Ռուսաստանում` բացի գերագույն գլխավոր հրամանատարից, որեւէ անհատ բարձրագույն արժեք չէ

Ռուսաստանում` բացի գերագույն գլխավոր հրամանատարից, որեւէ անհատ բարձրագույն արժեք չէ

Փաշինյանական իշխանությունը եռանդով պայքարում է ոչ միայն այն ՀՀ քաղաքացիների դեմ, ովքեր քննադատում են իրեն եւ իր հեռացումն են երազում, այլ նաեւ այն ռուս քաղաքական գործիչներին ու լրագրողներին, որոնք այս կամ այն կերպ քննադատում են Նիկոլ Փաշինյանին` պաշտպանելով ՌԴ շահերը: Ընդ որում, այդ անձանց մեջ կան մարդիկ, ովքեր սիրում են Հայաստանը, հայամետ գործչի համարում ունեն, Ադրբեջանի սեւ ցուցակում են, բայց Նիկոլ Փաշինյանին համարում են աղետ եւ հորդորում են հայ ժողովրդին` իշխանափոխություն անել: Հայաստանում պերսոնա նոն գրատա են հայտարարվել, օրինակ, Կոնստանտին Զատուլինը, ով հայամետ գործչի համբավ ունի, RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը, նրա ամուսինը`Տիգրան Քեոսայանը, քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը, վերջերս էլ արգելվեց հեռուստամեկնաբան Վլադիմիր Սոլովյովի հաղորդումը, ով եւս մեծ թվով հայազգի ընկերներ ունի եւ Հայաստանին մեծ ծառայություններ է մատուցել` արցախյան թեմայով եւ այլ իրավիճակներում: ՀՀ իշխանությունների սեւ ցուցակում են նաեւ Սեմյոն Բաղդասարովը, Արամ Գաբրիելյանովը եւ այլք: 

Բայց առավել ուշագրավ է այն, որ այս բոլոր գործիչները, որոնք համարվում են Կրեմլի հավատարիմ քարոզիչները, ռուսական իշխանությունների կողմից հրահանգավորվում են իրենց գործունեության ընթացքում, բայց նրանց կողմից պաշտպանություն չեն գտնում: ՌԴ իշխանությունները որեւէ կերպ նրանց իրավունքները չեն պաշտպանում, չեն պահանջում ՀՀ իշխանություններից՝ բացատրել, թե ինչու են պերսոնա նոն գրատա ճանաչվել կամ գոնե Սոլովյովի հաղորդումը փակելու հետ կապված հարց չեն տալիս, թե ինչու, որ իրավունքով, չէ՞ որ միջպետական համաձայնագիր կա, եւ այն չի ենթադրում ռուսական եթերի գրաքննություն: Կրեմլը երբեւէ չի անդրադառնում Փաշինյանի իշխանության հիվանդագին հակառուսական մոտեցումներին:

Թեմայի շուրջ զրուցել ենք «Ժողովրդավարական հարթակ հիմնադրամ»-ի տնօրեն Գարեգին Միսկարյանի հետ: 

- Տպավորություն է, թե Ռուսաստանում մարդն ու մարդու իրավունքներն ամենավերջին տեղում են: Մի կողմ թողնենք Մարգարիտա Սիմոնյանի կամ Սոլովյովի սիրված-չսիրված լինելու հանգամանքը, ինչո՞ւ Ռուսաստանը չի արձագանքում իր քարոզիչների նկատմամբ ՀՀ իշխանության վերաբերմունքին:

- Եթե կոնկրետ Սոլովյովին եթերից զրկելու մասին խոսենք, ապա կա դրա բացատրությունը, անկախ նրանից՝ այն ընկալվել է, թե ոչ: Նշվեց, որ պայմանագրի կետերին համապատասխան չի գործել, այդ հիմքով էլ հաղորդումներն արգելափակվել են: Այս մասով, կարծում եմ, նորմալ է, որ Կրեմլից առարկություն չկա, հարցեր չեն առաջացել, հիմնավորումները, հավանաբար, նրանց համար բավարար են: Ինչ վերաբերում է ՀՀ-ում այն ռուս գործիչներին, որոնք անցանկալի են համարվում, ապա նույն բանը կարող ենք ասել որոշ հայերի մասին, ովքեր Ռուսաստանում անցանկալի անձ են համարվում, եւ նրանց մուտքը Ռուսաստան արգելված է: Օրինակ` Ստեփան Գրիգորյանը, Տիգրան Խզմալյանը ՌԴ-ում անցանկալի անձինք են համարվում: Էլի մարդիկ կան, որոնց անունները չմտաբերեցի, բայց փաստ է, որ այս պրակտիկան կա նաեւ այնտեղ` Ռուսաստանում: Ինձ թվում է՝ սա իրենց գործողությունների պատասխանն է, իրենք են առաջինը սկսել նման քայլեր անել, նորմալ է, որ հիմա ռուսների մոտ այս առումով հարցեր չեն առաջանում, իրենք ունեն այդ հարցերի պատասխանները: 

- Թե՞ պարզապես Կրեմլի համար իր գործիչներն առանձնապես արժեք չեն ներկայացնում: Ի դեպ, մի բան է Պետդումայի պատգամավորի մուտքն արգելելը, լրիվ այլ բան է Տիգրան Խզմալյանին արգելելը:

- Պրիգոժինի հետ կապված մենք տեսանք, որ նույնիսկ Կրեմլին ամենամոտ կանգնածները չեն ներվում, եթե գործում են ինքնագլուխ: Դա նշանակում է, որ Ռուսաստանում` բացի գերագույն գլխավոր հրամանատարից, որեւէ անհատ բարձրագույն արժեք չէ, իսկ մարդիկ կարող են շատ հանգիստ զոհաբերվել հանուն Կրեմլի կլանային շահերի: Այդ մասին է վկայում նաեւ այն, որ մարդկանց ռազմաճակատ են ուղարկում՝ շատ հաճախ առանց զենքի ու զինամթերքի:

- Ի դեպ, բավականին թույլ է նաեւ Ռուսաստանի քարոզչությունը: Հայաստանում գործող ռուսամետ գործիչները հանրության կողմից հիմնականում չընկալվող մարդիկ են: Ինչպե՞ս են ընտրում նրանց, ինչպե՞ս են նրանց հետ հույս կապում:

- Դե բայց հո մի օրում չե՞ն այդ գործիչները դարձել այդպիսին, այդպիսին են դարձել նաեւ հենց Կրեմլի թեթեւ ձեռքով: Կրեմլից այնպես է արվել, որ նրանց խոսքն այսօր չունի կշիռ, ինչու, որովհետեւ Արցախում, Հայաստանում նույն Ռուսաստանն ուղղակի իր պարտավորությունները չկատարեց, Կրեմլն առաջին հերթին հարվածի տակ է դրել այն մարդկանց, ովքեր Հայաստանում պաշտպանում են Ռուսաստանի շահերը: Ես չեմ ասում, թե այդ մարդիկ բոլորն անխտիր բարոյականության տիպարներ են, եւ ամեն ինչում Կրեմլն է մեղավոր, սակայն, մեծ հաշվով, նրանց դիմակազերծման առաջին գործոնը հենց Կրեմլն է հանդիսացել: Նրանք այլեւս չունեն ռեսուրս: Նրանք, ովքեր միամտաբար կարող էին ծառայել Ռուսաստանին, արդեն վաղուց միամիտ չեն, իսկ նրանք, ովքեր պետք է ծառայեն շահադիտական նպատակներով, կանգնել են փաստի առաջ:

- Բայց Արեւմուտքն էլ առանձնապես հայամետությամբ աչքի չի ընկնում, իսկ ժողովուրդը, ըստ հարցումների, վստահում է Ֆրանսիային, վերջում` Ռուսաստանին: Չե՞ք կարծում, որ սա եւս քարոզչության արդյունք է:

- Դա հասարակական մտքի վերափոխման արդյունք է ավելի շատ: Այո, դա չի նշանակում, որ Արեւմուտքը մեր հանդեպ ավելի լավն է, քան, օրինակ, Հնդկաստանը, Չինաստանը կամ էլ՝ Բրազիլիան: Արեւմտյան երկրներն էլ շատ տարբեր են, ամեն երկիր իր շահերն ունի, պարզապես խնդիրն այն է, թե հայ ժողովուրդն ինչպիսի պետություն է ցանկանում կառուցել: Քանի որ մեր հանրության լայն շերտերը կարծում են, որ դեմոկրատիան է միակ ռեսուրսը, որով հնարավոր է կենսունակ պետություն կառուցել, իսկ դեմոկրատիա կարելի է կառուցել առավելապես արեւմտյան պետությունների հետ, քան Չինաստանի կամ Ռուսաստանի: