Ուզում ենք չհիշել, մոռանալ, բայց մեր ապրած կյանքը ո՞նց կարող ենք մոռանալ

Ուզում ենք չհիշել, մոռանալ, բայց մեր ապրած կյանքը ո՞նց կարող ենք մոռանալ

Իմ հին ընկերոջ հրավերով մի քանի օրով գտնվում էի Վանաձորում՝ Հայաստանի երրորդ քաղաքում։ Ի տարբերություն Լոռու մարզի ինձ ծանոթ երկու քաղաքների` Սպիտակի ու Ստեփանավանի, որոնցից առաջինն իրոք սպիտակ, սիրուն ու մաքուր քաղաք է, իսկ երկրորդն իր մաքրությամբ կարող է մրցել մոլորակի ցանկացած քաղաքի հետ, Վանաձորը հատկապես ծայրամասային «Տարոն»-ներով ամենեւին չի փայլում մաքրությամբ, բայց, ընդհանուր առմամբ, հանգիստ, համեստ քաղաք է։ Մարդիկ բարի ու քաղաքավարի են եւ իրենց քաղաքի պես համեստ։ Այդ առումով՝ ինքնագոհ, պոռոտախոս երեւանցիների հակապատկերն են։

Վանաձորի հրապարակում էինք։ Ընկերս գործով մտավ քաղաքապետարան, դուրս եկավ, շարժվեցինք դեպի վեր, նկատեց արցախցի իր վաղեմի ծանոթին։ Մինչ նրանք ջերմ գրկախառնությունից հետո զրուցում էին, արդեն առատ ձյուն էր մաղում, ու մենք մտանք ներս, որտեղ բազմաթիվ արցախցիներ կային` օգնություն ստանալու համար իրենց հերթին սպասող։ Հերթից քիչ հեռու միջին տարիքի մի քանի տղամարդ զրուցում էին։ Կանգնել՝ լսում էի նրանց։ Նրանցից երեւի ավելի տարիքովն ասաց, որ Մոսկվայի մոտ կատարված ահաբեկչության մեջ հաստատ խառն է ԱՄՆ-ի մատը։ Մյուսները գլխով հաստատեցին, մեկը հավելեց, որ Ուկրաինան էլ է խառը այդ գործում։ Ասացի՝ բայց բոլոր ահաբեկիչները մահմեդականներ են։ Անմիջապես պատասխանեցին` էդպես էլ պիտի լինի, որովհետեւ «աշխարհում բոլոր տեռակտները կատարվում են մուսուլմանների ձեռքով»։

Ապա թեման նրբորեն շուռ տվեցին Արցախի նախկին իշխանությունների, Բաքվի բանտերում գտնվող ղեկավարների ուղղությամբ։ Մեկն ասաց` նրանց մեջ էլ դավաճաններ կային, մյուսներն առարկեցին, թե կարող է փող սիրող կար (նկատի ունեին Արայիկ Հարությունյանին), բայց հաստատ դավաճան չէր, իսկ մյուսները գլխով հաստատեցին։ Հարցրի` ցավո՞ւմ եք, որ Արայիկը, Արկադին, Բակոն, մյուսները Բաքվի բանտում են։ Բոլորը միահամուռ հառաչեցին ու տխուր ասացին` դե, իհարկե, նրանց բռնել-տարել են, որովհետեւ հայ են, արցախցի են, որովհետեւ իրենց հայրենիքն են պաշտպանել, թուրքից անջատ պետություն են երազել։ Տարիքով մեկն ասաց, որ հատկապես երկու Դավիթների` Իշխանյանի ու Բաբայանի համար է շատ ցավում եւ հատկապես՝ Ռուբեն Վարդանյանի համար։ Չորս զրուցակիցս էլ հաստատեցին, որ նրանք ազնիվ, նորմալ մարդիկ են։ Մյուսն ասաց` չեմ հասկանում, ինչո՞ւ է Դավիթ Բաբայանն ինքնակամ գնացել եւ հանձնվել թշնամուն։ Երիտասարդն ասաց, որ սկզբում իրեն էլ է տարօրինակ թվացել դա, բայց հետո իմացել է, որ ադրբեջանցիները սպառնացել են, ասել` եթե չներկայանաս, ընտանիքդ Արցախից դուրս չի գա...
Կողքից միջամտեցի՝ ուզում եք ասել, որ Արցախը հանձնվել է, բայց ոչ մի դավաճան չկա՞։ Ո՞նց չկա, վրդովվեցին արցախցիները, բոլորդ էլ գիտեք, որ Արցախը Նիկոլն է հանձնել` գրեթե միասին պատասխանեցին։ Առջեւում, դռան մոտ իրենց հերթին սպասող արցախցիների զրույցի թեման այնտեղ` հայրենի գյուղում մնացած իրենց անասուններն են` կով ու ոչխարները, խոզերը, հավ ու ճիվը, հարուստ տները, գեղեցիկ բնությունը։ Մեկն ասում է, որ գոմի դռները բացել է եւ կով ու ոչխարներին դուրս արել։ Մյուսն ասում է, որ հայրենի գյուղից հեռանալիս ոչխարները քշել է դեպի հանդ։ «Ես դուրս եմ արել խոզերը, բայց դուրս տանող դուռը թեթեւ փակել եմ, չեմ կողպել, որպեսզի ներսում եղած ուտելիքը որ վերջանա, կարողանան դուրս գալ եւ ուտելու մի բան գտնել»,- ասում է երրորդը։

Միջամտեցի նրանց զրույցին` հետաքրքիր է, ձեր տունուտեղը, տարիներով ստեղծած ողջ ունեցվածքը թողել եք թշնամուն՝ դուրս եկել, հիմա խոզ ու ոչխարների մասին եք ափսոսանքով պատմում։ Սպիտակ բեղ-մորուքով տղամարդը տխուր ժպտալով՝ ինձ նայեց․ էդպես չի, դա շատ ավելի ցավոտ հարց է, երբեմն ուզում ենք չհիշել, մոռանալ, բայց դա մոռանալու բան չի, մեր ապրած ողջ կյանքը ո՞նց կարող ենք մոռանալ։ Մյուսն ասաց. «Մարդ ենք, կենդանի շունչ ենք, ցավում ենք մեր պահած, փայփայած կենդանի շնչերի` անմեղ անասունների համար։ Ի՞նչ եղան, թուրքը մորթե՞ց, թե՞ քշեց տարավ»։ Փորձեցի կատակել` եթե մորթած լինեն, միեւնույն է, էդ անասունները ձեզ բաժին չեն ուղարկելու։ Սպիտակ բեղ-մորուքովը ժպտաց` մենք հեչ, բայց Նիկոլի բաժինը հաստատ ուղարկած կլինեն։ Բոլորը ժպտացին` դե, իրենց մարդն է։ Ավելի հեռու կանգնած մի երիտասարդ, որ մինչ այդ լուռ էր, ասաց. «Նրանք էնքան երախտամոռ են, որ չեն ուզում խոստովանել, որ իրենց իսկական հերոսը Նիկոլն է։ Եթե Նիկոլը չլիներ, թուրքն Արցախում ի՞նչ ղալաթ է անում։ Հիմա էլ արդեն Հայաստանի գյուղերն է ուզում հերթով տալ...»։ Ընկերս արդեն ավարտել էր զրույցն արցախցի հին բարեկամի հետ։ Ես էլ հրաժեշտ տվեցի իմ զրուցակից արցախցիներին...

Չգիտեմ, ընկերս ինչ էր խոսում իր հին ծանոթի հետ, բայց քաղաքապետարանի շենքից հեռանալուց ահագին ժամանակ երկուսով լուռ էինք՝ մտածում էինք մեր տեսած-լսածի մասին։

Գարեգին Վարդանյան