Նիկոլ Փաշինյանը մեր հայրենիքը չէ՛

Նիկոլ Փաշինյանը մեր հայրենիքը չէ՛

Հայաստանում դարձյալ գլուխ են բարձրացրել կեղծ հայրենասիրությունն ու պաթոսը։ Ոմանք կրկին սկսել են պետությունը չտարբերել կառավարությունից, հայրենիքը նույնացնել իշխանության հետ։ Ու մեզ կոչ են անում, անգամ մատ են թափ տալիս, թե չհամարձակվեք երկրի համար այս դժվարին շրջանում հանկարծ մի թթու խոսք ասել գործող իշխանությունների, կառավարության հասցեին, դա կդիտվի որպես հայրենիքի հանդեպ դավաճանություն, պետության դեմ իրականացված քայլ։
 Պետությունն ու հայրենիքն օրվա իշխանությունից չտարբերողների համար հատուկ շեշտեմ՝ իշխանությունը հայրենիքը չէ, Նիկոլ Փաշինյանը՝ առավել եւս։ Նիկոլ Փաշինյանին քննադատելը հայրենիքի դավաճանություն չէ, քանզի Նիկոլ Փաշինյանն ու ցանկացած այլ ղեկավար շատ փոքր սուբյեկտ են հայրենիքի կամ պետության հետ նույնացվելու համար։

Հերիք է կեղծ հայրենասիրություն խաղալով՝ մարդկանց բերանը փակեք։ Եթե այդ նույն Նիկոլ Փաշինյանը հիմարության ու պոպուլիզմի բոլոր սահմաններն անցնող անլրջություն է ցուցաբերում երկրի համար օրհասական այս պահերին, երբ սահմանին կենաց ու մահու կռիվ է, ապա նրան պետք է հիշեցնել այդ մասին։ Առնվազն պետք է հիշեցնել, որ այդ մասին իրեն հիշեցվելու է վաղը, երբ այս ամենն ավարտվի՝ վստահաբար, մեր հաղթանակով։ Ոչ ոք թող չհամարի, որ մեր հայրենիքը, որը բոլորինս է, այլ ոչ թե Փաշինյանինն ու նրա իշխանությանը, ինքն ավելի շատ է սիրում, քան դիմացինը։ Ոչ ոք թող դիմացինին դասեր չտա առ այն, թե ինչպես պետք է սիրել հայրենիքը։ Հայրենիքը սիրում են նախ հայրենիքի հանդեպ պատասխանատու եւ լուրջ վերաբերմունքով, որ վաղը կամ հենց այսօր իսկ քեզ չմեղադրեն ստվերային բանակցությունների, դրանց շնորհիվ երկրի ներսում քո նեղ անձնական, ընտանեկան ու քաղաքական շահերն առաջ մղելու եւ դրա արդյունքում երկիրը պատերազմի մեջ գցելու համար։

Հայրենիքը սիրում են նաեւ ամեն մեկն իր տեղում մի օգուտ տալով, որն անում ենք ու պարտավոր ենք անել յուրաքանչյուրս, եւ մեր արածներից շատ բան պարզապես չի հանրայնացվում, որովհետեւ իրական հայրենասերը դա անում է լուռ ու պատասխանատու կերպով՝ ի տարբերություն ԱԺ ամբիոնից ճռճռան ելույթ ունեցող որոշ իշխանական ու ընդդիմադիր «հայրենասերների»։
Երբ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում ամբիոնի մոտ իրեն «զոհաբերելուց» հետո եւ դրանից առաջ որոշում է Ֆեյսբուքում ոտանավորներ արտասանելով թշնամու դեմ «կենաց ու մահու կռիվ մղել», ապա ազգային անվտանգության տեսանկյունից նախեւառաջ հենց դա՝ երկրի գերագույն գլխավոր հրամանատարի կարգավիճակն ունեցող անձի լրջության հարցը պիտի քննարկման առարկա դառնա, ոչ թե այդ մասին հիշեցնողներին ու նրա պահվածքը քննադատողներին մեղադրեն պետության դեմ գործելու մեջ։

Վաղը թերեւս անհրաժեշտություն առաջանա՝ մի քննիչ հանձնաժողով էլ ստեղծել 2020 թ․ սեպտեմբերյան դեպքերի առնչությամբ, ավելի կոնկրետ՝ լայնածավալ պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելու համար։ Այն պատերազմի, որի մասին բազմիցս էր խոսվում, բարձրաձայնվում եւ արժանանում քննադատության, թե պետք չէ, ամեն ինչ կարգին է, սահմանին խաղաղ է, իսկ, այ, որոշ շրջանակներ փորձում են ավելորդ խուճապ առաջացնել երկրի ներսում։ Այդ հանձնաժողովի ձեւավորումից հետո, ամենայն հավանականությամբ, այս զոհերի ու թափված արյան համար պատասխան տվողներ էլ կլինեն։ Ու երեւի նաեւ Նիկոլ Փաշինյանին էլ ուղղեն այն հռետորական կամ կիսահռետորական ու արդեն ավելի հստակ պատասխան ենթադրող հարցերը, որոնք ուղղվում էին Սերժ Սարգսյանին՝ իր ասուլիսի ժամանակ, թե՝ Դուք ապրիլյան պատերազմում տված զոհերի համար մեղքի զգացում չունե՞ք։