Բլոկադա, օր 12-րդ․ ինչի՞ պակաս կա այսօր Արցախում

Բլոկադա, օր 12-րդ․ ինչի՞ պակաս կա այսօր Արցախում

12-րդ օրն է Արցախը շրջափակման մեջ է: Չնայած այս ամենին՝ արցախցիների հույսը չի մարում, խուճապ չկա: Թեպետ Հայաստանի իշխանությունները շարունակում են կյանքն այնպես ապրել, կարծես, ոչինչ էլ չի եղել, Ջերմուկում խնջույքներ են կազմակերպում, Ազգային ժողովում շարունակում նախկին իշխանությունների վրա բարդել բոլոր իրական և ոչ անիրական մեղքերը, զոհվածի հոր բարձրախոսն են անջատում, թշնամին շարունակում է իր սև գործն անել: Թե ինչ իրավիճակ է այժմ Արցախում, ինչի՞ պակաս կա, արցահայությունն ինչպե՞ս է ապրում իր առօրյան, այս հարցերի պատասխանները փորձել ենք ստանալ արցախցի ակտիվիստ, «Արդարություն» կուսակցության երիտասարդական կառույցի նախագահ Արշակ Աբրահամյանի հետ:

-Արշակ, 12-րդ օրն է, Արցախը բլոկադայի մեջ է: Այսօր ինչպիսի՞ տրամադրություններ են առկա Արցախում, և վերջապես՝ ինչի՞ պակաս կա այդտեղ:

-Հիմնականում արդեն սննդի կետերում նկատվում է ՀՀ-ից ներկրվող ապրանքների դեֆիցիտ։ Նույն վիճակն է նաև դեղատներում։ Բանկոմատների մեծ մասը չի գործում, կանխիկ գումարի բացակայության պատճառով, իսկ որտեղ որ կա գումար`շատ մեծ հերթեր են։ Սակայն, չնայած դժվարություններին, չկա խուճապ, կա միայն պայքարի տրամադրվածություն և ժողովուրդը ավելի շատ փորձում է գտնել ելքեր՝ դուրս գալու համար ստեղծված իրավիճակից։

-Ո՞ր սննդամթերքներն ու դեղերն են հատկապես պակասում:

-Հիմնականում նկատվում է մրգերի և բանջարեղենների պակաս, իսկ ահա դեղատներում էլ հստակ դեղեր կան, որ պատվերով էին ներմուծվում Արցախ, երեխաների տակդիրների պակաս կա նաև, ճնշման և ջերմիջեցնող դեղերի պակաս:

-Ստեփանակերտում վառվեցին գլխավոր տոնածառի լույսերը…. մարդիկ Ամանորին պատրաստվո՞ւմ են այդտեղ:

-Փորձում ենք երեխաներին չզրկել իրենց մանկությունից և հատկապես կուզենայի բոլորի ուշադրությունը հրավիրել այն ֆլեշմոբերի վրա, որտեղ Արցախի տարբեր շրջանների և մայրաքաղաքի երեխաները հստակ ուղերձ և պահանջ են հղում աշխարհին (ես դրանք տարածում եմ իմ էջերով, կարող եք տեսնել)։ Ուրախալի է նաև այն փաստը, որ տեղի են ունենում պսակադրություններ։ Այս ամենը խոսում է նրա մասին, որ արցախցին չի հուսահատվում, ամուր կանգնած է իր հողում և անկախ թշնամի պետության բռնաճնշումներից`չի հեռանալու իր պատմական հայրենիքից:

-Ասում են՝ Արցախում պարենային ճգնաժամ է: Հացի արտադրամասերն աշխատո՞ւմ են:

-Որոշ արտադրամասեր, այո, աշխատում են: Կան հացի արտադրամասեր, որոնք ալյուրի բացակայությանբ պայմանավորված արդեն չեն գործում։ Բայց այս պահի դրությամբ իրավիճակը ընդհանուր առմամբ կառավարելի է։ Որոշ սակավություն նկատվեց միայն այն ժամանակ, երբ անջատվեց գազամատակարարումը։ Դա էլ պայմանավորված էր նրանով, որ հացի արտադրամասերի մեծ մասն աշխատում էր գազով: