Ամիսը 300 մետր առաջ գալով՝ Հանրապետության հրապարակ կհասնեն 20-25 տարի անց

Ամիսը 300 մետր առաջ գալով՝ Հանրապետության հրապարակ կհասնեն 20-25 տարի անց

2020 թվականից Փաշինյանի կողմից իրականացվող «տարածքներ հանձնենք, որ էսկալացիա թույլ չտանք, նոր զոհեր չունենանք» քաղաքականությունը ճաքեր է տալիս, փլուզվում է: Սյունիքի Տեղ գյուղի բնակիչները հայտարարում են, որ իրենք պատրաստ են կռվել, նոր զոհեր տալ, միայն թե պաշտպանեն իրենց պապերի ու թոռների հողը: 44-օրյա պատերազմից հետո Փաշինյանի բացահայտ ու ոչ հրապարակային հրամաններով առանց դիմադրության Հայաստանից անընդհատ տարածքներ են զիջվել Ադրբեջանին: Փաշինյանը դիմադրության բացակայությունը բացատրում է զոհեր չտալու, մարդկանց կյանքը խնայելու մտահոգությամբ, փորձում է համոզել, թե իր համար հայ մարդու կյանքն ավելի մեծ արժեք է, քան հայկական հողը, ավելի լավ է մաս-մաս հողը հանձնի, քան մարդիկ այդ հողի համար կռիվ տան ու զոհվեն: Փաշինյանը համոզված էր, որ հայ հասարակությունը կաջակցի հայրենիք հանձնելու իր քաղաքականությունը, քանի որ 44-օրյա պատերազմում 4 հազարից ավելի զոհ տված հասարակությունը պատրաստ չէ նոր զոհերի ու զոհողությունների: Բացահայտ կապիտուլյանտական եւ դավաճանական այդ քաղաքականությունը սկսել է կոշտ դիմադրության հանդիպել: 

Տեղի բնակիչները բացահայտում են Փաշինյանի ու նրա ենթակա ԱԱԾ-ի կեղծիքը: Փաշինյանը ստում էր՝ ասելով, որ դիրքային փոփոխություն չի եղել, ու Հայաստանը տարածք չի հանձնել, իսկ ԱԱԾ-ն ստում էր՝ ասելով, որ ադրբեջանցիները պայմանավորվածությունը խախտելով են եկել ու դիրքավորվել հայկական տարածքներում, հիմա էլ իբր բանակցություններ են վարում ադրբեջանցիներին հայկական տարածքներից հեռացնելու համար: Տեղի բնակիչները ցույց են տալիս իրենց կողմից մշակվող դաշտերը եւ այդ դաշտերում ամրաշինական աշխատանքներ իրականացնող ադրբեջանցիներին: Այդ տարածքներն իրենք մշակել են նաեւ խորհրդային Հայաստանի ժամանակ, դրանք եղել են խորհրդային Հայաստանի սահմաններում, իրենք ունեն սեփականության վկայականներ, որոնք ստացել են 1991 թվականին հողի սեփականաշնորհման ժամանակ, եւ այնպես չէ, որ Հայաստանի վերահսկողության տակ են անցել առաջին ղարաբաղյան պատերազմի արդյունքում: Սրանով հերքվում է Փաշինյանի սուտը, որ դիրքային փոփոխություն կամ տարածքային կորուստ հայկական կողմը չունի: Տեղի բնակիչներն ասում են, որ մինչեւ ադրբեջանցիների գալն ու իրենց դաշտերում դիրքավորվելը Հայաստանի սահմանապահ զորքերի զինծառայողներն էլ են դիրքավորվել, բայց մեր իրական սահմանից բավական հետ: Գյուղացիներից մեկը պատմում է. «Տեսա՝ սահմանապահ զորքերն էին, խրամատ էին փորում, պոստ էին սարքում, կանգնեցի հարցրեցի՝ էս պո՞ստ եք սարքում, ասեց`հա: Ասեցի՝ մեր սահմանը, այ, էնտեղ է (ցույց է տալիս հեռվում երեւացող սարերը), ինչի՞ եք այստեղ պոստ սարքում, ասեց՝ հոպար ջան, մեզ տենց հարցեր չտաս: Ուրեմն նախօրոք իմացել են, չէ՞»: Գյուղացին բացահայտում է, որ ԱԱԾ սահմանապահ զորքերն անակնկալի չեն եկել ադրբեջանական առաջխաղացումից, նախօրոք իմացել են, պայմանավորվել են ադրբեջանական կողմի հետ, թե որտեղ են լինելու հայկական դիրքերը, որտեղ՝ ադրբեջանական, նախապես են պայմանավորվել, որ ադրբեջանական դիրքերը լինելու են հայկական տարածքում, Հայաստանը պայմանավորված տարածքային զիջումների է գնացել:

Ինչո՞ւ է Փաշինյանը ստում՝ ասելով, որ դիրքային փոփոխություն կամ տարածքային զիջում չկա: Նա հասկանում է, որ եթե խոստովանի, որ Ադրբեջանը Հայաստանի հաշվին տարածքային ձեռքբերումներ է ստանում, ուրեմն փլուզվում է իր կողմից հորինված մյուս հեքիաթը, թե՝ ոչինչ, որ Արցախը զիջեցինք թշնամուն, կարեւորը Հայաստանի 29,8 հազար քառակուսի կիլոմետրի անվտանգությունը եւ ամբողջականությունն ապահովելն է: Հիմա պարզ է, չէ՞, որ Արցախը զիջելուց հետո Փաշինյանը զիջում է նաեւ Սյունիքը: Ուղղակի, ի տարբերություն Արցախի, որը զիջեց պատերազմով ու զոհերով, Սյունիքը զիջում է առանց պատերազմի, կտոր- կտոր: ԱԱԾ-ն էլ ֆիքսում է ադրբեջանցիների առաջխաղացումը, որովհետեւ հնարավոր չէ չֆիքսել, չեն կարող գլուխներն ավազի մեջ մտցնել ու ասել, որ ոչ մի տարածքային զիջում էլ չի եղել, ինչպես ասում էին Սեւ լճի տարածքը հանձնելուց հետո, երբ տեւական ժամանակ պաշտոնապես հրաժարվում էին ընդունել, որ հայկական կողմը կորցրել է այդ տարածքի նկատմամբ վերահսկողությունը:

Փաշինյանի իշխանության երկու գաղափարական հենասյուները`«տարածք տանք, որ զոհեր չլինեն», «Արցախը տանք, որ գոնե 29,8 հազար քառակուսի կիլոմետրը փրկենք», փլուզվել են: 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ իշխանության ներկայացուցիչները, իբրեւ Փաշինյանին պաշտպանելու հակափաստարկ, ասում էին. հիմա որ ընդդիմությունը եկավ իշխանության, Շուշին ու Հադրութը հետ է բերելու, դրանով փորձելով հասարակությանը համոզել, թե ինչ կորցրել՝ կորցրել ենք, որ Փաշինյանը չլինի, մեկ է՝ այդ տարածքները հնարավոր չէ հետ բերել, կամ էլ պատերազմ է լինելու, եւ նորից տարածքային ու մարդկային կորուստներ են լինելու, ավելի լավ է համակերպվենք եղած կորստի հետ ու խաղաղ ապրենք: Պարզվեց, որ Փաշինյանը միայն պատերազմով տարածքներ հանձնելով չի բավարարվելու եւ շարունակելու է հանձնել: Պատերազմից հետո էլ ասում էին՝  ինչ է՝ 120 հազար արցախցու համար վտանգենք 3 միլիոն Հայաստանի Հանրապետության բնակիչների՞ն: Պարզ է, չէ՞, որ Փաշինյանի իշխանության պարագայում ոչ միայն արցախցիները, այլ նաեւ որեւէ ՀՀ քաղաքացի անվտանգության, իր կյանքի ու սեփականության ապահովության երաշխիք չունի, թուրքական բանդաները ցանկացած պահի կարող են մտնել Հայաստանի տարածք եւ տիրանալ մարդկանց ունեցվածքին, ու դա պաշտպանող չկա: 

Հայաստանը եւ հայ հասարակությունը կանգնած են գոյաբանական երկընտրանքի առաջ. կա՛մ համակերպվում են Փաշինյանի եւ նրա իշխանության գոյության հետ եւ թույլ տալիս, որ նա մաս-մաս հանձնի հայրենիքը, պահելով իր իշխանությունը, կա՛մ Փաշինյանին հեռացնելով՝ փրկում են Հայաստանը: Թուրքական բանակի առաջխաղացումը Փաշինյանին ու նրա իշխանավորներին առանձնապես չի մտահոգում եւ չի սպառնում: Փաշինյանն ինչ-որ մեկին, իր թիմի մաթեմատիկոսներին հարցրած կլինի, որ եթե թուրքն ամիսը մեկ 300 մետրով առաջ գա, մինչեւ իր աթոռը որքա՞ն ժամանակ կպահանջվի: Սրանք էլ հաշվել ու ասել են, որ այս տեմպերով Հանրապետության հրապարակ հասնելու համար մի 20-25 տարի պետք է, այդքան ժամանակ կարող ենք հանգիստ լինել: 2018 թվականին տապալված սահմանադրական կարգը վերականգնելուն այլընտրանք չկա: Հինգ տարին բավարար ժամանակ էր, որ հասարակության խաբված ու իրականության զգացողությունը կորցրած մասը հասկանար, որ այս իշխանությունը երկիրը տանում է ոչնչացման:

Ավետիս Բաբաջանյան