Ժողովրդավարություն ունենք՝ աշխարհը չունի…

Ժողովրդավարություն ունենք՝ աշխարհը չունի…

Նախորդ դարի 70-ականներին ԵՊՀ ընդունվելով եւ Թիֆլիսից Երեւան տեղափոխվելով՝ մի զարմանալի երեւույթ նկատեցի. հասարակական տրանսպորտում հաճախ էի տեսնում Իոսիֆ Ստալինի նկարը: Որ դա կարող էր տեղի ունենալ իմ ծննդավայրում՝ անսովոր չէր. Ստալինն ազգությամբ վրացի էր, եւ վրացիները հպարտանում էին նրա՝ ԽՍՀՄ-ի ղեկավար լինելու հանգամանքով: Բայց Երեւանում… Հատկապես բուհում «Հայ ժողովրդի պատմություն» առարկան անցնելիս, երբ ծանոթացա Ստալինի հակահայ դիրքորոշման հետեւանքներին․․․: Թիֆլիսի հայկական դպրոցներում «Հայ ժողովրդի պատմություն» առարկան չէին անցնում: Հետո, իհարկե, ծանոթացա նաեւ նրա՝ իբրեւ թե հայ լինելու վարկածին: Տարիներ առաջ էլ ծանոթացել եմ մեկ այլ՝ ռուսական թագավորական ընտանիքի հետ կապ ունեցող ազնվականներից մեկի անօրինական զավակը լինելու վարկածին: Բայց, այնուամենայնիվ, հայի ենթադրյալ զավակ լինելը չէր արդարացնում Երեւանում նրա պաշտամունքի առկայությունը: Տարիներ անց հասկացա, որ իսկապես դա չէր հիմնական պատճառը: Իրական պատճառն ուժեղ ղեկավարի կամ մեր դեպքում՝ «Հոր», «Առաջնորդի», «Արեգակի», նույնիսկ «Աստծո» եւ այլն, կերպարն էր, ինչը հարազատ էր մեր ժողովրդի ոգուն:

Ի դեպ, չակերտավոր մակդիրներն իմ երեւակայության արգասիքը չեն. դրանք առկա են նախորդ դարի 30-ականների վերջին հրապարակված՝ Ստալինի վերաբերյալ հայ բանաստեղծների ստեղծագործությունների ժողովածուում: 
Ինչպես հասկանում եք, 100 տարի անց էլ մեր ժողովուրդը ոչ թե գնահատում է ժողովրդավարական արժեքները, այլ փնտրում է փրկչին՝ այն էլ, վստահաբար, Ստալինի կերպարով: Գրագետ եւ մտածող հատվածը դա հիմնավորում է շողուլից ընկած մեր իրականությամբ ու միջին վիճակագրական հայաստանցու մտածողությամբ, ինչը, անկեղծորեն ասած, հենց այն է, ինչ գոյություն ունի մեզանում: Վերջին նախադասությունն առաջին հայացքից կրկնաբանություն է, բայց դա լավագույնս է ներկայացնում մեր պատկերը՝ դժբախտաբար: Ինչեւէ, երեք տասնամյակ տեւած անկախության ընթացքում ժողովրդի մտածողությունը չի փոխվել եւ նույնիսկ տեսականորեն չէր կարող փոխվել կրկնակի կամ եռակի ավելի ժամանակահատվածում: Ինչը, դուր գա դա մեզ, թե ոչ, նշանակում է, որ ժողովրդավարություն կոչվածը մեր հասարակության խելքի բանը չէր: Իսկ եթե ընդունենք այն ոչ թե որպես հաստատված իրողություն, այլ ընդամենը գործընթաց, ապա այն կարող է կյանքի կոչվել ոչ պակաս, քան մեկ-երկու հարյուրամյակում՝ հաշվի առնելով կյանքի առաջընթացի տեմպի արագացումը: Այն էլ՝ եթե իշխանության կողմից որդեգրվի նման քաղաքականություն, եւ նրա իրական գործունեությունն էլ համապատասխանի այդ քաղաքականությանը: Եվ ոչ թե լինի դրա իմիտացիան՝ ինչպես նախորդների օրոք էր: Կամ էլ, ինչը շատ ավելի վատ է, ժողովրդավարության քողի տակ տարվի բացարձակ միապետություն հաստատելու գործընթաց, ինչը տեղի է ունենում այս օրերին:

Հենց վերջինիս դրսեւորումներն են խորհրդարանում կամ դրանից դուրս ընդդիմադիրների ծեծը, դավաճան անվանվելու համար հայհոյելը, մարդկանց դեմքին թքելը եւ այլն: Մեդալի մյուս կողմն էլ նույն այդ ժողովրդի անունից հանդես գալն ու իբրեւ թե նրա արժանապատվությունը պահելն է: Այդ ամբողջը կեղծիք է, ինչը տրամաբանորեն տեղավորվում է «Նիկոլիզմ» անվանված երեւույթում: Եթե չլիներ թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից մեր գլխավերեւում կախված դամոկլյան սուրը, ապա այդ երեւույթներն աստիճանաբար կվերանային՝ հաշվի առնելով, որ մենք ապրում ենք ոչ թե միջնադարում, այլ զարգացած տեխնոլոգիաների դարում: Սակայն հաշվի առնելով վերը նշված վտանգը՝ այն կարող է մեզ հասցնել պետության կործանման, ինչը նշանակում է որ նիկոլիզմից ազատվելն այլընտրանք չունի: 

ՀԳ. Ի դեպ, արեւմտյան քաղաքակրթության միջնաբերդ Միացյալ Նահանգներում թույլատրվում է դատախազ ու դատավոր սխալ հանելը․ ԱՄՆ նախկին նախագահ Դ. Թրամփի խոսքը՝ մեզ օրինակ: Սակայն նիկոլական «ժողովրդավարության բաստիոնում» դատարանին քննադատելը, «մեր հարազատ» ԲԴԽ-ի պաշտոնական կարծիքով, քրեական վարույթի հիմք է հանդիսանում: Ինչպես ասվում է՝ ժողովրդավարություն ունենք՝ աշխարհը չունի…