Պատերազմը ոտանավոր չէ, մանչս

Պատերազմը ոտանավոր չէ, մանչս

Համազգային հայ կրթական եւ մշակութային միության երեւանյան գրասենյակի տնօրեն, արձակագիր Սպարտակ Ղարաբաղցյանի կարծիքով, այսօր Արցախում տիրող իրավիճակն ինչ-որ առումով նման է 90-ականներին, բայց նաեւ՝ տարբեր․ «Երեկ, երբ կամավորագրում էր գնում Արամ Մանուկյանի արձանի մոտ, հիշեցի 90-ականները, երբ Սպայի տան պետն էի․ նույն վիճակն էր, նույն ոգեւորությունը, ինչ 90-ականներին, բայց, ի տարբերություն այսօրվա, այն ժամանակ դեռ նոր-նոր էր բանակը ստեղծվում, տղամարդիկ գալիս էին իրենց բարձովկաներով, ո՛չ հագուստ կար, ո՛չ զենք, բայց կար ոգեւորություն։ Եվ, փառք Աստծո, երեկ արդեն Գերագույն մարմնում, հետո նաեւ Արամ Մանուկյանի արձանի մոտ կամավորներն իրար հերթ չէին տալիս։ Այդ ժամանակ ե՛ւ հինն էր հիշվում, ե՛ւ տեսնում էիր, թե ուր ես հասել հիմա։ Բանակի կայացումն այս ընթացքում շատ կարեւոր էր։ Ժողովուրդը նորից մեկ դարձավ, մի աչք, մի ականջ, մի բերան։ Դա շատ լավ բան է, որովհետեւ հասկանում ես՝ դեռ ամեն ինչ կորած չէ։ Արամ Մանուկյանի արձանի մոտ հավաքվելն էլ շատ խորհրդանշական էր, որովհետեւ կարծես հենման կետ էր դարձել բոլորի համար, ու կամավորներին ճանապարհելիս մի տեսակ ամաչում էի, որ հետները չեմ գնում»։

Ղարաբաղցյանը հիշում է՝ 90-ականների Արցախյան պատերազմի ժամանակ էլ ռազմական դրություն հայտարարվեց, եւ պետությունը պատերազմական օրենքով կարող էր վերցնել եւ վերցնում էր շատերի անձնական մեքենաները, եւ ոչ ոք չէր տրտնջում դրանից․ «Ռազմական դրությանը զուգահեռ, նաեւ հանրապետությունից չբացակայելու արգելքը դրվեց։ Իհարկե, ամեն ինչ իդեալական չէր այն ժամանակ էլ, մարդիկ կհիշեն՝ անգամ փողոցներից հավաքում տանում էին բոլոր նրանց, ովքեր խուսափում էին սահման գնալուց, որովհետեւ կռվողների կարիք էլ ունեինք»։

Արձակագիրը ցավով ընդգծում է, որ վերջին 5 տարում արդեն 3 պատերազմ տեսանք՝ 2016-ի քառօրյան, հուլիսյան վերջին պատերազմը Տավուշում եւ հիմա՝ նորից Արցախում․ «Եվ պետք է ոչ թե վերջին 30 տարվա, այլ 100 տարվա կտրվածքով հայացք գցել մեր պատմությանը, եւ կտեսնեք, որ 1918-1920թթ․ շատ բաներ համարյա նույնությամբ կրկնվել են, բայց աշխարհաքաղաքական վիճակի հետեւանքով ինչ-որ մի տեղ չենք կարողացել նորմալ անալիզ անել, բայցեւայնպես, պատմությունը բերում, ամեն ինչ իր տեղն է դնում։ Այս ընթացքում նաեւ այս «թավշյա» հեղափոխության միֆը կոտրվեց, նրանք քիչ էր մնում պատմությունն այնպես գրեին, որ մեր բանակը միայն վերջին 2 տարվա պատմություն ունի։ Իսկ այս պատերազմը եկավ շատ բան սրբագրելու»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին Ազգային ժողովում ռազմական դրություն հայտարարելու մասին կառավարության որոշումը ներկայացնելիս հայտարարեց, որ պատրաստ է անգամ զոհվելու։ «Իր գաղափարական հայրն էլ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանն էլ մարտյան դեպքերի ժամանակ ասում էր՝ եթե մի զոհ է պետք, այդ զոհը թող ես լինեմ, հիմա էլ ինքն է ուզում զոհվել․․․։ Ես ուղղակի կուզեի, որ հիմա բոլորս զուսպ լինենք եւ տեսնենք, թե ինչ է լինում, թե չէ այնպիսի տպավորություն է, որ մի գիշերվա մեջ բոլորը դարձան հայրենասերներ, մի գիշերվա մեջ Ղարաբաղի տեղը հիշեցին, անգամ այսօր Խրիմյան Հայրիկի անունն էլ տվեցին։ Դա նաեւ նրանց հոգեբանությունն է, տեսակը, որովհետեւ վերջին 30 տարվա մեջ իմ սերունդը շատ բան տեսավ, մի գիշերվա մեջ ՀՀՇ-ականից ինչպես դարձան հանրապետական։ Սա էլ դրա նման մի բան է, որովհետեւ, ի վերջո, նրանք հասկանում են, որ այս ժողովրդի հիշողության հետ չի կարելի խաղալ, այս ժողովուրդը գենետիկորեն ուրիշ ժողովուրդ է, պարզապես դու պետք է արժանի լինես այս ժողովրդին։ Կարծում եմ՝ հիմա իրենք վտանգի չափն էլ են հասկանում ու նաեւ այն, որ վերջին երկու-երկուսուկես տարում այս ժողովրդին բզիկ-բզիկ արին, սեւ ու սպիտակի բաժանեցին, ցեցն ընկած գորգի պես փռեցին ոտքների տակ, բայց հանկարծ պատերազմը թթխմորի նման բոլորին բերեց հավաքեց իրար գլխի։ Սա նաեւ հավաքական հիշողության պահն է եւ ամենակարեւոր բանը, որ իրենց թվում էր, թե արդեն ոտնատակ են տվել, կարելի է ինչ ուզել, անել, ինչ օրենք ասես՝ ընդունել»։  

Ինչ վերաբերում է պատերազմի առաջին օրը իր պաշտոնական ֆեյսբուքյան էջում վարչապետի հրապարակած, հետո ջնջած բանաստեղծությանը, Ղարաբաղցյանն ասում է, որ այդ առիթով ինքն էլ իր ֆեյսբուքյան էջում է մի քառատող «ձոնել» վարչապետին․ 
«ՊԱՏԵՐԱԶՄԸ ոտանավոր չէ մանչս,
ՈՉ պարահանդես, ոչ էլ հարսանիք,
ՊԱՏԵՐԱԶՄԸ՝ մահվան հրավեր՝
ԽՐԱԽՃԱՆՔ է մանչս...»։

Ըստ Ս․ Ղարաբաղցյանի, ժողովուրդն առաջին իսկ օրից այնքան միակամ էր, որ, ըստ էության, կառավարության ո՛չ ճիգն էր պետք, ո՛չ՝ ջանքը․ «Ամեն ինչ շատ ինքնաբուխ էր, եւ ինչ-որ տեղ իշխանությունները հետ ընկան կազմակերպչական այդ հարցերում, որովհետեւ շատ կազմակերպված էր այդ ամենը, ո՛չ կուսակցական շահ դրվեց, ո՛չ էլ։ Ժողովուրդն այդ ամենը փակեց ու մի կողմ դրեց, որովհետեւ այս պահին ուրիշ խնդիր պետք է լուծեր։ Այսինքն՝ ոչ թե 2050-ի խնդիր էր դրել՝ ինչպես իրենք էին ասում, այլ ժողովուրդը ոտքի կանգնեց՝ իր հավերժության խնդիրը լուծելու։ Մենք արեւի հետ ծագած ժողովուրդ ենք, արեւի հետ էլ մայր ենք մտնելու․ սա պետք է բոլորը գիտակցեն, եւ սա կոմունիստական 5-ամյա պլանները չեն, որ ասեն՝ 5 տարվա մեջ այսքան ենք դառնալու։ Աստծուց առաջ ընկնել պետք չէ, եւ այս պատերազմը նաեւ փորձություն է, որից պետք է պատվով դուրս գանք։ Հիմա հոգեւոր վերելքի, վերածննդի պահ է, որի համար շատ թանկ ենք վճարելու։ Քանի թուրքը կողքիդ է, միշտ էլ պատերազմի վտանգը կա, բայց քեզ մի քիչ ավելի ապահով կզգայիր, եթե քո քաղաքական վերնախավն էլ ներքուստ քո թթխմորը զգար ու իմանար, որ պինդ ժողովրդի վերնախավ է։ Այ, այս բացթողումը մի տեսակ թանկ է նստում մեր վրա»։