Հայկական բանակն անգամ եվրոպական մի շարք երկրների բանակներից հզոր է

Հայկական բանակն անգամ եվրոպական մի շարք երկրների բանակներից հզոր է

«Հրապարակի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Սարո Սարոյանը:

- «Հրապարակը» երեկ գրել էր, որ, դատելով վերջին իրադարձություններից, ռուս խաղաղապահներն ադրբեջանցիների հետ սկսել են սերտորեն համագործակցել: Ռուս խաղաղապահները՝ ադրբեջանցիների հետ նախնական պայմանավորվածությամբ, նախօրեին իրականացրել էին մի օպերացիա, որը տեղավորվում է Արցախը զավթելու եւ ինտեգրելու Ադրբեջանի ծրագրերի մեջ։ Նրանք, նախնական համաձայնության գալով ճանապարհը փակած հրոսակների հետ, արցախցի խաղաղ, անզեն բնակիչներին տարել են ուղիղ ադրբեջանական որջը, հանձնել նրանց հայեցողությանը, որպեսզի հերթական անգամ ցուցադրեն, որ Ադրբեջանի հետ ինտեգրմանն այլընտրանք չկա։ Արցախցիները հայտնվել են բավականին վատ վիճակում, նրանց Ստեփանակերտ են տեղափոխել ադրբեջանական շտապօգնության մեքենաները:

- Ռուս խաղաղապահներն իրենց գործունեության մեջ առաջնորդվում են բացառապես Ռուսաստանի ղեկավարության ցուցումներով: Այս ամենը կոորդինացվում է Կրեմլից, իսկ Կրեմլն իր հերթին ողջ գործունեությունը՝ խաղաղապահների եւ Արցախի հետ կապված, կոորդինացնում է պաշտոնական Բաքվի հետ: Կրեմլի ու Բաքվի միջեւ մշտապես կոորդինացիա է տեղի ունենում: Խաղաղ բնակիչներին նման դրության մեջ գցելը եւս իմ նշած կոորդինացիայի կոնտեքստում է: Իսկ թե դա ինչով է պայմանավորված, ես կարող եմ ասել, որ դա պայմանավորված է երկու երկրների շահերով: Այնպես չէ, որ այդ շահերը նոր են սկսել համընկնել: Դա մի ընդհանուր ծրագիր է, որի արդյունքում տեղի է ունեցել 2020 թվականի 44-օրյա պատերազմը:

- Կոնկրետ ի՞նչ շահերի մասին է խոսքը: Այս պարագայում ո՞րն է Ռուսաստանի շահը:

- Այդ շահերը կապված են ռուս-թուրքական շահերի համադրման հետ: Նրանք փորձում են իրենց դիրքերն աշխարհում առավել ամրապնդել, սերտ համագործակցում են եւ ամեն գնով Հարավային Կովկասի բաժանման ճանապարհով փորձում են այլ տարածաշրջաններում իրենց ազդեցությունը մեծացնել, նոր շահեր ձեռք բերել՝ կապված նույն սեւծովյան տարածաշրջանի հետ, Կենտրոնական Ասիայի հետ եւ այլն, եւ այլն: Ռուսաստանի եւ Թուրքիայի շահերը մի շարք տարածաշրջաններում համընկնում են: Կան տարբեր շահային տիրույթներ, գուցե կան հարցեր, որոնց մասով նրանք համակարծիք չեն, սակայն դրանք լուծելի հարցեր են: Այս պարագայում հայկական շահը նրանք վերածել են մանրադրամի:

- Գրեթե չորս ամիս է՝ Արցախը բլոկադայի մեջ է: Այստեղ ե՞ւս Ռուսաստանն ունի ազդեցություն:

- Այո, դա եւս ռուս-թուրքական շահերի կոնտեքստում է գտնվում: Խնդիրն այն է, որ Հայաստանում կան բազում շրջանակներ, որոնք չեն ուզում առերեսվել իրականությանը: Նրանք պարզապես չեն ցանկանում դա հասկանալ, որովհետեւ շահագրգռված չեն, կաշկանդված են, ազդեցությունների տակ են, շատերն էլ պարզապես քաղաքականությունից ոչինչ չեն հասկանում:

- Ենթադրենք՝ շատերը հասկանում են, որ ռուսները, մեղմ ասած, բարյացակամ չեն: Ի՞նչ անել, ո՞րն է այլընտրանքը: Դիցուք, ռուս խաղաղապահներին Արցախից դուրս բերեցին, ո՞վ է փոխարինելու նրանց:

- Պետք է ուժեղանալ։ Պետք է կարողանալ սեփական խնդիրներն ինքնուրույն լուծել: Պետք չէ մտածել միայն Արեւմուտքի եւ Ռուսաստանի հետ ունեցած հարաբերությունների մասին: Ես ասում եմ` Հայաստանն ունի ազգային իշխանության, ազգային քաղաքականության կարիք: Վերջին 30 տարվա ընթացքում Հայաստանը ղեկավարել են ուժեր, որոնք պարզապես ազգային մտածողություն չեն ունեցել: Հասարակությունն արդեն չի էլ պատկերացնում, թե ինչ ասել է ազգային մտածողություն:

- Ձեր պատկերացրած ազգային մտածողության մասին եկեք խոսենք:

- Դա ենթադրում է բոլոր տեսակ ուժերի մոբիլիզացիա եւ պետությունը ռազմական ռելսերի վրա դնելու քաղաքականություն: Պետք է կարողանալ պաշտպանել սեփական երկրի շահերն ու իրավունքները, այլ ոչ թե փախչել, գնալ՝ գլուխ ծռել Կրեմլի առաջ, Բայդենի առաջ, Պուտինի առաջ, Մակրոնի առաջ եւ այլն…. Մարդիկ այսօր մտածում են, որ պարզապես դասավորվել է պետք այս կամ այն պետության քաղաքականության մեջ:

- Կարծում եք՝ Հայաստանն այս աշխարհաքաղաքական գզվռտոցների մեջ կարո՞ղ է ինքնուրույն որոշումներ կայացնել:

- Իսկ ո՞վ ասաց, որ Հայաստանը չի կարող ինքնուրույն որոշումներ ընդունել: Հայաստանից փոքր երկրներ կան, որոնք միայնակ գլուխ են հանում: Հայկական բանակն անգամ եվրոպական մի շարք երկրների բանակներից ավելի հզոր է: Հզոր է ամեն տեսանկյունից: Այդ ինչպե՞ս է լինում, որ նրանք կարողանում են, իսկ մենք` ոչ:

- Աննա Հակոբյանն ասում է, որ Հայաստանում կա 11 հազար դասալիք:

- Դուք շատ լավ հասկանում եք, թե Աննա Հակոբյանն ինչ տեսակ քաղաքականություն է իրականացնում եւ ինչի կրող է: Նույն բանն ասում է Իլհամ Ալիեւը։ Ի՞նչ: Պետք չէ Ալիեւի եւ Աննա Հակոբյանի ասածներով շարժվել: Ունենք այլ քաղաքականության, այլ պայքարի կարիք: Եթե փորձեն նորմալ երկիր կառուցել, ապա ոչ մի դասալիք չի լինի, եթե դասալիքներ կան, դա նշանակում է՝ տվյալ երկրում ապազգային քաղաքականություն է վարվել: Նորմալ երկրներում դասալքությունը կանխելու փորձեր են արվում:

- Տեսակետներ կան, որ այսօր Ռուսաստանն ու Արեւմուտքն Արցախի հարցում նույն դիրքորոշումն ունեն: Նրանք երկուսն էլ կարծում են, որ Արցախը պետք է ինտեգրել Ադրբեջանի հետ: Համաձա՞յն եք:

- Հայաստանը պետք է ինքնուրույն քաղաքականություն վարի: Ինձ չի հետաքրքրում, թե նրանք ինչ են ուզում:

- Կարծում եք՝ նրանց հետ հաշվի նստել պե՞տք չէ:

- Ամբողջ խնդիրն այն է, որ Հայաստանը պետք է կարողանա վարել քաղաքականություն:

- Կարծում եք՝ «պիտի»-ներով խոսելն այս պարագայում տեղի՞ն է:

- Հայաստանը երբ կարողանա ինքնուրույն քաղաքականություն վարել, դա էլ կլինի խնդիրների լուծման ճանապարհը: Հայաստանը պետք է հասկանա, թե որոնք են իր ազգային շահերը: