«Երկիր մեդիա» հեռուստաընկերությունն ավելի քան 20 տարի է՝ հեռուստաեթերում է: 2004 թվականից ի վեր այս հեռուստաընկերությունն իր ուրույն տեղն է ամրագրել հեռուստաեթերում: Եվ չնայած մեր օրենքն արգելում էր կուսակցություններին՝ հեռուստաալիքներ ունենալ, բայց ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ այն փոխկապակցված է Հայ հեղափոխական դաշնակցության հետ: 2018-ից հետո այս հեռուստաալիքը հայտնվեց գործող իշխանություններին հակադիր դաշտում եւ սկսեց ավելի ազատ, ինքնուրույն դիմագիծ դրսեւորել: Ինչը, բնականաբար, Նիկոլ Փաշինյանի սրտով չէր, եւ իշխանությունն իր կամակատար` Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի ձեռքով այս տարի եթերազրկեց «Երկիր մեդիային»:
ՀՌՀ-ն որոշեց հանրապետական սփռման լիցենզիայից զրկել երկու ընդդիմադիր հեռուստաընկերությունների` «Երկիր մեդիային» եւ Հ2-ին, լռեցնելով եթերից հնչող ազատ խոսքն ու իշխանություններին ուղղված քննադատությունը: Սակայն Հ2-ը շարունակեց գործել` հեռարձակվելով կաբելային եւ ինտերնետ կապուղիներով, չնայած Հ2-ի սեփականատեր Սամվել Մայրապետյանը եւս օրվա իշխանության «զոհն» է` տեւական ժամանակ հետապնդվում է, Հայաստանում չէ, գույքն ու հաշիվները կալանքի տակ են: Իսկ մի մեծ կուսակցության` ՀՅԴ-ի հետ կապված «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունը փաստացի փակվում է՝ գովազդատուները դադարեցրել են գովազդը, եւ հեռուստաընկերությունը հայտնվել է ֆինանսական ծանր վիճակում: Շուրջ 3 ամիս է՝ աշխատակիցներն աշխատավարձ չեն ստանում: Մի քանի ամիս առաջ աշխատակիցները ստորագրել են ծանուցումների տակ, որ տեղեկացված են հնարավոր ազատման մասին: Տնօրինությունը նշում է, որ սա ընդամենը «ռեստարտ» է` TV-ն չի փակվում, շուտով կլինի եթերում, սակայն հեղինակային հաղորդումները չեն հեռարձակվում, համատարած կրճատումներ են` թե՛ լրագրողների, թե՛ հեռուստածրագրերի:
«Երկիր մեդիայի» տնօրեն Բագրատ Եսայանը երեկ մեզ հետ զրույցում նշեց, որ «Երկիր մեդիայում» ոչինչ չի փոխվել, եւ այն, որ լրատվական ծրագիրն անգամ չունի հաղորդավար՝ լուրերը համր կադրերով են հեռարձակվում, նորմալ է։ «Մենք վերականգնվելու խնդիր չունենք, «Երկիր մեդիան» վերականգնված է: Նոր տարվա օրերին բոլոր հեռուսատեսություններում էլ կրկնություններ են գնում, բայց մեզ մոտ երեք նոր հաղորդում կա: Դեռ Նոր տարվա արձակուրդում ենք»,- ասաց Եսայանը: Այսինքն` ոչինչ չի՞ փոխվել «Երկիր մեդիայում»՝ հետաքրքրվեցինք մենք։ «Անահիտի հաղորդումը կա, «Բարեւ, երկիրը» կա, մի խոսքով, հաղորդումները կան, լրատվությունը կա»: Իսկ թե ինչու լուրերի թողարկումը չունի հաղորդավար, չցանկացավ պատասխանել:
Մենք նաեւ դիմեցինք դաշնակցական պատգամավոր Գեղամ Մանուկյանին, ով երկար տարիներ զբաղեցրել է «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական բաժնի ղեկավարի պաշտոնը: Սակայն Մանուկյանը մեզ փորձեց լրագրողական էթիկայի դասեր տալ, թե «Երկիր մեդիայի» մասին իրեն հարցեր ուղղելն էթիկապես սխալ է, քանի որ ինքն այնտեղ չէ: ««Երկիր մեդիայի» տնօրենին զանգեք, հարցրեք՝ ինչու»: Իսկ որպես դաշնակցականի՝ Ձեզ չի՞ հետաքրքրում այն հանգամանքը, որ Դաշնակցության հետ կապվող հեռուստաալիքը հայտնվել է նման վիճակում։
Մանուկյանն ասաց. ««Երկիր մեդիան» մասնավոր է եղել միշտ, այդ թվում՝ այն ժամանակ, երբ ես լուրերի բաժնի տնօրենն էի: Ես հիմա կարո՞ղ եմ անհանգստանալ, օրինակ, ինչու այսօրվա «Հրապարակի» համարում չկան վերլուծական հոդվածներ»։ «Նախ՝ «Հրապարակում» վերլուծական հոդվածներ մշտապես կան, եւ հետո, «Հրապարակ» օրաթերթը, ի տարբերություն «Երկիր մեդիայի» եւ «Երկիր» թերթի ու համանուն կայքի, որեւէ կուսակցության, առավել եւս ՀՅԴ-ի հետ կապ չունի, ուստի չեք կարող անհանգստանալ «Հրապարակի» համար՝ կարող եք ընդամենը չկարդալ «Հրապարակ»»,- ասացինք մենք։ Սակայն Գեղամ Մանուկյանը մեր դիտարկումից վրդովվեց եւ անջատեց հեռախոսը:
Ստիպված ենք ներկայացնել մեզ հասած տեղեկությունները՝ առանց ՀՅԴ-ականների մեկնաբանությունների։ Մեզ հասած տեղեկություններով, «Երկիր մեդիայի» այս անկման պատճառներից մեկն էլ այն է, որ կուսակցությունում խիստ դժգոհ են Բագրատ Եսայանի գործունեությունից՝ որպես տնօրենի, եւ ՀՅԴ Բյուրոյի ու Գերագույն մարմնի անդամների մեծ մասը նրա հետ ուղղակի չի շփվում, եւ կարծում են, որ նա չի արդարացրել կուսակցության հույսերն ու ակնկալիքները, ուստի պետք է ինքնուրույնաբար լուծի հեռուստաընկերության խնդիրները՝ առանց ՀՅԴ-ի աջակցության։