Խարդավանքներ, հակասություններ, ֆինանսների պակաս․ «Երկիր Մեդիայի» սնանկացման պատճառները

Խարդավանքներ, հակասություններ, ֆինանսների պակաս․ «Երկիր Մեդիայի» սնանկացման պատճառները

«Հրապարակն» օրերս անդրադարձել էր «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունում ստեղծված իրավիճակին: 19 տարվա կենսագրություն ունեցող հեռուստաընկերությունը փակման եզրին է: Հաղորդումները չեն հեռարձակվում: Լրագրողները, օպերատորները, մոնտաժողները, պահակը, անվտանգության աշխատակիցները դուրս են եկել աշխատանքից՝ մի քանի ամիս աշխատավարձ չստանալու պատճառով: Լուրերն արդեն եթեր են գնում առանց հաղորդավարի, սակայն հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանը մեր լրագրողի հարցին ի պատասխան ասել էր. «Երկիր մեդիայում» ոչինչ չի փոխվել եւ «Մենք վերականգնվելու խնդիր չունենք, «Երկիր մեդիան» վերականգնված է: Նոր տարվա օրերին բոլոր հեռուսատեսություններում էլ կրկնություններ են գնում, բայց մեզ մոտ երեք նոր հաղորդում կա: Դեռ Նոր տարվա արձակուրդում ենք:….Անահիտի հաղորդումը կա, «Բարեւ, երկիրը» կա, մի խոսքով, հաղորդումները կան, լրատվությունը կա»: Իսկ թե ինչու լուրերի թողարկումը չունի հաղորդավար, չի ցանկացել պատասխանել:

«Երկիր Մեդիայի» սնանկացումը սկսվեց Բագրատ Եսայանի՝ տնօրեն դառնալուց հետո, հետեւաբար, նա ուզում է հերքել այն բացասական փոփոխությունները, որոնք տեղի ունեցան իր գալուց հետո: Իսկ ի՞նչ է կատարվել Եսայանի՝ տնօրեն դառնալուց հետո։ Բացի լուրերի՝ նախկին ֆորմատով չթողարկվելուց, արդեն եթերում չեն Հեղինե Ասրյանի՝ «Երկրի մարդիկ» հաղորդաշարը, «Վիվտաշի արկածները», «Ամֆիթատրոնը», «Ապրիր առողջ»-ը։ Սրանք բոլորն էլ բավականին կայացած հաղորդաշարեր էին: Թեեւ անոնսներ են գնում, թե փակված հաղորդումները եթեր են գնում, իրականում եթեր են գնում այդ հաղորդումների կրկնությունները: Այո, ինչպես ասում է Բագրատ Եսայանը, «Բարեւ, երկիր» հաղորդումը կա:  Սակայն տնօրենը չի մանրամասնում, թե ինչպես եղավ, որ բոլոր կայացած հաղորդումները փակվեցին, իսկ նորաթուխ հաղորդավարուհու հաղորդումը մնաց եթերում: «Բարեւ Երկիրի» հաղորդավարուհին հեռուստաընկերության գլխավոր ռեժիսոր Արթուր Պապյանի կինն է, վերջինս ամեն ինչ անում է այդ հաղորդման համար: 

Լրատվական բաժնի նախկին լրագրող Անի Նահապետյանը մեզ հետ զրույցում պատմեց. «Նախ, երբ Բագրատ Եսայանը դարձավ տնօրեն, yerkir.am-ին համոզեց, որ եթե երկուսը միանան, աշխատանքն ավելի արդյունավետ կդառնա, բյուջեն կհամատեղվի, կտնտեսվի եւ այլն: Հարցը քննարկվեց ՀՅԴ բյուրոյում եւ համաձայնության եկան: Կայքի աշխատակիցները միշտ ճիշտ ժամանակին եւ ավելի բարձր աշխատավարձ են ստացել, ի տարբերություն՝ հեռուստաընկերության աշխատողների, ովքեր ավելի շատ էին աշխատում: Բագրատ Եսայանը որ եկավ, սկզբում համակարգված աշխատավարձ էինք ստանում՝ մի չորս ամիս: Հետո սկսեցին ուշացնել՝ մեկ ամիս, երկու, երեք ամիս եւ այսպես շարունակ…Երբ միավորվեցին կայքն ու թիվին, Վահե Սարգսյանը, ով կայքի գլխավոր խմբագիրն էր, դարձավ լրատվականի տնօրեն, նստում էր Գեղամ Մանուկյանի տեղը: Եսայանի ու Վահեի հարաբերությունները բավականին լարված էին, քանի որ Եսայանը թույլ չէր տալիս լրատվականաի տնօրենին որեւէ բանի խառնվել: Ու ստացվում էր՝ այդ մարդն ամբողջ օրը միայն սուրճ էր խմում: Հետո Վահեի ու Եսայանի միջեւ տարաձայնություններ առաջացան՝ լրագրողների հետ կապված, մեկը գտնում է, որ ինչ-որ լրագրողի պահելն ու աշխատավարձ տալն անիմաստ է, մյուսը՝ հակառակ կարծիքին էր եւ այսպես շարունակ: Հետո մեծ կռիվ եղավ Բագրատ Եսայանի ու Վահե Սարգսյանի միջեւ: Դրանից երկու օր անց նորից առաձնացան կայքն ու հեռուստաընկերությունը: Գեղամ Մանուկյանի ժամանակ հեռուստատեսության լրատվականում շատ ջերմ ընտանեկան մթնոլորտ է եղել: Բոլորս իրար հասկացած էինք՝ համախմբած ղեկավարի շուրջը: Երբ Մանուկյանը դարձավ պատգամավոր, բնականաբար, դուրս եկավ լրատվականից: Բայց երբեմն գալիս էր, ինչը դուր չէր գալիս Եսայանին: Ու նա հասավ նրան, որ Գեղամն այլեւս չէր գալիս հեռուստաընկերություն: Միշտ կոնֆլիկտներ, կռիվեր: Բագրատ Եսայանը խանդով էր վերաբերվում բոլոր մյուս ղեկավարներին: Իսկ աշխատակիցները, ովքեր իրեն դիմում էին ուշացած աշխատավարձի համար, արժանանում էին հանդիմանության: Ոմանք այս ամենի մեղքը բարդում են ՀՅԴ բյուրոյի վրա, թե մարդուն չեն ֆինանսավորում, դրա համար էլ աշխատավարձը չի կարողանում տալ: Ոմանք էլ ասում են, թե բյուրոն փողը տվել է, բայց այն չի հասել աշխատողներին: Թե իրականում ինչ է կատարվել, որտեղ են կորել գումարները, եղել են, թե ոչ, չեմ կարող հստակ ասել: Կարծում եմ, որ շատ դաշնակցականներ Բագրատ Եսայանին չեն սիրում: Ես դա հասկացա՝ աշխատելով Գերագույն մարմնի շենքում: Հետեւաբար, հնարավոր է, որ այնպես արեցին, որ նա «պռավալ» տա: Եսայանը մի քանի անգամ հրաժարականի դիմում է գրել, բայց չեն ընդունել, չեն ազատել՝ «ընկել ես՝ քաշի» մոտեցումով: Եսայանը կրակն է ընկել, հնարավորություն ունենալու դեպքում դուրս կգար: Պապյանն է ստեղծագործական հաղորդումների ռեժիսորը, Եսայանը հիմնականում նրան է լսել: Պապյանը լրատվականը միշտ ստորադասել է ստեղծագործական հաղորդումներին: Բագրատ Եսայանին համոզել է, թե ամենալավ ու կարեւոր հաղորդումն իր կնոջ հաղորդումն է»:

«Երկիր Մեդիայի» այս վիճակի պատճառներից մեկն էլ այն է, որ ի սկզբանե չի եղել կոմերցիոն մտածելակերպ, ֆինանսներ գտնել-բերելու մտահոգություն: Գումարները տրամադրել է ՀՅԴ կուսակցությունը, գովազդներ ունենալու կարիք չի եղել եւ արդյունքում հեռուստաընկերությունը պարտքեր է կուտակել ոչ միայն աշխատողների աշխատավարձի տեսքով, այլեւ հեռուստաաշտարակին՝ վիշկային, որի համար թիվիի շենքը գրավադրված է: Դատարանում սնանկության գործ է քննվել, սակայն տարեվերջին այդ դատն ավարտվել է եւ այժմ առողջացման փուլ է սկսվել հեռուստաընկերության համար: Թե որքանով կկարողանա Հ/Ը ղեկավարությունը հաղթահարել այս փուլը, ցույց կտա ժամանակը: Շատ կափսոսենք, եթե հայաստանյան քաղաքական դաշտի ամենաավանդական ու ամենամեծ կուսակցության խոսափողը, որը 19-20 տարվա կենսագրություն ունի, քանդվի, կամ` առհասարակ դուրս գա հեռուստադաշտից: