Այդ հարցը տվեք այն քաղաքացիներին, ովքեր 2021-ին Փաշինյանին են տվել իրենց ձայնը

Այդ հարցը տվեք այն քաղաքացիներին, ովքեր 2021-ին Փաշինյանին են տվել իրենց ձայնը

«Հրապարակի» հարցերին պատասխանում է նախկին վարչապետ, Գերագույն խորհրդի պատգամավոր Խոսրով Հարությունյանը:

- Նախկին դեսպան Էդգար Ղազարյանը նոր շարժում է նախաձեռնել, որը կոչվում է «Անկախություն»: Նա ցանկանում է շարժման մեջ համախմբել Գերագույն խորհրդի պատգամավորներին, որոնք 1990-1995 թվականներին պատգամավոր են եղել: Դուք նույնպես այդ թվերին պատգամավոր եք եղել, ստացե՞լ եք հրավեր եւ ինչպե՞ս եք վերաբերվում այդ նախաձեռնությանը: Ի վերջո, Արցախն ու Հայաստանն այսօր ծանրագույն եւ անօգնական վիճակում են, այդ նախաձեռնությունն էլ ուղղված է Արցախի ու Հայաստանի պաշտպանությանը:

- Էդգար Ղազարյանի նախաձեռնությունը գաղափարական է: Նա, կարծես, կոչ է արել ոչ թե համախմբվել իր, այլ կոնկրետ գաղափարի շուրջ: Նա առաջ է քաշում մի գաղափար, որը, ըստ էության, Հայաստանի Հանրապետության վերանվաճման մասին է: Բոլորս էլ այն կարծիքին ենք, որ պետականությունն այսօր գործող իշխանությունների գործողությունների կամ անգործության արդյունքում վտանգի տակ է հայտնվել: Հայոց պետականության շուրջ ձեւավորվել են կործանարար իրադրություններ: Խնդիրն այն է, որ մեր անկախության կարեւորությունն այսօր երկրորդ պլան է մղվել, եւ մենք պետք է համախմբվենք անկախ պետությունը պահպանելու գաղափարի շուրջ: Սա, միանշանակ, բավականին առողջ նախաձեռնություն է: Այս գաղափարը ձեւավորվում էր դեռեւս «Դիմադրություն» շարժման հավաքների օրերին, երբ բազմաթիվ մտավորականներ, քաղաքական գործիչներ դուրս էին եկել պայքարի: Ֆրանսիայի հրապարակ դուրս եկած քաղաքացիները գիտակցում էին անկախության կարեւորությունն ու գինը: Եթե կարելի է ասել, ապա պետք է ասեմ, որ պայքարի ելած մարդիկ ունեն խելացի եւ իմաստավորված միտք: Հիմա կրկին պետք է պայքարենք եւ միասնական կերպով արդյունքի հասնենք:

- 2020 թվականի աղետալի պատերազմից հետո ընդդիմությունն անհաշվելի թվով բողոքի ակցիաներ է կազմակերպել, սակայն տեսանելի արդյունք չկա: Գործող իշխանությունները շարունակում են անել իրենց «սեւ գործը»: Հիմա էլ Ադրբեջանին են հանձնում Աղավնոն ու Բերձորը....

- Եթե արդյունք ասելով նկատի ունեք իշխանափոխությունը, ապա, այո, ես Ձեզ հետ համաձայն եմ: Ոչ միայն կհամաձայնեմ այս կոնտեքստում, այլեւ կասեմ, որ 2021 թվականի հունիսին տեղի ունեցած ընտրությունների արդյունքում հանրության մի զգալի հատված Նիկոլ Փաշինյանին ուղղակիորեն արդարացրեց: Սա ցավալի է, բայց փաստ է, սակայն ի՞նչ անել հիմա: Հաշտվե՞լ այդ մտքի հետ, չխոսե՞լ:

- Բայց եթե հույս չկա, որ Նիկոլ Փաշինյանը հեռանալու է, ապա նոր շարժում ստեղծելու իմաստն ու նպատակը ո՞րն է:

- Ես չեմ ասում, թե հույս չկա: Ես ասում եմ, որ պարզապես դժվար է: Նույնիսկ այս բարդ պայմաններում, բոլոր այն քաղաքացիները, որոնք իրենց պատասխանատու են համարում, պետք է խոսեն, իրենց բողոքի ձայնը բարձրացնեն: Բոլոր հնարավորությունները պետք է օգտագործենք.... ես այն կարծիքին չեմ, որ ընդդիմության բոլոր ակցիաներն անարդյունք են եղել: Այդ հավաքների շնորհիվ հասարակության մտածող շերտն այսօր առավել կոնսոլիդացված է:

- Արցախում գյուղեր են հանձնվում թշնամուն, սակայն ընդդիմությունն ասում էր, թե իրենց ակցիաները, այսպես ասած, «զսպաշապիկ» եղան Փաշինյանի համար, եւ նա հերթական վտանգավոր քայլին չի գնա: Մենք այսօր տեսնում ենք լրիվ հակառակը:

- Այդ հարցը Դուք ինձ չպետք է տաք: Այդ հարցը տվեք այն քաղաքացիներին, որոնք 2021 թվականին Նիկոլ Փաշինյանին են տվել իրենց ձայնը: Ես այդ հարցի հասցեատերը չեմ: Վաչապետ Նիկոլ Փաշինյանի օգտին քվեարկողները եւս պատասխանատվություն են կրում այսօրվա համար:

- Պարոն Հարությունյան, Ձեր քաղաքական փորձն ի՞նչ է ասում` Հայաստանն այսօր դեպի ո՞ւր է գնում:

- Ցավոք, հիմա ամբողջ աշխարհում է իրավիճակը խառնվել: Աշխարհը հայտնվել է բարդ զարգացումների փուլում, եւ, ցավոք, այսօր «ուժն է ծնում իրավունք» ասվածն աշխարհում դարձել է օրենք: Այս պայմաններում պետք է արձանագրենք, որ Հայաստանն այնքան էլ նախանձելի իրավիճակում չէ, եւ դա՝ հենց այս իշխանությունների գործողությունների կամ անգործության արդյունքում: Դարեր շարունակ Հայաստանը թոհուբուհի մեջ չի պայքարել, որ 21-րդ դարում կորցնի իր պետականությունը: Բոլորս պետք է գիտակցենք, որ պետականությունը փրկելն այսօր առավել, քան երբեւէ, մեր սուրբ պարտքն է: