտքով անգամ չի անցնի ընդվզել իրենց տիրոջ դեմ: Փաշինյանը ստրուկներին համոզել է, որ նրանց ապստամբությունը կավարտվի ոչ թե ստրկատիրական համակարգի ոչնչացմամբ եւ ստրուկների կողմից ազատության ձեռքբերմամբ, այլ լավագույն դեպքում՝ նրանց բոմժացմամբ, իսկ վատագույն դեպքում՝ ֆիզիկական ոչնչացմամբ, իսկ ինքը նրանց նկատմամբ դրսեւորում է մարդասիրություն, որովհետեւ շատ հաճախ կերակրում է հաստատված ռացիոնի մեջ չմտնող ուտեստներով`աշխատավարձից դուրս փող է տալիս, ապահովելով նրանց ֆիզիկական անվտանգությունը եւ նույնիսկ գերազանցության զգացողությունը` ազատ մարդկանց նկատմամբ: Ո՞ր մի ստրուկը կապստամբի, երբ գիտի, որ իր փորն ավելի կուշտ է ազատ մարդուց, հետն էլ՝ ավելի պաշտպանված:

Ավետիս Բաբաջանյան