«Հրապարակ». Վահե Ղազարյանի պաշտոնին աչք ունեցողները խանդավառված են նրա հետ փակ հանդիպումից հետո

«Հրապարակ». Վահե Ղազարյանի պաշտոնին աչք ունեցողները խանդավառված են նրա հետ փակ հանդիպումից հետո

Ներքին գործերի նորանշանակ նախարար, նախկին ոստիկանապետ Վահե Ղազարյանը նախօրեին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հետ փակ հանդիպման ժամանակ մի շարք ուշագրավ հայտարարություններ է արել։ 

Շուրջ 3 ժամ տեւած փակ հանդիպման նախաձեռնող կողմը խորհրդարանական ֆրակցիան էր, հանդիպման ընթացքում քննարկել են ոլորտում իրականացվող բարեփոխումներն ու առկա խնդիրները՝ թմրանյութերի, հանցավորության դեմ պայքարի, պարեկային ծառայության աշխատանքի եւ այլնի հետ կապված հարցեր։

Պատգամավորները բարձրաձայնել են բազում խնդրահարույց հարցեր, որ պարեկային ծառայությունը խայտառակում է ոստիկանության դեմքը՝ պարեկների պրոֆեսիոնալիզմի պակասը զգացվում է շարքային քաղաքացիների հետ շփման առաջին իսկ րոպեներից, ոչ բոլորն են «չեստ» տալիս, ինչպես նախկին «գայիշնիկները», անգամ չեն կարողանում օրենքին հղում անելով հիմնավորել վարորդների կատարած խախտումները։ Պարզ ասած՝ նոր համակարգը, ըստ պատգամավորների, «բարդակ» է հիշեցնում, դրա ապացույցն էլ Հանրապետության հրապարակում «Համեր»-ի վարորդի գիշերային արկածների հայտնի միջադեպի ժամանակ պարեկների պահվածքն էր։ Հիշեցնենք, որ փետրվարի 10-ին՝ ժամը 23-ի սահմաններում, Երեւանի կենտրոնում «Համեր» մակնիշի մեքենայի վարորդը կոպիտ կերպով խախտել էր ճանապարհային երթեւեկության կանոնները, չենթարկվելով պարեկների պահանջներին՝ մեքենան վարել ոստիկանների եւ քաղաքացիների ուղղությամբ, նրանց կյանքի եւ առողջության համար վտանգավոր գործողություններ կատարել: Մեքենայի ընթացքը կանգնեցնելու նպատակով քաղաքի կենտրոնում գործադրվեց հրազեն, այդուհանդերձ, պարեկներին շուրջ երեսուն րոպե անց հաջողվեց կասեցնել վարորդի գիշերային «ճռռիկները»։

ՆԳ նախարար Վահե Ղազարյանն ընդունել է, որ պարեկային ծառայությունում բացթողումներ կան, սակայն ասել է, որ հետեւողական աշխատանքներ են տարվում, սանկցիաներ են կիրառվում ոչ պրոֆեսիոնալ պարեկների նկատմամբ։ Օրինակ, պատգամավորներին անհավատալի է թվացել Ղազարյանի հավաստիացումը՝ որ  անխտիր չեղարկվում են բոլոր այն ակտերը, որոնցում պարեկն ուղղագրական կամ առհասարակ տառասխալ է թույլ տվել, աշխատակիցն էլ զգուշացվում է դրա համար։ ՔՊ-ական պատգամավորներից ոմանք անգամ «բոցվել» են, թե իրենցից շատերն էլ մի քանի տողանոց թելադրության մեջ հազար սխալ կանեն։ 

Ինչ վերաբերում է Հանրապետության հրապարակի հայտնի միջադեպին, Վահե Ղազարյանը խոստովանել է, որ իր համար եւս շոկային են եղել պարեկների անկազմակերպ գործողությունները։ Ասել է, որ այդ օպերացիայի համար ոչ թե 30 րոպե էր հարկավոր, այլ ընդամենը՝ 5, քանի որ պարեկային ծառայողներն իրենց ավտոմեքենաներում կանխարգելիչ բոլոր գործիքներն ունեին՝ անվադողերը ծակելու շղթաներից սկսած, մնացյալով վերջացրած։ 

Նախարարի խոսքով՝ այդ եւ նախկինում թույլ տրված մի քանի նման բացթողումների պատճառով է, որ «Համերի» հայտնի պատմությունից հետո պաշտոնանկ արվեց պարեկային ծառայության ղեկավար Արթուր Ումրշատյանը։ Ղազարյանը պատգամավորներին վստահեցրել է, որ Ումրշատյանին ազատել է ոչ թե հրապարակի միջադեպի առթիվ բարձրացած հանրային աղմուկի մեծ հնչեղության պատճառով, այլ որ դրանից առաջ էլ ծառայության աշխատանքներում որոշ թերացումներ էին արձանագրվել։

Հանդիպման մեծ մասը, սակայն, նվիրված է եղել թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի հարցին։ Նշենք, որ Վահե Ղազարյանի հետ հանդիպումից րոպեներ առաջ՝ ԱԺ հայտարարությունների ժամին, այդ խնդրի մասին ԱԺ ամբիոնից բարձրաձայնել էր ընդդիմադիր պատգամավոր Ագնեսա Խամոյանը։ Մենք օթյակից նկատեցինք, որ Խամոյանի ելույթից հետո նրան մոտեցավ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Գրիգորյանը եւ կարճ զրույցից հետո ընդդիմադիր պատգամավորի ելույթի գրավոր տեքստն իր հետ տանելով՝ հեռացավ։ ՔՊ մեր աղբյուրներից տեղեկացանք, որ Գրիգորյանն այդ տեքստը փոխանցել է խմբակցությանը, որտեղ թերեւս ալարել են վիճակագրական տվյալներ ինքնուրույնաբար հայթայթել եւ ընդդիմադիր պատգամավորների արձանագրումներն են Վահե Ղազարյանին դեմ տվել։ Իսկ Խամոյանը ներկայացրել էր սարսափելի վիճակագրություն՝ հայտարարելով, թե խնդիրը չլուծելու, կանխարգելիչ աշխատանքներ չիրականացնելու պարագայում վաղն այն դառնալու է ազգային անվտանգության լրջագույն սպառնալիք․ «2018 թվականին գրանցվել է թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների 877 դեպք, 2019-ին՝ 1088, 2020-ին՝ 1226, 2021-ին՝ 1544 դեպք, 2022 թվականին, ուշադրություն՝ 2 հազար 266 դեպք, նախորդ տարվա 1544-ի դիմաց գրանցվել է աճ՝ 47 տոկոս։ Եվ սրանք միայն արձանագրված պաշտոնական թվերն են: Դեպքերի շուրջ 50 տոկոս աճը պայմանավորված է հիմնականում համացանցի, իսկ մեծամասամբ՝ տելեգրամ ալիքների միջոցով կատարվող դեպքերի ավելացմամբ, որոնց գովազդները կարելի է տեսնել դպրոցների պատերից սկսած մինչեւ կանգառներ»։

Վահե Ղազարյանը հաստատել է, որ 50 տոկոս աճը պայմանավորված է հիմնականում համացանցի, իսկ մեծամասամբ՝ տելեգրամ ալիքների միջոցով կատարվող առեւտրով, սակայն անճար հայտարարել է, թե դրա դեմ պայքարելը բարդ է, պատգամավորներին առաջարկել է համատեղ լուծումներ գտնել։

Ի դեպ, ՔՊ մեր աղբյուրներն ասացին, որ այդ հանդիպման ժամանակ ՔՊ-ում համոզվել են, որ Վահե Ղազարյանը, իրոք՝ «ամբիոնից ելույթ ունենալու բան չէ», համոզվել են, որ քաղաքական փորձառության պակաս ունի, սահուն խոսք կառուցելու դժվարություններ, անգամ հումորով դիտարկումներին է բավականին բուռն արձագանքում։

Այս փաստը ոգեւորել է այդ պաշտոնին աչք ունեցող ՔՊ-ական պատգամավորներին, որ Ղազարյանի «վազքը» մինչեւ ԱԺ ամբիոնին  հասնելն է, որքան էլ Փաշինյանը նրան ապահովագրի եւ ՔՊ-ականներին հորդորի՝ կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ֆորմատում առժամանակ հարցեր չտալ Ղազարյանին, սակայն այդ օրը վաղ թե ոււշ գալու է, որից հետո Ղազարյանին անգամ Փաշինյանի համադասարանցի եւ ընկեր լինելու փաստը չի փրկի։ Ի դեպ, երեկ խորհրդարանում կառավարության նորանշանակ անդամի՝ Վահե Ղազարյանի առաջին հրապարակային բեմելն էր՝ նախարարի պաշտոնում։ Ի պատասխան մի քանի պատգամավորների հարցերին՝ Ղազարյանը տառապելով, հոգոց հանելով, բառերը կիսատ արտաբերելով, կցկտուր մտքեր էր ասում ամբիոնից՝ համարելով իր ասելիքն ավարտած։ «Քառսնհինգ» ասաց՝ «քառասունհինգի» փոխարեն, «շրջանություն»՝ «շրջանառության», ի պատասխան Զարուհի Բաթոյանի հարցին, նշեց․ «2022 թվականի մայիսից գործարծվել է Հայաստանի հանրապետության ներքին գործերի նախարարության․․․ տասը ․․․ ոստիկանության տասը բաժիններում տեսախցիկների եւ տեսախցիկներ, որը կահավորված է․ կահավորված է քննական սենյակներում, եւ ներկա պահին բոլորը գտնվում են նորմալ վիճակում, աշխատում են նորմալ, նորմալ է, սակայն քրեական դատավարության փոփոխությունից հետո այդ գործընթացը դադարեց, քանի որ դուք քաջատեղյակ եք, որ ոստիկանությունն արդեն նախաքննություն չի իրականացնում։ Բայց բարեփոխումների շրջանակներում նախատեսում ենք բոլոր բաժիններում տեղադրենք տեսախցիկներ»։ 

ՔՊ-ում խոսում են, որ ՆԳ նախարարի պաշտոնին շարունակում են  հավակնել Անդրանիկ Քոչարյանը, թեպետ հիմա վերջինս ավելի շատ պաշտպանության նախարար դառնալու երազանք ունի, եւ նախկին փոխոստիկանապետ Արմեն Խաչատրյանը, որոնք անթաքույց ակտիվություն են դրսեւորել եւ փորձել են նեղը գցել իջեւանցի նախարարին։