Դու, ազգը եւ Աստված (խոսք՝ կրտսեր բարեկամիս)

Դու, ազգը եւ Աստված (խոսք՝ կրտսեր բարեկամիս)

Մի թող հոռի մտքերից ոգիդ ծուլանա ու ընկճվի. շրջափակում է՝ կանցնի:
Քո տեսակի ու ճակատագրի հետ հաշտ եղիր. ոչ մի ամերիկացի, եվրոպացի ու չինացի քեզնից առավել չէ: Դու հենց ուժեղ ու անկրկնելի ես քո բնույթով ու կենսագրությամբ:  

Նախ՝ ինքնապավեն եղիր, հետո աջակիցներ գտիր այլուրեք: Շարունակ ավելացրու նրանց թիվը:
Դրսի անհաղորդ հայացքը շան տեղ մի դիր, օտարից բան ակնկալողը ունեցածը կկորցնի:
Մի չարանա ու մի գազազիր. անցած խայտառակ կռվի ժամանակ դու ավելի հավասարակշիռ ու զուսպ էիր. հիմա եղածը շրջափակում չէ՞… 

Թշնամուն թշնամի ասա, բարեկամին՝ բարեկամ, չխառնես նրանց իրար:
Վերեւներում նստած քո ընկերներին հուշիր, որ տղամարդկանց զենք բաժանեն. հայ տղամարդու ձեռքին զենքը կրակում է հանուն արդարության:

Դավաճաններին չներես, մեջիդ վրեժը պահիր, կգա հատուցման իրավ ժամանակը:
Ում հետ էլ խոսես՝ Արցախ ու Հայաստան ասա, դրանք սուրբ անուններ են:
Երկրիդ դրոշը պարզած պահիր, նրա շվաքից ապահով տեղ աշխարհում չես գտնելու:
Հուսադրիր ծանոթ-անծանոթներին, նրանք սննդի, ջերմության ու ապահովության չափ հույսի պահանջ ունեն նաեւ: Միաժամանակ նախազգուշացրու, որ, հնարավոր է, շրջափակումը սեփական ուժերով ճեղքելու կարիք լինի:

Հավատարիմ մնա երազանքներիդ: Նույնկերպ հավատա քեզ ու մեր ազգին. Աստծուն հավատա: Դու, ազգը եւ Աստված՝ անպարտելի եռամիասնություն եք:

Ձգտիր, որ էս փորձությունից դուրս գաս ավելի կոփված ու վճռական, առջեւում դեռ երկար մաքառելու ճանապարհ կա:

Մենակ չմնաս, մենությունից մարդ արագ է կոտրվում: Նոր ընկերներ ձեռք բեր. ուսուսի տվեք, ձեռքձեռքի: Ավելի սրտակից եղեք միմյանց հանդեպ:

Ազգակիցներիդ ու մերձավորներիդ հանդեպ սիրո մեջ առավել շռայլ եղիր, մի խնայիր գովեստի խոսքեր նրանց, ովքեր իրենց արժանապատվորեն ու արիաբար են պահում: Կշտամբիր վախկոտներին, մորթապաշտներին ու խուճապահարներին, նրանց դարձի բեր կարելվույն չափ:
Հյուրասեր լինելդ մի մոռացիր, մտերիմներիդ ու հարեւաններիդ առաջվա պես տուն կանչիր ու հյուրասիրիր: Քեզ հանդիպած սովածին ունեցածդ հացից տուր:

Ավելի հաճախ եւ նույն կենսախնդությամբ երեւա մարդկանց մեջ, թող քեզնից եռանդ ու հավես առնեն:

Ունեցած փողն ու մառանած ուտելիքը տնեցիներով խնայողաբար ծախսեք, համարեք, որ պահքի ու ճգնակեցության օրեր են: Ղուշի թեւով էլ լինի՝ բոլորիդ պիտանի առաջին բաները հասցնելու են, դուք մոռացված չեք, ամենուր սրտացավ հայրենակիցներ ունեք: Իսկ անտարբերների ու ձեզ քարկոծողների վրա թքած ունեցեք:

Շարունակիր աշխատել նույն ռիթմով, շատ բան կարող ես անել նաեւ էս պայմաններում: Գործի մարդ ես, քեզ անտեղի պարապուրդի չմատնես:

Նոր տանդ կառուցումը մի ընդհատիր, էս սուղ օրերին էլ շինանյութ կգտնվի: Հետո էդ տունը սպասվածից ավելի քաղցրորեն եք վայելելու ընտանյոք:

Ծնողներիդ հանդեպ ավելի հոգատար եղիր, նրանք ծերանում են՝ քո եւ ժողովրդի մասին մտածելով:
Սովորականի պես երեսդ ածիլած պահիր, որ լուսերես երեւաս մարդկանց: Կոկիկ հագնվելդ զանց չառնես:

Նոր տարին մոտենում է, թեկուզ փոքրիկ ու խորհրդանշական՝ նվերներ պատրաստիր հարազատներիդ ու մտերիմներիդ համար, թող ուրախանան քո տվածով:

Շատ մի նեղվիր, որ դեկտեմբերի կեսին Երեւան ծրագրած այցդ խափանվել է. ճանապարհը կբացվի՝ նոր կգնաս: Գործընկերներդ ըմբռնումով կմոտենան ուշանալուդ:

Տղայիդ ասա, որ նրան խոստացած հազվագյուտ դետալները անպայման գտնելու եմ, առայժմ թող մշակի իր երեւակայած ֆանտաստիկ թռչող սարքի նախագիծը:

Պինդ ու լավատես կաց, բարեկամս, փորձություններն ու թշնամիները կգան ու կանցնեն:

Սիրով՝ քո անկեղծ բարեկամ՝ Հրանտ Ալեքսանյան

Արցախ