Պետք է համատեղ ուժերով աշխարհին ապացուցենք, որ մաքուր ազգ ենք․Ծաղկաձորի քաղաքապետ

Պետք է համատեղ ուժերով աշխարհին ապացուցենք, որ մաքուր ազգ ենք․Ծաղկաձորի քաղաքապետ

«Հրապարակի» հարցազրույցը Ծաղկաձորի քաղաքապետ Արթուր Հարությունյանի հետ

-Պարոն Հարությունյան, Գագիկ Ծառուկյանն ԱԺ-ում հայտարարեց, որ Ծաղկաձորում խայտառակ վիճակ է՝ հյուրանոցները դատարկ են, զբոսաշրջիկները հեռանում են։ Դուք ինչպե՞ս կնկարագրեք իրավիճակը։

-Մարտ ամսին, ընդհանրապես, որ ասենք, մեր հանգստյան տները եսիմինչ ձևի էին աշխատում, ոչ։ Երեկ ժամը իննին մեր ֆեյսբուքյան էջով հաղորդագրություն ենք տարածել, թե մարդիկ ոնց են հանգստանում, կարող եք գալ՝ հյուրանոցներում շրջել, տեսնել` կա՞, թե՞ ոչ։

-Այսինքն՝ կան այնքանով, որքանով այս սեզոնին Ծաղկաձորում հանգստանում են։

-Այո։ Մենք էսօր էլ ենք ճշտել, մոտ 120 հոգի Ռուսաստանից ունենք, օտարերկրյա` մոտ երկու հարյուրքանի հոգի։ Ասենք, որ սա մարտ ամսվա սկզբի համար նորմալ երևույթ է։ Եվ իմ  անձնական խնդրանքն է, որ Ծաղկաձորի հակագովազդ չանեն ոչ մեկ ու թող իրականությունը գան, տեղում պարզեն։ Ես պատրաստ եմ բոլոր լրագրողների հետ հյուրանոցներում շրջելու ու ցույց տամ, որ Ծաղկաձորում մեր հայրենակիցներին մենք կարողանում ենք օգտակար լինել։ Ու մենք՝ հայերս, էդքան չկա՞նք, որ կարողանանք մեր հայրենակիցներին օգտակար լինենք, նորմալ ապահովենք ու համատեղ ամբողջ աշխարհին ապացուցենք, որ մենք ամենամաքուր ազգն ենք։ Եթե մենք էտի չենք ուզում անել, ուրեմն մենք մեզի, մեր պետությունը չենք սիրում։

-Մաքուր ազգ ասելով ի՞նչ նկատի ունեք, որ հաղթահարու՞մ ենք․․․

-Չենք վարակվում կորոնավիրուսով, մաքրություն ենք պահում, խմիչք էդքան չենք օգտագործում, ոնց որ ուրիշ տեղերում։ Ես ինձ որպես հայ շատ լավ եմ զգում, որ նայում եմ, չգիտեմ, վրացական նույն հիվանդները որտեղ են, Ադրբեջանի հիվանդներն օճառ չունեն, իրենց ձեռքերը լվան, իսկ մեր հիվանդները բարձրակարգ համարներում կարողանում են․․․ ոչ թե հիվանդ են, ոչ ոք չի ասե նման բան, նույն հաջողությամբ կարամ ես էլ գնամ ընտեղ, ախտորոշում չկա, մարդկանց վրա չի կարելի ախտորոշում դնել առանց իմանալու։ Սա իմ խնդրանքն է։ Եվ հետո, ծաղկաձորցին միշտ, ամեն պահի իր քաղաքի կողքին կանգնած է եղել, թե հիմա տուրիստը քիչ կլինի, շատ կլինի․․․ նենց չի, որ գարունը մեզ մոտ տուրիստները շատ էր։ Ոնց եղել էր, տենց էլ գնում է, կարող է՝ երկու հոգի պակասի կամ տասը հոգի ավելանա, դա ոչ մեկ չի կարա ասել։ Ես միայն էն կարող եմ ասել, որ էս սեզոնի համար շատ վատ է այն, որ էս սեզոնին մենք Պարսկաստանից ունենում էինք դահուկորդներ, որ բրոնյաները հյուրանոցներում անում էին, այ, մենակ դա է վատ ազդել։ Որ Իրանից տուրիստական հոսքը պակասել է։ Էս պերիոդը իրենց մոտ արդեն արձակուրդներն էին սկսվում։

-Իսկ այն, որ մի քանի հոգի դժգոհել էին, փորձել էին ճանապարհ փակել, որ հնարավոր վարակակիրներով ավտոբուսը չգար «Գոլդեն փելես» հյուրանոց։ Կա՞ր, այնուամենայնիվ, ծաղկաձորցիների շրջանում դժգոհություն։

-Դե, առաջին վայրկյանին բոլորն էլ դժգոհում էին, մի քանի հոգի ժողովուրդ էին, մարդիկ, որոնց երբ բացատրում ես, հասկանում են։ Հո բոլորը իմ կամ Ձեզ պես չե՞ն մտածում։ Դե, մեր ազգն էլ սիրում է, չէ՞, պանիկայի մեջ հայտնվել։ Տվյալ պահին, բայց մենք կարողացանք որպես համայնքի ղեկավար դուրս գալ, մարդկանց հետ զրուցել, որովհետև եթե իրենք իրենց ձայնը վստահել ու տվել են ինձ, ես եմ պատասխանատու բոլորի համար։ Ու մեր աշխատակազն ու ավագանին էլ։ Եթե մենք չենք կարողանում այնպես անել, որ մեր հանրապետությունում սաղ ճիշտ գնա, աշխատանքները ճիշտ կատարվեն, էլ իմաստը ո՞րն ա։ Սա ես իմ ժողովրդին եմ բացատրում։ Ու ասել եմ, որ եթե ես սխալ եմ անում, ես գնամ, դուք եկեք, ու թող գա էն մարդը, որը որ ամենաճիշտը կուղղորդի։ Ու ես հաստատ չեմ թողնի, որ ծաղկաձորցու անունը ինչ-որ մեկը գցի գետնին։ Ինքս ստեղ ծնված, ապրած, մեծացած տղա եմ,  ծնողներս՝ նույնպես, էս քաղաքի ամեն ճյուղը իմ սրտի ցավն ա։ Մեկը ջարդեց, իմ սիրտը ցավում ա։

-Հյուրանոցի անձնակազմում ովքե՞ր՝ ծաղկաձորցինե՞ր են, որովհետև Փաշինյանն ասել էր, որ նրանց անվտանգությունը ևս ապահովվում է։

-Միայն ծաղկաձորցի չեն, աշխատակիցներ են, հիմնականում, իմ ունեցած տվյալներով, բոլորը բուժծառայության աշխատակիցներ են։ Նաև` սպասարկող անձնակազմ, որ կատելնի են միացնում, ինտերնետ-բան, իրենք հիմնականում շփում չունեն ոչ մեկի հետ։ Մենք բարձրացել ենք, անձամբ տեղում տեսել ենք, երկրորդ հարկում իրենք բոլորը մեկուսացված․․․ շատ բարձր մակարդակով կազմակերպված էր։ Եվ իմ շնորհակալությունն եմ հայտնում, որ կարողացանք էս ամեն ինչը սենց գեղեցիկ մակարդակով կազմակերպել, որ մարդիկ էլ իրենց մարդ զգան։