Հազիվ ենք գտել` 2 սենյակ է, անսարք, զուգարան ու բաղնիք չկա

Հազիվ ենք գտել` 2 սենյակ է, անսարք, զուգարան ու բաղնիք չկա

Ադրբեջանական բլոկադայից, հետո՝ պատերազմից մի կերպ մազապուրծ եղած Լենուրան եւ նրա 13 հոգանոց մեծ ընտանիքն Արցախի Ասկերանի շրջանի Խանցք գյուղից է բռնի տեղահանվել: Լենուրայի ընտանիքը տասն օր Ստեփանակերտի հրապարակում գիշերելուց հետո եկել է Գորիս, ապա ծանոթների միջոցով տուն գտել Արագածոտնի մարզի Ղազարավան գյուղում։ 63-ամյա Լենուրա Հարությունյանը, ով Արցախի փրկության համար մղված բոլոր պատերազմները սեփական աչքով է տեսել, արցունքները կոկորդում սեղմած պատմում է՝ մի քանի գիշեր ապաստարաններում մնալուց հետո լսեցինք բոթը՝ «Արցախը հանձնված է, դուրս ենք գալիս»։

Երբ սեպտեմբերի19-ին կռիվը սկսվեց, ասում է, ռմբակոծում էին ամեն տեղ ու ամեն ինչ։ «Մեզ նկուղից նկուղ էին տեղափոխում` այնքան ժամանակ, մինչեւ կռիվը կանգնեց, ասացին՝ դուրս եկեք, լոխ տված ա, բոլորը թուրքերին են տվել։ Մեքենան, որ Ասկերանից մեզ բերեց Ստեփանակերտ, անցնում էր զինված ադրբեջանցիների խեթ հայացքների ներքո։ Տասը ցուրտ գիշերներ անցկացրինք Ստեփանակերտի հրապարակում, որտեղից անգամ մեկ քայլ այս ու այն կողմ անելը վտանգավոր էր, չգիտեիր՝ ինչ է սպասվում»,- «Հրապարակ»-ի հետ զրույցում պատմում է Լենուրան:
Ղազարավան գյուղի 2 սենյականոց տանը, որտեղ ոչ մի հարմարություն, այդ թվում՝ սանհանգույց չկա, հիմա ապրում են` Լենուրան՝ ամուսնու, քրոջ, 2 որդիների, նրանց կանանց եւ երեխաների հետ։ «Էս տունը հազիվ ենք գտել, մեր ծանոթների շնորհիվ։ 2 սենյակ է, անսարք, զուգարան ու բաղնիք չկա։ 13 հոգով մի կերպ ենք տեղավորվել, մահճակալ չկա, դոշակ-վերմակ գետնին ենք գցել, քնելու տեղ չկա։ Հայաստանի կառավարությունից հլա մեզ ոչ մի օգնություն չի տվել։ Գումար ստանալու համար գրանցվելու ենք գյուղապետարանում»,- պատմեց նա։

Անտուն մնացած այս ընտանիքը ՀՀ կառավարության կողմից առարկայական օգնություն մինչ այս պահը դեռ չի ստացել։ Նոր հարեւաններն են գալիս օգնության։ «Հայաստանի ժողովուրդը մեզ լավ է վերաբերվում, հյուրասիրում են, հարեւանները գալիս են, հարցնում մեր վիճակի մասին, սնունդով են օգնում, շատ շնորհակալ ենք բոլորից»,- նշեց մեր զրուցակիցը։

Նիկոլ Փաշինյանը, որ օրեր առաջ գրել էր, թե Հայաստանի կառավարությունը տեղահանվածներին միանվագ 100 հազար դրամ կհատկացնի, այսօր խորհրդակցության ժամանակ վերահաստատեց այդ հայտարարությունը՝ յուրաքանչյուր բռնի տեղահանված` ե՛ւ երեխաները, ե՛ւ մեծահասակները, ամեն անձի հաշվով կստանան 100 հազար դրամ միանվագ դրամական աջակցություն։ Գումարը ստանալու համար, ըստ Փաշինյանի, տեղահանվածները պետք է բանկային հաշիվ բացեն, ձեռք բերեն բանկային քարտեր։ Լենուրայի 2 որդիներն ու թոռը զինվորական են եղել։ Որդիներից Վիտալին մեզ հետ զրույցում ասաց, որ ձեռքի տակ ունի Արցախ բանկի քարտ, բայց չգիտի` դրանով կարո՞ղ է գումարը ստանալ, թե՞ նոր հաշիվ պիտի բացի, խճճվել են։ Ընտանիքի միակ հույսն այդ գումարն է, այս պահին գործ չունի, դեռ աշխատանք են փնտրում։ Տեղյակ է, որ Արցախի պաշտպանության բանակի զինծառայողներին հնարավոր է ՀՀ պաշտպանության նախարարությունը զինվորագրվելու առաջարկ անի, ինչի մասին օրերս ասել էր պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։ Սակայն Վիտալին չի ցանկանում զինվորագրվել, ասում է՝ աչքը թուրքի երես տեսնել չի ուզում։ «Գիտենք այս առաջարկի մասին, բայց չենք ուզում, հազիվ ենք պրծել դրանցից, մեկ էլ գնանք նորից ադրբեջանցիների դե՞մ։ Մի գործ կճարենք, կապրենք»,- ասաց նա։