Չչորացած դառն արցունքներն ու գիշերային հրավառությունները. ովքե՞ր են գիշերային մղձավանջի պատասխանատուները

Չչորացած դառն արցունքներն ու գիշերային հրավառությունները. ովքե՞ր են գիշերային մղձավանջի պատասխանատուները

Ապրում ենք մի երկրում, որը դեռ ուշքի չի եկել արցախյան 44-օրյա պատերազմից, որի   դառը արցունքները դեռ չեն չորացել իր հերոսների կորստի ցավից, որտեղ Եռաբլուրը  հարյուրավոր մասունքներ դեռ ունի  հուղարկավորելու: Բայց արի ու տես` երևանյան երկինքը կեսգիշերն անց համարյա ամեն օր թնդում ու լուսավորվում է գունագեղ հրավառություններից։ Ինչի՞ համար են այդ թնդյունները, ո՞վ է այդքան սեփական ուրախությունը ազգային ցավից վեր դասում։ Այս ցավոտ հարցով էլ թակեցինք բոլոր հնարավոր պետական դռները, որպեսզի հասկանանք՝ ո՞ր պաշտոնական մարմինն  է այս հարցում թերացել։

«Հրապարակը» զրուցել է Քաղաքապետարանի «Առևտրի  և ծառայությունների» վարչության պետ Հովիկ Սաֆարյանի հետ։

«Հրավառությունների խնդիրը լուրջ է, օրենսդրական թերություններ կան։ Բազմաթիվ բարեփոխումներ ենք նախաձեռնել և հերթը շուտով դրան էլ է հասնելու։ Մեր մասով միայն ու միայն հատուկ նշանակության և տեխնիկական հրավառությունն է, որ մեր դաշտում է։ Դրանք մեծ միջոցառումների ժամանակ քաղաքային և հանրապետական նշանակության հատուկ տեխնիկայով հրավառություններն են։ Լռության ժամը սահմանված է 23։00-ն, դրանից հետո իրավունք չունեն հրավառություն կազմակերպել։ Այս դաշտում մեծ խնդիր կա։ Ես՝ ինքս՝ որպես հայ, որպես  քաղաքացի դեմ եմ դրանց վաճառքին։ Ինչի վրա են ուրախանում, անհասկանալի է։ Պետք է ներմուծումը խստացվի և կարգավորվի։ Հենց մաքսատնից պետք է այս հարցը լուծվի, որպեսզի այդ ապրանքատեսակը  չհայտնվի վաճառակետերում։ Եթե թողնում ենք մարդը ներմուծում է, սկսում է վաճառք անել, մենք էլ սկսում ենք տուգանել նրանց, անիմաստ բան է ստացվում։ Եթե մեզ պետք չի վաճառվի, ինչո՞ւ ենք թողնում ներմուծի»։

Վերջինիս խոսքով, ՀՀ Առողջապահության նախարարությունը մեկուկես տարի առաջ ներկայացրել էր Քաղաքապետարանին նախագիծ, որով  պետք է հրավառ նյութերի վաճառքի հետ կապված սահմանափակումներ մտցվեին։ Ինքն էլ իր հերթին առաջարկել էր, որ ներմուծվի միայն հատուկ նշանակության տեխնիկա, որը կօգտագործվի միայն մայրաքաղաքի տոն օրերի համար կամ էլ լուրջ կազմակերպությունների կողմից, որոնք լիցենզիա ունեն և պահպանում են անվտանգության բոլոր նորմերը։ Սակայն, այդ նախագիծը մնաց թղթի վրա` անհասկանալի պատճառներով։

«Ինքս, շրջայց եմ կատարել Փեթակում, այս հարցում շատ խորացել ենք։ Բավականին մտահոգիչ պատկեր էր՝ այնպիսի հրավառ նյութեր են վաճառում, որ կարող ես մտնել մի գյուղ գրավես։ Նույնիսկ Հրդեհային անվտանգության, Քաղաքաշինության կոմիտե  եմ գրություն ուղարկել, որպեսզի ստուգայցեր կատարեն։ Մենք պատերազմական երկիր ենք, այնտեղ մի հրդեհ բռնկվեց` մի ամիս կպայթեն այդ հրավառ նյութերը։ Օրենսդրորեն թույլատրելի է, արգելք չկա։ Այդ պատճառով էլ ինչ ուզում ներմուծում են։ Մենք գործում ենք տնտեսվարողների հետ, և եթե առևտրի կամ հանրային սննդի օբյեկտ է այդ հրավառությունն անում, և խախտում լռությունը` սահմանված 23։00-ից հետո, մենք ենք տուգանում։ Սակայն իրենք տեսեք՝ ինչ են անում, օրինակ, որևէ ռեստորան կամ օբյեկտ ունի պատվիրված հրավառություն, նրանք առաջարկում են դուրս գալ իրենց տարածքից դուրս առանձնացված մի վայր, և այնտեղ անել հրավառություն։ Այսինքն, խախտված լռությունը իր վրա դրված պատասխանատվությունից հանում է տվյալ ռեստորանը կամ օբյեկտը։ Որպեսզի, երբ ոստիկանությունն ու Քաղաքապետարանը մոտենան, ասեն՝  սա հաճախորդը, սա ՝ դուք»,-ասաց զրուցակիցս։

Նշենք, որ Քաղաքապետարանի իրավասության ներքո գտնվող տնտեսվարողները   լռության ժամը խախտելու դեպքում առաջին անգամ տուգանվում են 300-500 հազար դրամի չափով, երկրորդ անգամ՝ 1մլն դրամ։

«Հրապարակը»  զրուցել է նաև Ոստիկանության Երևան քաղաքի հասարակական կարգի ապահովման տեսուչ Լևոն Ղազարյանի հետ։

«Ոստիկանությունն իր առօրյա ծառայության ընթացքում տարբեր ժամերի արտաքին ծառայություն է իրականացնում Երևան քաղաքում։ 2021 թվականի հուլիս ամսից ներդրվել է  նոր «պարեկային» ծառայությունը։ Պարեկային ծառայողները շրջագայում են ամբողջ Երևան քաղաքի տարածքում։ Ի տարբերություն նախկին ձևաչափի,  պարեկային կարգախմբերն ավելի ընդարձակ տարածվում են ծառայություն իրականացնելիս, այսինքն, համեմատաբար ավելի շատ է նրանց ուժերը և միջոցները տվյալ ծառայությունն իրականացնելիս։ Ծառայողները, երբ որ նկատում են հրավառությունը, անմիջապես փորձում են հրավառության հետքերով գնալ և տեղում պարզել, թե ով է իրականացնում։ Ինչպես նաև քաղաքացիները, երբ որ տեսնում են, որ անհանգստություն է պատճառում հրագործության կատարումը, ահազանգում են։ Տվյալ ահազանգը, նույնպես, արագ կերպով փոխանցվում է ծառայությունը իրականացնող կարգախմբերին»։

Մեր այն հարցին, թե արդյոք հաջողվո՞ւմ է պարեկային  կարգախմբերին արագ ֆիքսելով տարածքը տեղում հասկանալ, թե ով է կատարողը, Ղազարյանն ասաց, որ վերակարգերը չեն կարողանում մեծամասամբ հայտնաբերել, թե կոնկրետ, որ վայրից է և ով է կատարողը, որովհետև  հրավառությունը ինքը այնպիսի դրսևորում է, որ մեծ շառավղով տեսանելի է լինում, սակայն էպիկենտրոնը, թե որտեղից են իրականացնում այդ հրավառությունը շատ դժվար է հայտնաբերել։

«Թեկուզ անմիջական ահազանգով մեկնեն կամ հեռվից տեսնելիս մոտենան, դրա իրականացման վայրը շատ դժվար  գործընթաց է։ Պետք է ընդամենը րոպեների ճշգրտությամբ հասնել և պարզել կատարողին։ Իսկ շատ դեպքերում, նույնիսկ կատարողը քաջ գիտակցելով, որ անթույլատրելի արարք է կատարում, անմիջապես հրավառությունը իրականացնելուց հետո, նույնիսկ հրատեխնիկայի չօգտագործված մնացորդի հետքերն իսկույն վերացնում է և անհասանելի է դառնում կարգախմբերի համար։ Հայտնաբերման դեպքում վարչական իրավախախտումների վերաբերյալ  Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 180-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված է պատասխանատվություն` նվազագույն աշխաատվարձի հարյուրապատիկի չափով։ Իսկ եթե տույժ նշանակելու օրվա դրությամբ մեկ տարվա ընթացքում կրկին անգամ է կատարում նույն իրավախախտումը նույն անձը, ապա դրա կրկնապատիկը՝ մինչև 200 հազարի չափով է տուգանքը նախատեսվում։ Վերլուծությունը ցույց է տալիս, որ  2022 թվականից  արդեն միտում ունի, որպեսզի իրավախախտումները նշված ուղղությամբ աճեն։ Բնականաբար ՀՀ ոստիկանությունը հնարավորինս օրենսդրության պահանջներին համապատասխան ոլորտը կարգավորելու նպատակով միջոցներ է ձեռնարկում։ Կոնկրետ վերլուծությունից շատ բան է կախված, թե ինչ ուղղությամբ կարելի է գործընթացը կարգավորել, առավել ևս, երբ մի քանի նույնիսկ օրենսդրական և ենթաօրենսդրական իրավական ակտերի նախագծեր արդեն նախկինում քննարկվել են, որոնցով նախատեսված է եղել ընդհուպ ներմուծումը  և նույնիսկ վաճառքը արգելելը։ Սակայն  ներկայումս նման կարգավորում ընդունված չէ և քաղաքացիները լիցենզավորված ընկերություններից, ովքեր իրականացնում են վաճառքը, կարող են ձեռք բերել և ինքնուրույն օգտագործել տվյալ ատադրատեսակը»։

Ստացվում է, որ մինչև օրենսդրական փոփոխությունների կարգավորումը, մենք` Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս, նախևառաջ պետք է մեր խիղճը կարգավորենք։ Թող որ այդ հրավառությունները՝ մի օր, մի նոր հաղթանակի դեպքում  սկսենք իրականացնել։