Դուրս բերել ադրբեջանական զորքը ՀՀ-ից և ճանաչել ԼՂ անկախությունը․ Ֆրանսիայի Սենատը բանաձև է ընդունել

Դուրս բերել ադրբեջանական զորքը ՀՀ-ից և ճանաչել ԼՂ անկախությունը․ Ֆրանսիայի Սենատը բանաձև է ընդունել

Ֆրանսիայի Սենատն ընդունել է Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանող բանաձև, որում նաև հայամետ դիրքորոշում է արտացոլված։ Քննարկման 296 մասնակիցներից օրինագծին կողմ է քվեարկել 295-ը, դեմ՝ 1-ը։
Ֆրանսիական Սենատի 6 անդամների ներկայացրած բանաձևի նախագիծը պահանջում է ադրբեջանական զինուժը դուրս բերել Հայաստանի տարածքից և Լաչինի միջանցքից։

Նախագծի հեղինակները պահանջում են, որ Ադրբեջանը և նրա դաշնակիցները հարգեն Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև ապահովեն բոլոր հայ ռազմագերիների վերադարձը հայրենիք։

«Ադրբեջանի կառավարությունը պարտավոր է միջոցներ ձեռնարկել հայ բնակչության, հայկական կրոնական և մշակութային ժառանգության պաշտպանության համար՝ համաձայն 1969 թվականի հունվարի 4-ի բոլոր տեսակի խտրականության արգելման մասին կոնվենցիայի»։

Բացի այդ, Ֆրանսիայի կառավարությանն առաջարկվել է Լեռնային Ղարաբաղում մարդասիրական գրասենյակ բացել։ Առաջարկների թվում է նաև Արցախի Հանրապետության անկախության ճանաչումը։ Նախագծի հեղինակների կարծիքով՝ այս ճանաչումը կարող է դիվանագիտական ​​գործիք դառնալ Կովկասում երկարաժամկետ խաղաղության վերականգնման համար։ Միաժամանակ, Կովկասում խաղաղություն հաստատելու համար Ֆրանսիայի կառավարությունից պահանջվում է դիվանագիտական ​​գործընթաց սկսել Ադրբեջանի հետ։

Նախագծի հեղինակներն առաջարկում են հայ-ադրբեջանական սահմանին տեղակայել միջազգային խաղաղապահ ուժեր։