Իմ բակի վարդերը պոկելու համար ոտնատակ եմ տվել․ տնօրենը՝ դպրոցի արևային կայանը ջարդելու մասին

Իմ բակի վարդերը պոկելու համար ոտնատակ եմ տվել․ տնօրենը՝ դպրոցի արևային կայանը ջարդելու մասին

Գյումրեցի լուսանկարիչ Տիգրան Գասաբյանը, որը հաճախ է ֆեյսբուքում հանդես գալիս լուսանկարների շարքով՝ ներկայացնելով   հարազատ քաղաքն ու առկա խնդիրները, երեկ մի լուսանկար է հրապարակել Գյումրու թիվ 20 դպրոցի բակից՝  ցույց տալով կոտրված արևային  կայանը։ «Ո՞վ էրավ ըսպես՝ թշնամի՞ն, հա՞։
Հա, հենց թշնամին էրավ, մեր մեջի թշնամին։

Ծանոթացեք՝ Լորդ Բայրոնի անվան թիվ 20 դպրոցն է, 30 տարվա համար էին սարքե անգլիացիները, Թետչերն անձամբ էգավ բացմանը։ Տեխնիկապես ամենազինվածն էր Հայաստանում, գուցե հըմի էլ։ Ցըխե, ջարդուփշուր են էրե։ Զարմանասկը՝ ընչի են ըսքան տականք, տեսնիս՝ պատժվող էղե՞լ է…
Գյումրու տխուր դեմքը շարքից»,-հրապարակմանը կից գրել է նա։ Նրա այդ հրապարակմանը հետևել է մեկնաբանությունների շարք․ գյումրեցիներն իրենց զայրույթն ու զարմանքն են արտահայտել, իսկ թե ով է բարբարոսության հեղինակը, անհայտ է։

Hraparak.am-ը զրուցեց Գյումրու Բայրոնի անվան թիվ 20 հիմնական դպրոցի տնօրեն Կարինե Մհլամյանի հետ։ «Հարգելիս, ես 2013 թվականից այս դպրոցում եմ, իսկ 2019-ից տնօրենն եմ,  արևային կայանն այսպես է եղել՝ շարքից դուրս եկած,կոտրված,  չի աշխատել։Ես, որ դպրոցի տնօրեն նշանակվեցի, անմիջապես տեսախցիկներ տեղադրեցի, նույնիսկ իմ  բակի վարդերը պոկելու համար եմ ոտնատակ տվել, որ իմանամ ովքեր են արել, ուր մնաց․․․։ Երեկվա հրապարակման հիման վրա այսօր ոստիկանությունից էլ դպրոց եկան , ցույց տվեցինք նախկին տարիների լուսանկարները, իրենք էլ համոզվեցին, որ նոր չէ։ Իսկ թե ո՞վ է արել, ե՞րբ, նախկին տնօրենից պետք է պարզել, ես չգիտեմ՝ ինքը ոստիկանություն դիմել է այն ժամանակ, թե ոչ ։ Բայց ասեմ, որ կայանի լիցքավորիչները վաղուց շարքից դուրս եկած են  եւ չեն աշխատել։ Դպրոցը հիմա  գազաֆիկացված է, ջեռուցվում է կաթսաներով, բայց մեզ արևային կայան միանշանակ պետք է, ես դիմել եմ տարբեր կազմակերպությունների, ճապոնացիների դիմեցինք, գալիս են, ուսումնասիրում, ասում են, որ հին արևային կայանի հենքի վրա հնարավոր չէ նորը տեղադրել»,-ասաց տնօրենը։ Մեր հարցին ի պատասխան, թե այդ դեպքում ինչու չի օտարվում արդեն իսկ անպիտան արևային կայանը, տնօրենն աասաց․«Դա, որ հանենք, տակը երկաթե կարկաս կա, վախենում ենք, որ տակի երկաթը կարող է դպրոցի համար հենք լինել, եւ շենքի հիմքը դրանով կխարխլվի»։