Էլեկտրաքարվաճառի առեղծվածը- 2

Էլեկտրաքարվաճառի առեղծվածը- 2

Հունվարի 29-ին Քարվաճառում նախագահ Բակո Սահակյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանն այցելել է հացադուլ հայտարարած Ալեքս Քանանյանին: Իշխանությունը հավաստիացրել է, որ ստեղծում է փոքր հէկ-երի կառուցման օրինականության եւ բնապահպանական չափորոշիչների հարցերով մասնագիտական հանձնաժողով, որի եզրակացությունից հետո պարզ կլինի՝ շարունակե՞լ աշխատանքները, թե՞ դադարեցնել: Արցախի հանրային հեռուստատեսությունը ծավալուն հաղորդում է հեռարձակել՝ ներկայացնելով նաեւ հարցի վերաբերյալ Ալեքս Քանանյանի տեսակետը: Թվում էր՝ իրավիճակը գնում է լիցքաթափման:

Բայց հետեւեց Քանանյանի չափազանց կոշտ ֆեյսբուքյան գրառումը, որով նա վերջնագիր ներկայացրեց՝ կամ հեռուստատեսությունն իրեն 30 րոպե ուղիղ եթեր է տրամադրում, կամ, ինչպես ինքն է ձեւակերպել՝ «բանակցությունները խզվում են»: Հեռուստատեսությանը տված մեկնաբանությամբ Քանանյանը չի հերքել իր քայլերի քաղաքական նշանակությունը: Եւ տպավորություն է ստեղծվում, որ նա ոչ թե ինքնուրույն է գործում, այլ կառավարվում ինչ-որ կենտրոնից: Ստեփանակերտում որոշ փորձագետներ առաջ են քաշում բավական ուշագրավ վարկածներ: Վերջին տարիներին Արցախի կառավարությունն իրականացրել է էներգետիկ ինքնաբավության հասնելու քաղաքականություն:

Փոքր հէկ-երի ծրագիրը մշակվել եւ իրականացվել է այդ համատեքստում: Խնդիրը լուծված է, սպասվում է երկրորդ փուլը, երբ հնարավոր կդառնա հաղթահարել Արցախի կախվածությունը ներկրվող էներգառեսուրսներից: Առհասարակ Արցախի էներգետիկ ինքնաբավությունը կարող է մտահոգել նաեւ արտաքին որոշակի ուժերի: Գաղտնիք չէ, որ միջազգային պրակտիկայում բնապահպանական շարժումները հաճախ սպասարկում են կորպորատիվ տնտեսական եւ քաղաքական շահեր: Այս դիտանկյունից Քանանյանի նախաձեռնությունը կարող է  ունենալ արտաքին հովանավորներ, որոնց ձեռնտու չէ Արցախի էներգետիկ ինքնաբավությունը, քանի որ այն տանում է դեպի առհասարակ մեկուսացվածության հաղթահարում եւ տնտեսական այնպիսի նախագծումների, որոնց իրականացումն, անկասկած, ազդեցություն կունենա ԼՂ կարգավորման գործընթացի վրա: Այս գնահատականն արժանի է լուրջ ուշադրության:

Քանանյանի վերջնագրային գրառումն այն պահին, երբ իշխանությունը պատրաստակամություն է հայտնում մասնագիտական ուսումնասիրություններ կատարել, վկայում է, որ քարվաճառյան «կանաչ հեղափոխությունը» բավական հեռուն գնացող նպատակներ է հետապնդում՝ կապված ոչ միայն առաջիկա նախագահական ընտրությունների, այլեւ Արցախի ապագայի հետ առհասարակ: Որոշակիորեն հստակվում է նաեւ նրան աջակցողների շրջանակը: Եւ, կարծես, ակցիան վերածվում է լակմուսի՝ ովքե՞ր են իրականում Արցախի զարգացման ջատագովները:

Նրա՞նք, որ կանխածրագրում են էներգետիկ ինքնաբավության հիմքով նոր տնտեսական նախաձեռնություններ, որոնց իրացման դեպքում սկզբունքային փոփոխություններ տեղի կունենան մարդկանց կյանքում, թե՞ այդ հեռանկարի դեմ ընդդիմացողները: Վերագրումներից զերծ մնալով հանդերձ՝ արձանագրենք, որ Արցախի բնական պաշարների եւ մասնավորապես ջրային ռեսուրսների տնտեսական նպատակով օգտագործման դեմ տարիներ ի վեր պայքարում է Ադրբեջանը: Խնդիրը հստակ է՝ մենք զարգացած ենթակառուցվածքների, էներգետիկ ինքնաբավության եւ սոցիալ-տնտեսական թռիչքի նախապատրաստվող Արցա՞խ ենք ուզում ունենալ առաջիկա տասնամյակներում, թե՞ ՝ ոչ: