Արցախի փոխարեն ոչ մեկ չի բանակցում, և չի կարա բանակցի․ Սամվել Բաբայան

Արցախի փոխարեն ոչ մեկ չի բանակցում, և չի կարա բանակցի․ Սամվել Բաբայան

Այսօր ժամը 18։00-ին Երևանում խորհրդարանական ընդդիմությունը նախաձեռնել է հանրահավաք՝ հանուն Արցախի եւ Հայաստանի։ Նույն ժամին հանրահավաք է նախատեսվում նաև Ստեփանակերտում։ Վաղը Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում հանդիպում է Իլհամ Ալիեւի հետ, օրեր անց մեկնելու է Մոսկվա եւ հայաստանյան հասարակության ազգային հատվածը մտավախություններ ունի, որ Ադրբեջանի հետ նոր փաստաթուղթ է ստորագրվելու, որով վերջնականապես կփակվի Արցախի ինքնորոշման հարցը եւ առաջիկայում Արցախը կամ կբռնազավթվի եւ կհայաթափվի, կամ կմտնի Ադրբեջանի կազմ եւ կրկին կհայաթափվի։

Թեմայի շուրջ զրուցել ենք Ազատական կուսակցության ղեկավար, գեներալ, Արցախի հերոս Սամվել Բաբայանի հետ, նախ հետաքրքրվեցինք՝ մասնակցելո՞ւ է արդյոք այդ հանրահավաքին։

- Պարոն Բաբայան, այսօր խորհրդարանական ընդդիմությունը  հանրահավաք է կազմակերպել, դուք՝ որպես հայրենիքի փրկության շարժման մեջ ներգրավված մարդ, մասնակցելո՞ւ եք, թե ոչ։

- Չէ, ես չեմ մասնակցում հավաքների, ընդհանրապես։

- Իսկ ինչո՞վ է դա պայմանավորված, համակարծիք չե՞ք այդ հանրահավաքի կազմակերպիչների հետ, այլ  տեսլակա՞ն ունեք։

- Ես այլ տեսլական ունեմ։ Եթե ուզում ենք ինչ- որ մի բան փոխած լինենք, պետք է օրակարգդ առաջին հերթին ձևակերպես, նոր արդեն  պահանջներդ դնես։ Ես համաձայն չեմ ձևակերպման հետ՝ ինչ պահանջներ, հարցեր դնում են, սա է խնդիրը։

- Իսկ ո՞ր օրակարգի հետ համաձայն կլինեիք այս պահին, հատկապես Արցախի հետ կապված։

- Արցախի հետ կապված՝  առաջինը, որ մենք պետք է պրոֆեսիոնալ բանակ ունենանք։ Ես բազմիցս եմ դրա մասին խոսել, որովհետև չպետք է հույսներս դնենք ուրիշների վրա, որ մեզ գան պաշտպանեն։ Քանի դա չկա, այդ ճանապարհը չենք ընտրում, մնացած բոլորը ես անիմաստ եմ համարում։

- Իսկ Հայաստանի մասնակցությունն այս պարագայում որտե՞ղ պետք է լինի։ Հայաստանի վարչապետը գնում է Բրյուսել՝ բանակցությունների։ Խոսակցություններ կան, որ խաղաղության պայմանագիրը ստորագրման փուլում է։ Նույնիսկ ԱԳՆ-ն նման հայտարարություն է արել։ Կարող է այնպես ստացվել, որ մենք անակնկալի գանք՝ վաղը արթնանաք ու պարզվի, որ Արցախը ինչ-որ կարգավիճակով արդեն գտնվում է Ադրբեջանի կազմում է։ Սա հնարավոր համարո՞ւմ եք։

- Կարող եմ հավաստիացնել, որ նման բան չի կարող լինել։ Արցախի փոխարեն ոչ մեկը չի բանակցում, և չի կարա բանակցի, և Արցախին ինչ-որ մի կարգավիճակում թողնել Ադրբեջանի կազմում։ Դա որ մեկը չի կարա անի, անհնարին եմ ես համարում։

- Եթե նման պայմանագիր ստորագրվի, Դուք ինչպես՞ս կարձագանքեք։

- Անպայման, անպայման։ Ամեն ինչ կանեմ, որ դա չլինի։ Չգիտեմ՝ ով ինչ է ասում հիմա։ Նման բան գոյություն չունի ու չի էլ կարա լինի։