Կոռեկտ եղեք

Կոռեկտ եղեք

Աննախադեպության մարմաջն ակնհայտորեն պատել է նաեւ մանր ու միջին  պաշտոնյաների, եւ նրանց կողմից, որքան էլ զարմանալի է ու անթույլատրելի, շարունակվում են բացարձակապես անհարկի համեմատությունները 2016-ի Ապրիլյան պատերազմի հետ։ Եվ նորից նույնն է համեմատությունների ենթատեքստը․ ստորադասել, նսեմացնել Ապրիլյան պատերազմի դերը։ Չասենք, թե որքանո՛վ է դա վիրավորում այդ կարճատեւ պատերազմի զոհերի հիշատակը եւ ապրողների հիշողությունը․ ախր, այնքան հասկանալի է։ 

Բայց հասկանալի չէ, երբ ԱԺ պատգամավորը, առավել եւս Պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահը, խոսելով ռազմական դրություն հայտարարելու մասին եւ ուղղակի համեմատություն անցկացնելով Ապրիլյան պատերազմի հետ, լրագրողների առաջ հայտարարում է․ «Եթե այդպիսի քայլեր արված լինեին 2016 թվականին, կարծում եմ՝ մենք այլ պատկեր կունենայինք»։ Այս խոսքի հեղինակի պաշտոնն ու կարգավիճակն այնպիսին են, որ նա ենթադրաբար պետք է նվազագույն գիտելիքներ ունենա ռազմական գործից՝ պատկերացնելու համար  ռազմական դրություն հայտարարելու այն բոլոր նախապայմանները, որ առկա էին 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմում եւ բացակայում էին 2016 թվականի Ապրիլյան պատերազմում։

Չմոռանանք նաեւ, որ Ապրիլյան պատերազմն այս իշխանությունները հակված են նույնիսկ պատերազմ չհամարելու, ուրեմն էլ ի՛նչ ռազմական դրություն։
Համազգային համախմբվածության, հանդուրժողականության, ոգեղենության այն եզակի մթնոլորտը, որն այսօր տիրում է ամենուր, պետք չէ վիրավորել այսօրինակ անհաջող համեմատություններով։ Խոսքում եւ վարքում կոռեկտությունը, զգուշավորությունը, պահի լրջության գիտակցումը  հատուկ պետք է լինեն բոլորին, բայց նախեւառաջ՝ պատգամավորին։