Գյումրիում շուն չի մնացել․ կենդանասերները դիմել են դատախազություն

Գյումրիում շուն չի մնացել․ կենդանասերները դիմել են դատախազություն

Այս տարի Գյումրու համայնքապետարանը մրցույթային պայմանագիր է կնքել թափառող կենդանիների ստերջացմամբ զբաղվող «Գյումրու թափառող շների կենտրոնի» հետ: Համայնքի բյուջեից կենտրոնին հատկացվել է 30 մլն դրամ գումար: Ոմանց պնդմամբ՝ նախկինում շներին  ստերջացնող   My vet անասնաբուժական կլինիկան այս անգամ տենդերը չի շահել, քանի որ գործում էր առավել արդար եւ թափանցիկ, իսկ նոր կլինիկան բավականին կասկածելի է: 

Այսօր թեև քաղաքապետարանը վստահեցնում է, որ ստերջացման ծրագիրը նպատակին ծառայել է, քաղաքում գլխատված ու վիրավոր շներ հայտնաբերվեցին, կենդանասերներն էլ պնդում են, որ շներին ոչ թե ստերջացնում , այլ մասսայական ոչնչացնում են: Նշենք, որ  Գյումրիում թափառող կենդանիների նկատմամբ իրականացվող սպանդը զարմանալիորեն համընկավ  Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի կողմից արված առաջարկի հետ։ Մարզպետն առաջարկում էր ստորագրահավաք անել՝ սպանդն արգելող օրենքը չեղյալ հայտարարելու համար։ Ինչպես նաև նշում էր, թե խնդիրն առկա է մարզի բոլոր համայնքներում, հարցը լուծում չի ստանում, շների համար ապաստարան կառուցելն էլ ծախսատար է ։ Հիշեցնենք, որ 2019թ.-ի սեպտեմբերի 16-ին ԱԺ-ն ընդունեց կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի քրեականացման օրինագիծը:

Մասնագիտությամբ բուժքույր տիկին Մանուշը, որ իր տանը մոտ 20 շուն է պահում,  hraparak.am-ի հետ զրույցում իր մտահոգությունը հայտնեց․«Ինձ համար զարմանալի է: Ստերջացած շներին նորից հավաքում , տանում են, կանաչ կլիպսը / ամրակ/ փոխում են կարմիրով, բաց թողնում: Հիմա դե արի ու  մի կասկածի, որ փողերի լվացում չի արվում: Ինչու են արդեն նախկինում՝  My vet  կլինիկայում ստերջացրած շներին հավաքում տանում, ընդամենը կլիպսը փոխում ու բաց թողնում : Անգամ այս նոր կլինիկայի տեղը ցույց չեն տալիս, թե որտեղ է: Իմ շանը տարել էին, ուղիղ մեկ շաբաթ հաց չկերավ, հազում էր, զանգեցի, ասում են՝ հնարավոր է, որ վարակվել է , էդքան փողը, որ դրել են ստերջացման ծրագրի մեջ, կարո՞ղ էին մի հատ կացարան բացել, ինչքան արդյունավետ կլիներ»,-ասաց մեր զրուցակիցը:

Գյումրեցի լրագրող Հասմիկ Մելքոնյանն էլ սեփական հետաքննությունն է արել: «Գյումրիում էլ շուն չի մնացել : Երկու փաստ պետք է ֆիքսենք: Առաջինը՝ մենք պետք է ապացուցենք դաժան վերաբերմունքը շների հանդեպ: Ստերջացման համար յուրաքանչյուր շան համար հատկացվում է 27900դրամ, բայց ականատեսների պատմելով՝ հոսանքահարում, տանում, քնեցնում են, ինչը շատ էժան տարբերակ է, մի մասին էլ թմրեցնում, ոչնչացնում են: Այստեղ արդեն փողերի լվացման սխեման է գործում»,- Hraparak.am-ին ասաց լրագրողը՝  մեզ տրամադրելով տարածքի բնակիչներին հայտնի շնիկներից մեկի՝ Սևուկի լուսանկարը, որի ականջից բացակայում է շուրջ 2 տարի առաջ  My vet  կլինիկայում  փակցված կանաչ ամրակը․«Սևուկը վիրավոր է, նկարում երևում է նրա վիճակը, Սևուկին նախապատրաստում են դիակիզման, շունը տարի ու կես առաջ է ստերջացվել My vet-ում, բայց ինչպես տեսնում եք, ականջից պոկված է կանաչ կլիպսը, իսկ նորը փակցնել, հավանաբար, չեն հասցրել»,-ասաց նա:

 

«Բալասանյան դաշինքի ներկայացուցիչը ինձ հետ զրույցում ասում է՝ լա՞վ չէ, որ երեխեքը հիմա հանգիստ ման են գալիս, ամբողջ քաղաքում շուն չկա, հարցնում եմ՝ ռուսը նման դաժանություն կսերմանե՞ր երեխաների մեջ, պատասխանում է՝ մենք ենք, մեր քաղաքը, ռուսը չի որոշում: Գյումրու համայնքի ոչ միայն կենդանասերները, այլև  հարկատուները թող իմանան, որ խոստանում էին ապաստարան կառուցել, բայց չկառուցեցին: Նախորդ կլինիկան՝ My vet  -ը օրական 3-4 շուն էր ստերջացնում, վիրահատությունից հետո  3 օր պահում , լրագրողների, բոլորի առաջ թափանցիկ էր գործում, իսկ այս՝ նորը Կոշտոյան փողոցի վրա գտնվող մի նկուղ է: Պատկերացնում եք՝ առանց շների ինչ է սպասվում Գյումրիին: Գյումրին դարձել է ծառազուրկ, աղբը կուտակվել է, Գյումրի գետակում հավաքված աղբում առնետները վխտում են, իսկ շները սանիտար էին, խեղդում էին դրանց: Ասեմ՝ ոչնչացումից հետո՝  2 ամսից շները բնազդաբար բազմանալու են, գյուղերից քաղաք են գալու եւ նորից այստեղ  նոր թափով բազմանան․․․»,-ավելացրեց Հասմիկ Մելքոնյանը:

Լրագրողը ներկայացրեց նաև կենդանասերների պահանջը  համայնքապետարանին , այն է՝ նոր կլինիկայի հետ պայմանագիրը չեղյալ համարել, դադարեցնել մնացած շների որսը, համայնքապետարանի կայքում տեղադրել անձնական տեղեկատվություն չպարունակող ինֆորմացիա՝ թվով 900 ստերջացած շներից գոնե 100-ի  լուսանկար, քնեցված եւ դիակիզված շների լուսանկարներ , ինչպես նաև լուսանկարներ կլինիկայի վայրից  եւ նշել գոնե երկու վայրի անուն, որտեղ բաց են թողնվել ստերջացված շները, ինչպես արդարանում  են կլինիկայից, թե շներին նոր տարածքներ են տեղափոխել: 

Ի դեպ, խնդրի մասին տեղեկացված են նաև Գյումրու ավագանու անդամները:
«Զարթոնք» խմբակցության ղեկավար Վարդևան Հակոբյանից հետաքրքրվեցինք, թե ինչ քայլեր են ձեռնարկել  ավագանու անդամները․«Երբ սկսվեց ստերջացման գործընթացը, ես եւ «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Կարեն Մալխասյանը նախաձեռնեցինք, մեկնեցինք այն վայրը, որտեղ իրականացվում էր ստերջացումը : Գարաժ էր, որը ժամանակավոր հարմարեցված կլինիկա էր համարվում: Մենք, քանի որ մասնագետ չէինք, եւ կենդանիներ էլ այդ պահին չկային, գրավոր համայնքի ղեկավարին ներկայացրել ենք՝ քանի որ մրցույթով է այդ  գործընթացը եղել, շահել է այդ կլինիկան, քաղաքապետարանը՝ որպես պատվիրատու կողմ, պատշաճ կերպով  պետք է իրականացնի  վերահսկողություն: Մենք գրավոր պահանջել ենք, եւ այս շաբաթ դիմելու ենք, թե ինչ ընթացք է ստացել, ինչ վերահսկողություն է արվել, ինչ արդյունքների են հասել»,- Hraparak.am-ին տեղեկացրեց ավագանու խմբակցության ղեկավարը:

Hraparak.am-ին հաջողվեց կապ հաստատել մրցույթը շահած «Գյումրու թափառող շների կենտրոն» -ի գլխավոր անասնաբույժ  Արսեն Սումբուլյանի հետ: Նրանից հետաքրքրվեցինք, թե ինչ սկզբունքով են  տանում արդեն իսկ ստերջացված շներին, ականջներից հանում   ամրակները, փակցնում իրենցը, եւ ի վերջո ինչու՞ է  կլինիկայի գտնվելու վայրը խիստ գաղտնի պահվում: «Լինում է ահազանգ, երբ կենդանին կլիպսով է, բայց ագրեսիվ է, ստիպված ենք լինում տանել,  զննում անել, համոզվել, որ կատաղության դեմ պատվաստում չի արվել, պատվաստում ենք, փակցնում մեր՝ կարմիր կլիպսները ու բաց թողնում, որպեսզի այլևս անվտանգ լինեն: Բայց պիտի ասեմ, որ դրանք շատ քիչ թիվ են կազմում, 100-ից  մեկը կարող է լինել, նորից եմ ասում՝ երբ տեսնում ենք կլիպսով են, չենք տանում, միայն ահազանգի դեպքում ենք վերցնում»,-ասաց նա: Կլինիկայի գտնվելու վայրն էլ գաղտնի է, որովհետև․«Նախ ՝ մասնավոր կլինիկա է, սանիտարական նորմերը պետք է պահվեն, հետո երբ կենդանասերներին ֆեյսբուքյան համագործակցություն առաջարկեցինք, շատերն սկսեցին մեզ քարկոծել, թե Երևանից եկել, փողեր են լվանում․․․»,-արդարացավ կլինիկայի գլխավոր անասնաբույժ  Արսեն Սումբուլյանը:

Մինչդեռ նշենք, որ Hraparak.am-ին դիմած մի խումբ կենդանասերներ արդեն իսկ  100-ից ավել ստորագրահավաք են կազմակերպել եւ պատրաստվում են ՀՀ գլխավոր դատախազություն դիմում ներկայացնել Գյումրիում անապաստան կենդանիների նկատմամբ սպանդ իրականացնելու հանցավոր գործողության դեմ՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել ստերջացման ծրագիրը շահած կլինիկային: Դիմումը ներկայացնում ենք ստորև