Ինչ սպասել 2023 թվականին՝ ռուս-ուկրաինական պատերազմի դաշտում
Այս տարվա փետրվարի 24-ին Ուկրաինայում սկսված ՌԴ հատուկ ռազմական գործողությունից, իրականում՝ տասնյակ հազարավոր մարդկանց, այդ թվում՝ խաղաղ բնակիչների կյանքեր խլած դաժան ու ողբերգական պատերազմից 10 ամիս անց գլխավոր հարցը, ցավոք, այն չէ, թե երբ կավարտվի պատերազմը, այլ՝ թե ինչպես կշարունակվի այն 2023 թվականին, որովհետեւ խաղաղ բանակցությունների հիմքերի տոտալ բացակայություն կա։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օրերս խոստովանեց, թե Ռուսաստանին միացած Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետություններում, Խերսոնի եւ Զապորոժիեի մարզերում իրավիճակը ներկայում չափազանց բարդ է։ Ուկրաինայի նախագահ Զելենսկին իր հերթին հայտարարել է գալիք տարի Ղրիմում «ամառն անցկացնելու» մտադրության մասին։ Առհասարակ, որքան էլ Կրեմլից պնդում են, թե հատուկ ռազմական գործողությունն ընթանում է նախանշված կերպով՝ կատարելով սահմանված նպատակներն ու խնդիրները, փաստ է, որ Պուտինի տրամադրությունն ակնհայտորեն ընկել է, եւ նրան բնորոշ վճռական ու ռազմական կոշտ բանաձեւումները փոխարկվել են զգացմունքային, հայրենասիրական-հռչակագրային եւ ինչ-որ առումով՝ երբեմնի հզոր Ռուսաստանի մասին նոստալգիկ հայտարարությունների։
Մինչդեռ Զելենսկու խանդավառությունը գրեթե գագաթնակետին է հասել․ այսպես, Ուկրաինայի նախագահը դեկտեմբերի 22-ին ԱՄՆ կոնգրեսում հայտարարեց, որ հաջորդ տարի պատերազմում «շրջադարձային պահ» է լինելու։ «Չնայած բոլոր դժվարություններին եւ մռայլ սցենարներին, Ուկրաինան չի ընկել, Ուկրաինան ողջ է եւ անվնաս»,- ասել էր նա։
2022 թվականի ամենամեծ անակնկալն այն էր, որ Ուկրաինան կարողացավ կանգնեցնել ռուսական ռազմական մեքենան։ Ետ մղելով ռուսական առաջին հարձակումը՝ ուկրաինական բանակը նույնիսկ հակահարձակումներ է իրականացրել հյուսիս-արեւելքում եւ հարավում՝ վերականգնելով վերահսկողությունը որոշ օկուպացված տարածքների վրա։ Վլադիմիր Զելենսկին կատակերգու նախագահից դարձել է խարիզմատիկ ռազմական առաջնորդ։
Արձանագրենք, որ ռուս-ուկրաինական պատերազմը հատկանշվում է 4 հիմնական գործոններով․
ա․ Ռազմական հակամարտության այս փուլում հատկապես անհնար է խոսել Մոսկվայի եւ Կիեւի ուղիղ բանակցությունների մասին․ կողմերից յուրաքանչյուրը նույնիսկ տեսականորեն բացառել է այդ տարբերակը (Ուկրաինան՝ հատկապես)։
բ․ Միջազգային հանրությունը հաստատուն կոնսենսուս ունի Ուկրաինային ռազմական, ֆինանսական, քաղաքական եւ մարդասիրական պարբերական ու աննախադեպ աջակցություն ցուցաբերելու հարցում՝ հընթացս զարգացնելով եւ ընդլայնելով հակառուսական պատժամիջոցները։
գ․ Եվրոպան վերջապես արթնացավ պատմական խորը քնից․ Շվեդիան եւ Ֆինլանդիան, չնայած իրենց ավանդական չեզոքությանը, որոշեցին անդամակցել ՆԱՏՕ-ին։ Գերմանիան հայտարարեց ռազմական ծախսերը մեծացնելու ծրագրի մասին, ԵՄ-ն կտրուկ հրաժարվեց ռուսական էներգիայի աղբյուրներից, թեեւ դա թանկ արժեցավ հին աշխարհամասի վրա եւ կանգնեցրեց նոր, լրջագույն ճգնաժամի առջեւ։
դ․ Ռուսաստանը վերաձեւեց արտաքին քաղաքական քարտեզն ու դոկտրինը՝ փորձելով իր դեմ ելած կամ, ավելի ճիշտ՝ իր կողմից թշնամի հռչակված Արեւմուտքին հակադրել իր տարազան դաշինքներն ու համագործակցային հարթակները՝ Բելառուսի հետ միութենական համատեղ զորախումբ, ԱՊՀ, ՀԱՊԿ ու ԵԱՏՄ կառույցներ, Չինաստանի ու Իրանի հետ համագործակցություններ եւ այլն։
Ի դեպ, նույն ԱՄՆ կոնգրեսում ունեցած իր ելույթում Զելենսկին հայտարարեց․ «Ռուսաստանը հանցակից է գտել իր ցեղասպան քաղաքականության մեջ: Դա Իրանն է: Իրանական անօդաչու թռչող սարքերը, որոնք Ռուսաստանը ստանում է հարյուրավորներով, սպառնալիք են դարձել մեր կարեւոր ենթակառուցվածքների համար: Այսպիսով, ահաբեկիչներից մեկը մյուսին է գտել՝ ազատ աշխարհի դեմ պայքարելու համար»։
Հենց այս ուղեբեռով, իրողություններով, ռեսուրսներով ու նախատրամադրվածությամբ են Մոսկվան եւ Կիեւն ամփոփում պատերազմական տարին, ինչից կարելի է ենթադրել, որ առաջիկա ամիսներին, այն է՝ գալիք 2023 թվականին, ռուս-ուկրաինական պատերազմը կընթանա առանձնակի դաժանությամբ։ Անկախ հանգամանքից, թե կողմերից որն է հավատում իր հաղթանակին, ակնհայտ է, որ երրորդ համաշխարհային պատերազմի մասին խոսակցությունները, ցավոք, իրատեսական են, քանի դեռ խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը դրսեւորվում են միայն Հռոմի պապի աղոթքներով, եւ քանի դեռ աշխարհում մի տեղ դարանակալված՝ սպասում է միջուկային զենքը․․․
Կարծիքներ