Սասուն Միքայելյանի ու Ռոմանոս Պետրոսյանի հակասությունները խորացել են 

Սասուն Միքայելյանի ու Ռոմանոս Պետրոսյանի հակասությունները խորացել են 

«Քաղաքացիական պայմանագիր» վարչության՝ մարտի 26-ի նիստն անձամբ վարել է Նիկոլ Փաշինյանը։ Նիստի ժամանակ որոշում է կայացվել կուսակցության շարքերից հեռացնել ՔՊ անդամ Սևակ Տիգրանյանին՝ Կոտայքի մարզպետի խորհրդականին։ 

«Հրապարակ»-ին հասած տեղեկություններով, Տիգրանյանի հեռացման հիմքում ՔՊ-ում ստեղծված երկու հակադիր բևեռների՝ Սասուն Միքայելյանի և Ռոմանոս Պետրոսյանի թևերի բախումն է, որը տարածվել է՝ հասել ստորին մակարդակներին։ 

Մեզ հասած տեղեկություններով, Սասուն Միքայելյանը փորձել է ամեն ինչ անել, որպեսզի Կոտայքի մարզի Նաիրի համայնքի ՔՊ պատասխանատուն դառնա Սևակ Տիգրանյանը, իսկ Ռոմանոս Պետրոսյանն առաջ է քաշել իր թեկնածուին։ «Այս տարաձայնությունը երկու կողմերի միջև մեկ տարի կլինի ձգվում է։ Ռոմանոսին հաջողվեց հեռացնել Սասունի թեկնածուին»,- մեզ հետ զրույցում ասաց մեր աղբյուրը։

Փորձեցինք կապ հաստատել Սևակ Տիգրանյանի հետ, սակայն նա չպատասխանեց մեր զանգերին։ 

Հավելենք, որ ՔՊ-ից հեռացման համար բավականին լուրջ պատճառ է անհրաժեշտ ու այդ որոշումը կայացվում է միայն Նիկոլ Փաշինյանի համաձայնությամբ եւ այս տարիներին շատ քիչ մարդ է հեռացվել իշխող կուսակցությունից, ինչպես եւ ընդունվել:

Մեզ ասացին, որ Տիգրանյանը նախկինում հնաանդ ՔՊ-ական է եղել, իսկ վերջերս սկսել է իր անհամաձայնությունը հայտնել՝ «հանձնենք, որ պատերազմ չլինի» քաղաքականությանը, գուցե դա է դեր խաղացել։ Մեզ ասացին, որ նա որոշ ժամանակ մարտական հերթապահություն է իրականացրել Սյունիքի մարզում՝ 2022 թվականի սեպտեմբերի 13-ի ռազմական գործողություններից հետո: