Խանդոտ ամուսնու բարդույթը

Խանդոտ ամուսնու բարդույթը

Շատերը գլուխ չեմ հանում Նիկոլ Փաշինյանի խաղերից։ Ասում են՝ ինքը գիտի, որ հանրությունը դա վատ կընդունի, բայց անում է։ Կարծես այդ մարդն  ընկած է իր վարկանիշի ետևից և ամեն կերպ ջանում է ինքն իրեն վարկաբեկել։ Գիտի, որ իրեն չեն ընդունում, բայց շարունակում է կառչած մնալ աթոռից։ 
Ու ճիշտ են։ Բաներ կան, որ Նիկոլ Փաշինյանը կարող է չանել և իր դեմ տրամադրել մարդկանց, բայց անում է։ Կարող է արժանապատվորեն, հանուն երկրի շահի՝ հրաժարական տալ, բայց չի անում։ Ինչու՞։ 

Մի պարզ օրինակով փորձեմ արտահայտել միտքս։ Պատկերացրեք մեկը, որին սիրած էակը սիրել է խենթի պես ու ինչ- ինչ պատճառներով հիասթափվել, զզվում է նրանից և երեսն անգամ չի ուզում տեսնել։ Ի՞նչ կանի։ Եթե նա ունի թույլ,  քինախնդիր, ինտրիգային բնավորություն՝ հետևյալ կերպ կվարվի։ Կանի այնպիսի բաներ, որ ափերից հանի սիրած մարդուն։ Մեկ ցույց կտա, որ ինքը ուրիշի հետ է  հանդիպում, մեկ ցավացնող, ափերից հանող  մի այլ բան կանի, մեկ ցույց կտա, որ ինքը արհամարհում է նրան ու չի էլ նկատում, որ նա գոյություն ունի․․․ 

Նիկոլ Փաշինյանն այդ վիճակում է։ Ժողովուրդը, որ մի ժամանակ սիրում էր իրեն,  երես է թեքել նրանից։ Ինքը դա լավ տեսնում ու հասկանում է։ Մի ողջ ժողովրդի հետ վարվում է այնպես, ինչպես կվարվեն իրեն լքած մարդու հետ։ Վրեժխնդիր է լինում նրանցից, ովքեր սիրած էակին վանել են իրենից։ Ամենավերջին քայլերն է անում, որ ետ բերի այն մարդուն, ում կորցրել է․․․ Անում է ամենահավոր ու վատ քայլերը, որպեսզի կրկին հետ բերի անցածը, բայց երբևէ չի մտածում, թե ինքն ի՞նչ է արել, որ սիրած էակը երես է թեքել նրանից։ 

Սա շատ պարզ բացատրություն է, բայց հավատացեք, իրականություն է։ Մարդը, որ չի տիրապետում երկիր, պետություն, օրենք,  սահմանադրություն, ժողովուրդ կատեգորիաներին, սեփական եսի տեսանկյունից է մոտենում քաղաքական խնդիրներին, ու նա վրեժխնդիր լինելու մոլուցքով է վերաբերվում բոլոր նրանց հանդեպ, ովքեր իրենից առաջ ղեկավարել են կամ ովքեր ուզում են իրենից հետո ղեկավարել․․․ Ինքը պետությունն իրենն է համարում՝ սեփականը և նրան վերաբերվում է որպես խանդոտ ամուսնու․․․ Հոգեբանության մեջ կա խանդոտ ամուսնու բարդույթը, երբ կործանում է սեփական կնոջը՝ ուրիշին չտալու խելահեղությամբ։ Մեր պետությունն այդ վիճակից հինգ պակաս է։