Ինչպիսին կլինի Հայաստանի տնտեսական կյանքը հաջորդ տարի․ կանխատեսում 

Ինչպիսին կլինի Հայաստանի տնտեսական կյանքը հաջորդ տարի․ կանխատեսում 

Համաձայն Եվրասիական զարգացման բանկի հաջորդ տարվա համար հրապարակված մակրոտնտեսական ցուցանիշների, 2023 թվականի համար կանխատեսվում է դրամ-դոլար փոխարժեքի համար 1 ամերիկյան դոլարի դիմաց 438 դրամ փոխարժեք։ 2024 թվականի համար 1 ամերիկյան դոլարը կարժենա 465 դրամ, ըստ նույն կանխատեսման։ Նկատենք, որ 1 ամերիկյան դոլարն այժմ արժի 395 դրամ։ Միաժամանակ, ընթացիկ տարվա համար Եվրասիական զարգացման բանկը ակնկալում է Հայաստանի ՀՆԱ-ի 12,5 տոկոսանոց աճ։ Հայաստանի տնտեսությունը այս տարի աճել է շնորհիվ ներքին պահանջարկի աճի։ Աճը պայմանավորված է նաեւ արտահանվող ապրանքների բարձր գներով։ ԵԱԶԲ-ն նաեւ հայտարարել է, որ հաջորդ տարվա համար եվրասիական ռեգիոնի համար տնտեսական պայմանները կարող են վատանալ։ Հայաստանը կկարողանա տնտեսական աճը պահպանել 4,2 տոկոսանոց սահմանաչափի վրա։ 

Ռուսաստանի համար տնտեսական աճը կդանդաղի մինչեւ 2 տոկոս։ Ֆինանսական պայմանների խստացումը հանգեցնելու է հաջորդ տարի եվրասիական ռեգիոնում ՀՆԱ-ների կրճատման։ Նկատենք, որ աշխարհում երեք առաջատար տնտեսությունների աճի դանդաղումը հանգեցրել է նրան, որ 2022 թվականին համաշխարհային ՀՆԱ-ն դանդաղել է 2,4 տոկոսով։ Հաջորդ տարվա համար այդ ցուցանիշը կազմելու է 1,5 տոկոս։ Տնտեսական ակտիվության թուլացումը կսկսի զսպել ինֆլյացիոն երեւույթները՝ հաջորդ տարվա համար։ Սա իր հերթին կարող է բերել նրան, որ զարգացած երկրների կենտրոնական դրամատները ավարտեն խստացված դրամային քաղաքականության կուրսն արդեն հաջորդ տարվա առաջին կեսին։ Միջին ժամկետայնության հեռանկարում ԱՄՆ մեկնարկային տոկոսադրույթը կազմելու է մոտ 3 տոկոս։ 

Հայաստանում հաջորդ տարվա համար կանխատեսվում է 4,6 տոկոսանոց սղաճ, Բելառուսում՝ 8 տոկոսանոց, Ղազախստանում՝ 7,8 տոկոսանոց, Ղրղզստանում՝ 5,2 տոկոսանոց, Ռուսաստանում՝ 6 տոկոսանոց եւ վերջապես՝ Տաջիկստանում՝ 6 տոկոսանոց սղաճ։ Հայաստանում 2024 թվականին սղաճը կանխատեսվում է 3,3 տոկոս։