Ռոտերդամյան օրագիր

Ռոտերդամյան օրագիր

Աշխարհի առաջնակարգ փառատոներից մեկը` Ռոտերդամի 49-րդ միջազգային կինոփառատոնը, այս տարի անցկացվեց հունվարի 22-ից մինչեւ փետրվարի 2-ը, որին, ընդհանուր առմամբ, մասնակցում էր 330 հազար մարդ, այդ թվում` 320-ից ավելի ռեժիսորներ աշխարհի տարբեր անկյուններից: Բազմաբնույթ միջոցառումներ. ցուցահանդեսներ, համերգներ, ներկայացումներ, աուդիո-վիզուալ ինստալյացիաներ, վարպետության դասեր, մասնագիտական քննարկումներ եւ 500-ից ավելի ֆիլմեր` աշխարհի ավելի քան 50 երկրից, որ հնարավոր էր դիտել փառատոնի օրերին եւ մասնակից լինել այն մեծ կինոտոնին, որ առաջարկում էր Ռոտերդամն իր հյուրերին:  

Ընդամենը մի քանի օր ունեի՝ տեսնելու ու զգալու Ռոտերդամի կինոփառատոնը՝ նոր փորձառություն ինձ համար, որտեղ ամենակարեւորը խուճապի չենթարկվելն էր ու գիտակցելը, որ ինչ էլ նայես, ուր էլ գնաս, ում էլ հանդիպես, միեւնույն է` քիչ է թվալու: Ուրեմն պատմեմ այն ամենի մասին, ինչ հասցրեցի տեսնել 3 օրում: Նախ՝ քաղաքը, որն ամբողջությամբ շնչում է կինոփառատոնով, որի սիմվոլը` Ռոտերդամի վագրը, ամենուր է. կայարանում, փողոցներում, շենքերի վրա, խանութների ցուցափեղկերին: Փառատոնային աքսեսուարների մասին ավելորդ է անգամ խոսելը, կինոփառատոնն ու Ռոտերդամը հավասարապես գովազդում են իրար:  

Ծրագիրն ու ֆիլմերը

Ռոտերդամի միջազգային կինոփառատոնն իր ծրագրում մեծ տեղ է հատկացնում նոր ռեժիսորներին ու նրանց վերջին աշխատանքներին` չանտեսելով, իհարկե, կայացած վարպետներին եւ նրանց ֆիլմերը: Փառատոնի 4 մրցութային անվանակարգերում ուրվագծվում են ժամանակակից կինոյում առկա հիմնական միտումներն ու ասելիքը։ 

Ինքնուս եւ անկախ կինոռեժիսոր Արուն Քարթիկի «Նասիր» ֆիլմը, որն արժանացավ փառատոնի գլխավոր մրցանակներից մեկին, բարձրաձայնում է այսօրվա Հնդկաստանում աճող ազգայնականության մասին: Ֆիլմի հերոսը` Նասիրը, մահմեդական է, որն ապրում է Հարավային Հնդկաստանի Թամիլ Նադու նահանգում, որտեղ հինդու ազգայնականությունը վերջին տասնամյակների ընթացքում ավելի ու ավելի վտանգավոր ձեւեր է ստանում: 

Թեպետ Նասիրն ապրում է չարքաշ կյանքով, բայց շարունակում է լինել լավատես, անգամ բանաստեղծություններ է գրում: Ռեժիսորը ցույց է տալիս Նասիրի ամենօրյա կյանքը, կենցաղը, հարաբերություններն ընտանիքում եւ աշխատավայրում: Թվում է՝ ոչինչ չի սպառնում նրա միապաղաղ, հոգսերով լի կյանքին, բայց լարվածությունը գնալով աճում է, որովհետեւ հասկանում ես, որ Նասիրը դատապարտված է այդ հասարակությունում, որտեղ ամեն օր, ամեն ժամ բարձրախոսով հնչում են պրոպագանդիստական կոչեր` քարոզելով «Մեկ ազգ, մեկ կրոն» գաղափարը եւ փառաբանելով «Մայր Հնդկաստանը»:    

Ֆիլմի դիտումից հետո Քարթիկը պատմում է, որ Հնդկաստանում ապրող մահմեդական համայնքին մոտիկից ծանոթանալու համար փոքր տուն է վարձակալում մահմեդականների թաղամասում եւ շուրջ 2 տարի ապրում այնտեղ` դառնալով նրանցից մեկը: Իսկ այն բանից հետո, երբ ականատես է լինում, թե ինչպես են հինդու ազգայնականները մտնում իր փողոց եւ ջարդում բոլոր խանութները, որոշում է պատմություն գրել Նասիրի մասին: Գուցե հենց այս հուզական ապրումն է ֆիլմի վերջին տեսարանում վերստեղծել ռեժիսորը, երբ գազազած ամբոխը, ջարդելով խանութի ցուցափեղկերն ու մեքենաների ապակիները, ոտնատակ է տալիս Նասիրին ու նրա երազանքները: 

2019-ին Կաննի միջազգային կինոփառատոնում «Ոսկե արմավենու ճյուղ»-ին արժանացած, իսկ այս տարի ամերիկյան կինոակադեմիայի մի քանի «Օսկար» նվաճած հարավկորեացի ռեժիսոր Չուն-հո Պոնի «Մակաբույծը» ֆիլմը, որով բացվեց նաեւ 16-րդ «Ոսկե ծիրան»-ը, ներկայացվեց եւ մրցանակի արժանացավ Ռոտերդամի կինոփառատոնում եւս, որտեղ ներկա էր նաեւ ռեժիսորը: Ռոտերդամում ներկայացվեց ֆիլմի սեւ ու սպիտակ տարբերակը, որը, ռեժիսորի կարծիքով, ավելի դրամատիկ է, իսկ կերպարները՝ ավելի ազդեցիկ: Ընդհանրապես, ֆիլմն ազդեցիկ է նախ իր ուղերձով, մակաբուծությունը ոչ թե սոցիալական վիճակ է՝ այլ գաղափարական ասպեկտ, Չուն-հո Պոնի հերոսները մակաբույծ են, ոչ թե այն պատճառով, որ աղքատ են, այլ որովհետեւ ուզում են ուրիշների հաշվին ապրել:

Դասակարգային, սոցիալական, ռասայական խտրականության մասին է նաեւ մեկ այլ մրցանակակիր ֆիլմ` Լաջ Լիի «Թշվառները», որն անցած տարի Կաննում ստացավ ժյուրիի մրցանակը, այս տարի նոմինացվեց «Օսկարի», իսկ Ռոտերդամում արժանացավ երիտասարդական ժյուրիի մրցանակին: Հյուգոյի «թշվառներն» այսօրվա Ֆրանսիայում ապրող ներգաղթյալներն են, մի թեմա, որն այսօր առավել քան ակտուալ է Ֆրանսիայի համար: Սեւամորթների թաղամասում իրավիճակը դառնում է անվերահսկելի, երբ դեռահասներից մեկը գողանում է առյուծի ձագին ու հայտնվում ոստիկանության թիրախում: 

Ավանդույթի ուժի մասին նուրբ ու պոետիկ ձեւով է պատմում սուդանցի ռեժիսոր Ամաջադ Աբու Ալալանը` «Դու կմահանաս քսան տարեկանում» ֆիլմում: Այն պահից, երբ գուշակը կանխատեսում է, որ փոքրիկ Մուսամիլը պետք է մեռնի քսան տարեկանում, տխրությունը դառնում է սովորույթ ու հավատալիք տղայի ընտանիքում: Աբսուրդի իրականությունը հասնում է նրան, որ կենդանի տղային սկսում են փնտրել մահացածների մեջ` գերեզմանոցում, որտեղ ծնողներն արդեն տեղ են նախապատրաստել տղայի համար, ով մահվանը հաղթում է իր վախերը հաղթահարելով եւ սիրուն տրվելով` այդպես ազատվելով հասարակության կողմից պարտադրվող նախապաշարումներից:  

 Մեկ այլ աբսուրդի պատմություն` համեմված գրոտեսկով եւ հումորով, ներկայացված է դեբյուտանտ ռեժիսոր եւ սցենարիստ Ալա Էդդին Ալջեմի «Անհայտ սրբի հրաշքը» ֆիլմում, որտեղ ռեժիսորը քննում է կրոնի եւ հավատքի հարցերը` սնահավատությունների, ավանդույթների, պատահական համընկնումների համադրման միջոցով: Ձերբակալությունից առաջ հանցագործն իր գողոնը թաքցնում է մի բլրի վրա, իսկ բանտարկությունից հետո հայտնաբերում, որ բլուրը դարձել է սրբավայր: Իր ունեցվածքին տիրանալու համար նա ստիպված է դառնալ համայնքի մի մասը` ակամայից դառնալով նաեւ գյուղացիների հավատալիքների գերին: 

Արգենտինացի ռեժիսոր Մարկո Բերգերի «Որսորդը» ֆիլմը 15- ամյա դեռահասի սեքսուալ փորձառության, իր ցանկությունների օբյեկտի ճանաչման մասին է, պատանի, որն ունի նույնասեռ բնույթ: Այդ նոր փորձառությունը, սակայն, իր հետ բերում է տառապանք եւ մենություն` խորացնելով այն ճգնաժամը, որի մեջ գտնվում է տղան, եւ որը ստիպված է թաքցնել հասարակությունից:

 

Ռոտերդամի կինոփառատոնի հայկական կողմը

Ռոտերդամի կինոփառատոնի մրցութային ծրագրում ներառված էր նաեւ երիտասարդ հայ ռեժիսոր Սիլվա Խնկանոսյանի «Վախենալու ոչինչ չկա» դոկումենտալ ֆիլմը, որը պատմում է ականազերծող կանանց մասին, ովքեր Լաչինի անտառները մաքրում են Արցախյան պատերազմից «ժառանգություն» մնացած ականներից:  

Ֆիլմը կանանց դիմանկարը չէ, նրանք հիմնականում լուռ են, որովհետեւ հերոսը ոչ թե նրանք են, այլ` աշխատանքը, որն անում են: Իսկ այդ աշխատանքի մասին ֆիլմի ռեժիսորը պատմում է մեծ համբերությամբ՝ կարեւորելով յուրաքանչյուր մանրուք, ներկայացնելով այդ դժվար աշխատանքի նուրբ կողմերը:  

Ֆիլմը դանդաղ է զարգանում, գործողությունները կրկնվում են էկրանին, բայց դրանից լարվածությունը ոչ թե պակասում է, այլ ավելի աճում, կանայք համառորեն կռիվ են տալիս հողի հետ, մետր առ մետր չափագրում տարածքը, ձայնային ազդանշանով ստուգում ականի առկայությունը, որից հետո բահով սկսում փորել հողը` «քնած» ականները վնասազերծելու համար: Կանանց առօրյան, կենցաղը, աշխատանքն ու ուրախությունները հերթագայում են իրար, ամեն ինչ նույնն է, այդ թվում` պատերազմը։ Խաղաղության սահմանը հողի պես փխրուն է, մարդիկ շարունակում են ականների վրա պայթել, եւ, ուրեմն, վախենալու շատ բան կա: Ֆիլմը, որպես այդպիսին, վերջաբան չունի, որովհետեւ կանանց աշխատանքն էլ կվերջանա միայն այն ժամանակ, երբ պատերազմն ավարտվի: Մինչդեռ պատերազմից հետո մինչ օրս միայն ականների վրա 88 մարդ է զոհվել, հարյուրավորները` ստացել տարբեր աստիճանի վիրավորումներ:   

Թեպետ ֆիլմն արդեն դիտել էի Կինոյի տանը, բայց եւս մեկ անգամ նայեցի Ռոտերդամի կինոփառատոնում (ի դեպ, բոլոր 3 ցուցադրությունների տոմսերն էլ սպառվել էին)` զգալու համար նաեւ օտար հանդիսատեսի արձագանքը, ով զարմանալիորեն նուրբ ձեւով արձագանքում էր ֆիլմի բոլոր անցումներին` հումորից սկսած, մինչեւ երկար դադարներ: Հետաքրքիր էր հետեւել, թե ինչպես է հուզված եւ մի քիչ էլ շփոթված հանդիսատեսը ֆիլմի դիտումից հետո մոտենում Սիլվային եւ հարցուփորձ անում ֆիլմից, նրա հերոսներից, այն պատերազմից, որի մասին այնքան քիչ բան գիտի:  

«Սա ի՞նչ է, ի՞նչ է կատարվում այնտեղ, ինչո՞ւ են կանայք աշխատում, ինչի՞ համար են այս ականները․ մարդիկ այնքան տարօրինակ հարցեր են տալիս ֆիլմը դիտելուց հետո՝ եւ հասկանալի է, թե ինչու. սա իրենց համար անծանոթ թեմա է, իրենք չգիտեն այս աշխարհը, որ մենք ունենք պատերազմից հետո»,- ֆիլմի ցուցադրությունից հետո իր մտքերով կիսվում է Սիլվան, ով վերջին պահին ֆիլմի կառուցվածքն ամբողջովին փոխել է՝ կանանց հետ ունեցած իր զրույցները թողնելով կադրից դուրս. 

«Բոլորը շատ հետաքրքիր ու առանձնահատուկ պատմություններ ունեին, որոնք շատ հուզիչ էին, բայց երբ սկսեցի մոնտաժել ֆիլմը, հասկացա, որ ես շեղվել եմ, ու սա այն աշխատանքի մասին չէ, որ կուզեի պատմել: Որոշեցի հանել այդ զրույցները ու հասկացա, որ այդպես ամեն ինչ ասվում է, խոսքն անիմաստ է: Կարեւորը՝ փորձում էի ստանալ պատմություն»,- ասում է նա ու նկատում, որ նույն հերոսներով ու նույն թեմայով կարող է բոլորովին ուրիշ ֆիլմ անել, որովհետեւ պատմությունները շատ են, ցավն ու սերը` մեկը, բայց «դա կլիներ անիմաստ, եւ ոչ մեկը չէր հասկանա, որովհետեւ դա միայն մերն է»:  

Հանդիսատեսի արձագանքից Սիլվային հուզել էր հատկապես այն հանգամանքը, որ մարդիկ սիրել են հերոսներին, ֆիլմի ընթացքում հարազատացել նրանց հետ, որոնց աշխատանքի բնույթն ինքնին հակադրություն է. «Այդ աշխատող կանայք չեն ուզում պատերազմ, նրանք ամեն պատերազմից հետո մեծ կորուստներ են ունենում, որովհետեւ 2 անգամ պատերազմի են մասնակցել, բայց նաեւ հենց այդ պատերազմի ու կորուստների «շնորհիվ» ունեն աշխատանք, որի միջոցով կարողանում են պահել իրենց երեխաներին»:

«Վախենալու ոչինչ չկա» ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել Լայպցիգի վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնում: Ֆիլմը նաեւ գլխավոր մրցանակներ է ստացել Փարիզի եւ Հայաստանի եվրոպական ֆիլմերի փառատոներում:  

Սոնա ԱԴԱՄՅԱՆ 

Լուսանկարները՝ iffr.com-ի 

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ