Դատարանը վճռեց, որ «Լիդիանի» ՇՄԱԳ-ը չեղարկելու հիմքեր չկան

Դատարանը վճռեց, որ «Լիդիանի» ՇՄԱԳ-ը չեղարկելու հիմքեր չկան

Հարցազրույց «Լիդիան Արմենիա» ընկերության իրավախորհրդատու Սայադ Բադալյանի հետ

- Պարոն Բադալյան, «Լիդիանի» տարածած մամուլի հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ ՀՀ վարչական դատարանն Ամուլսարի ծրագրի ՇՄԱԳ փորձագիտական եզրակացությունն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ հայցը մերժել է: Ինչպե՞ս կմեկնաբանեք դատարանի վճիռը: 

- Նոյեմբերի 14-ի դատարանի վճիռն իսկապես կարեւոր է ոչ միայն այս կոնկրետ գործի հետ կապված, այլեւ Ամուլսարի շուրջ տեղի ունեցող ընդհանուր գործընթացների համատեքստում: Ինչպես գիտեք, վերջին շրջանում տարբեր քննարկումներ են տեղի ունենում, թե արդյոք «Էլարդի» եզրակացությունը, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարին ուղղված՝ շրջակա միջավայրի նախարարի գրության մեջ ներկայացված 13 կետերը, Բրոնոզյանի կողմից պատվիրված փորձագիտական եզրակացությունները կարո՞ղ են դիտարկվել էկոլոգիական նոր գործոններ, թե՞ ոչ, եւ հիմք հանդիսանալ ՇՄԱԳ-ն ուժը կորցրած ճանաչելու համար: Դատարանն իր այս վճռով նախ հստակ մեկնաբանեց, որ նոր էկոլոգիական գործոններ չեն կարող դիտարկվել այն գործոնները, որոնք եզրակացությունը տալուց հետո ի հայտ եկած, բնության մեջ առաջացած նոր գործոններ չեն: Նաեւ այս առնչությամբ արտահայտեց իրավական դիրքորոշում՝ գտնելով, որ նշված փաստաթղթերում արտահայտված ենթադրյալ մտահոգությունները, որոնց հետ, բնականաբար, ընկերությունը համաձայն չէ եւ հերքում է, բացի դրանց բովանդակային սնանկությունից, դրանք իրենց բնույթով չեն կարող որեւէ կերպ դիտարկվել որպես նոր էկոլոգիական գործոններ եւ հիմք հանդիսանալ ՇՄԱԳ-ն ուժը կորցրած ճանաչելու համար: Հետեւաբար, սա նշանակում է, որ պետք է ընդհանրապես դուրս գա քննարկումից այն հարցը, թե արդյոք դրանք նոր էկոլոգիական գործոննե՞ր են, թե՞ ոչ: 

- Այս վճիռը, Ձեր կարծիքով, ինչ-որ բան կարո՞ղ է փոխել ստեղծված իրավիճակում։

- Նախեւառաջ դատարանի այս վճիռը վերահաստատեց «Լիդիանի» դիրքորոշումն այս խնդրի վերաբերյալ։ Այն է՝ վերոնշյալ փաստաթղթերով ներկայացված մտահոգությունները նոր էկոլոգիական գործոններ չեն, եւ, առհասարակ՝ ՇՄԱԳ-ն ուժը կորցրած ճանաչելու համար որեւէ հիմք առկա չէ: Ինչ վերաբերում է կառավարությանը, ապա կարծում եմ, որ կառավարությունը պետք է իր օրակարգից ուղղակի հանի նշված փաստաթղթերի քննարկումն ու դիտարկումը՝ որպես ենթադրյալ հիմք Ամուլսարի ՇՄԱԳ-ն ուժը կորցրած ճանաչելու համար: Հակառակ դեպքում դա կարժանանա հենց դատական իշխանության համապատասխան արձագանքին:   

- Վերջին շրջանում դատարանի կողմից մի շարք որոշումներ կայացվեցին հօգուտ «Լիդիանի», օրինակ՝ դատարանը պարտավորեցրեց ոստիկանությանը ապաշրջափակել Ամուլսարի ճանապարհները: Բայց այս վճիռները, կարծես, որեւէ հետեւանք չունեցան։

- Այո, Ամուլսարին առնչվող տարբեր հարցերով վերջին շրջանում երկու կարեւոր որոշում եւս կայացվել է: Մասնավորապես, գոյություն ունի դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռ, որով դատարանը պարտավորեցնում է ոստիկանությանը ապաշրջափակել Ամուլսար տանող ճանապարհները: Նույնիսկ վարչապետը սեպտեմբերին կայացած իր մամուլի ասուլիսի ընթացքում եւս խոսեց դատարանի այդ վճռի մասին, բայց մինչ այսօր այդ վճիռն ի կատար չի ածվել, եւ ճանապարհները շարունակում են ապօրինի շրջափակված մնալ: Այս փաստը, իհարկե, որոշակի հանգամանքների առկայության դեպքում բավականին լուրջ իրավական հետեւանքներ կարող է ունենալ մեր հանրապետության համար: 
Իսկ մյուս վճռով կրկին վարչական դատարանն անվավեր էր ճանաչել ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի նախկին ղեկավարի որոշումը, որով նա պարտավորեցրել էր ընկերությանը ձեռնպահ մնալ Ամուլսարի տարածքում որեւէ գործունեություն իրականացնելուց: 
Փաստացի կարող ենք արձանագրել, որ չի եղել եւ այս պահին էլ չկա որեւէ իրավական հիմք, որի հիման վրա կարող է կասեցվել «Լիդիանի» գործունեությունը, ինչի մասին, ի դեպ, նշել է նաեւ ՀՀ վարչապետը, բայց, այնուամենայնիվ, Ամուլսարի ճանապարհները շարունակում են մնալ ապօրինի շրջափակված: