Յուրահատուկ գործընթացներ են սկսվել Եվրոպայում

Յուրահատուկ գործընթացներ են սկսվել Եվրոպայում

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է.

«Յուրահատուկ գործընթացներ են սկսվել Եվրոպայում: Մասնավորապես, Գերմանիայում մեծ թվով մարդիկ սկսել են դիմել տեղի հրեական համայնքներին հուդդայականություն ընդունելու համար: Որոշ տեղերում դիմողների քանակը համարժեք է տեղի հրեական համայնքների անդամների թվաքանակին, ինչը հրեաների մոտ խնդիր է առաջացրել:

Եթե բոլորի ցանկությունները բավարարվեն, ապա հրեական համայքները կկորցնեն իրենց էթնիկ բնույթն ու դարերով ձևավորված ավանդույթները: Սակայն դա հրեական համայնքների խնդիրն է, մեզ հետաքրքրողը նման զանգվածային դիմումների դրդապատճառն է:
Քաղաքակրթությունները ձևավորվում են կրոնների արժեքային համակարգերի վրա, քրիստոնյաների՝ Պատվիրանների ու քրիստոնեական ավանդույթների, ծեսերի վրա, մուսուլմաններինը՝ Շարիաթի և այլն:

Լիբերալիզմի առանցքային թշնամին կրոն երևույթն է, որոնց վրա է հիմնված ավանդական պահպանողական արժեքային համակարգը: Արժեքային փոփոխությունների համար պետք է հարվածել «հին» արժեքները կրող կրոնական ինստիտուտներին ու դա կրող պահպանողական միջին խավին:
Լիբերալիզմի արագարեն փոփոխվող իրարամերժ «արժեքային համակարգը», որը հենված չէ անառարկելի հեղինակության՝ Աստծո կամքի վրա, ստեղծում է արժեքային տուրբուլենտություն, ինչի պատճառով հնարավոր չէ ձևավորել մի նոր քաղաքակրթություն:
Մարդիկ փորձում են նման Քաոսի պայմաններում արժեքային հենման կետ գտնել: Բայց, քանի որ, քրիստոնեությունը, որպես քաղաքակրթություն, Արևմուտքում այլևս պարտված է, մարդիկ այլ կրոններում են փորձում կայունություն որոնել:
Հ.Գ. Քրիստոնեության պարտությունը սկսվեց Ռեֆորմացիայից ու ավարտական ձևակերպումը ստացավ Ֆրանսիական հեղափոխության ժամանակ, սակայն դա արդեն այլ թեմա է»: