Մի քիչ էլ՝ մայրաքաղաքի անտեր խնդիրներից...

Մի քիչ էլ՝ մայրաքաղաքի անտեր խնդիրներից...

Երեւանի այս գարնան աշխուժությունն անսովոր է: Առիթն իրենց խաղաղությունը Երեւանում գտած սովորականից շատ «զբոսաշրջիկներն» են: Նրանց մի մասը տարիներ առաջ Հայաստանից գնացածներն են, որ հիմա այստեղ են: Իսկ մյուս մասն այլազգիներ են, այդ թվում`  ռուսներ, ուկրաինացիներ, բելառուսներ: Հիմնականում երիտասարդներ եւ` ընտանիքներով:
Ի դեպ, Երեւանի կենտրոնի` Մաշտոցի պողոտայի նախկին Ծածկած շուկան (ներկայիս «Երեւան սիթին») զբոսաշրջիկների համար դարձել է մայրաքաղաքում կողմնորոշվելոու հենակետ-հավաքատեղի: Հետեւաբար, հաճախորդների առումով այս «սիթիի» եւ մայթին շարված սննդամթերքի «բաց շուկայի» բախտը բերել է: Այնպես որ՝ օրվա պիկ ժամերին առանց հրմշտոցի մայթով անցնել չի լինում: 

Զարմանալու բան չկա, որ «բաց շուկայի» կեղտոտությունը, ձկան հոտը, ծաղիկների բույրը, աղմուկը, մուրացկաններն օտարներին այնքան էլ չեն անհանգստացնում: Ինչ խոսք, աչքաբացներ էլ կան: Նրանք չեն թաքցնում իրենց զարմանքը, թե այս Ծածկած շուկայի ժանյակազարդ հարթաքանդակ-մուտքն ինչպես կարելի է ապականել․ մայթը «բաց շուկայի» վերածել, հետիոտն անցումը մութ քարանձավ դարձնել: Անկախությունից հետո եղան ժամանակներ, չէ՞, երբ մուտքի մաքրությունը լրացնում էր Ծածկած շուկայի ներսի կամարակապ հարդարանքի, հարթաքանդակ-մուտքի հանդիսավոր վեհությունը: 

Տարիներ առաջ, երբ շուկան իսկապես ծածկած շուկա էր, մեր ռուս ճարտարապետ գործընկերը տեսավ ու բացականչեց. «Հռոմի պապը կերազեր այս մուտքով մտներ եւ այս կամարների ներքո պատարագ մատուցեր»: Իսկ մեր օրերում` տարածքի կարգուկանոնին հետեւող ոստիկանները թեեւ միշտ տեղում են լինում, սակայն նրանց հայացքներում անտարբերությունն ու ձանձրույթն են նստած:

Մայրաքաղաքի ցցուն խնդիրները Ծածկած շուկայի տարածքով չեն ավարտվում: Խնդիրների մի տեսակն էլ օպերային թատրոնի տարածքն է։ Ազատության հրապարակի մուտքից ձախ, Թումանյան-Մաշտոցի պողոտա հատման մասում, ցանկապատով սահմանափակված այգու կածանի աջ եւ ձախ ծառաշատ հատվածները 1998-ից սկսեցին խճողվել իրար կիպ կպած սրճարան-ռեստորաններով: Ձեւավորվեցին ռեստորանային երկու կորագիծ շղթա եւ իրար խլացնող էկլեկտիկ երաժշտական խառնարան: 2018թ. հեղափոխական տարիներին կածանից աջ ռեստորանային շղթան քաղաքապետարանը «ճեղքեց»: Տեղում նոր ծառ, եղեւնի, խոտ ու թուփ հայտնվեցին, բայց շղթան եզրափակող` սկզբի եւ վերջի սրճարան-ռեստորանները («Ատմոսֆեր», «Մոսքոու ակումբ», «Բար», «Շոկոլադնիցա») մնացին:

Ամեն անգամ Ազատության հրապարակով անցնելիս ըմբոստանում ես, որ այդ ամենի հեղինակները (քաղաքապետարան, թաղապետարան, պատվիրատու-կառուցապատող, նախագծող ճարտարապետ, շահագործող կամ վարձակալած սեփականատեր) հեռու են օպերային իսկապես ծանր արվեստից, թատրոնի կառույցի զուսպ, ինքնատիպ ճարտարապետությունից: Նրանք չեն գիտակցում, որ իրենք նվաստացրել են Ազատության խորհրդանիշ դարձած, համամարդկային մշակույթի կոթող կրող, չգրված պահանջներով ու կարգավիճակով հրապարակը: Չզգալ կամ արհամարհել հրապարակի հատուկ կարգավիճակն ու բխող պահանջները` մեղք է:

Պատերազմական իրավիճակներով պայմանավորված՝ Երեւանի բնակիչները դարձել են դյուրագրգիռ: Բոլորն էլ հանգստություն եւ խաղաղություն են փնտրում, բայց միշտ չէ, որ հասնում են արդյունքի: Երեւանի իշխանությունները երթեւեկի աղմուկը նվազեցնելու, օդը մաքուր պահելու նպատակով առաջարկում են էլեկտրամոբիլ գնել: Դրան հակառակ՝ ավելացել են ճարճատող, գերարագ սլացող սպորտային ավտոմեքենաները, նույնքան աղմկոտ մոտոցիկլետները:

Նրանց, հատկապես կեսգիշերն անց երթեւեկի ահարկու ոռնոցները, շչակները քնած մարդկանց լեղապատառ են անում: Գուցե պարեկային ծառայությունն այնքան դինջ է ընթանում, որ ակնհայտ խախտումը չի կարեւորվում: Նույնկերպ՝  քնած մարդկանց զայրույթն են գրգռում  Զանգվի ձորի` Առափնյայի (Набережная) իրար գլխի հեծած ռեստորանների եւ այլ վայրերում նման հաստատությունների քեֆային ճայթուկների կրակահերթերը, ծուխն ու բայղուշ երգերը: Կար ժամանակ (հիշողներ կլինեն), երբ այս եւ նման մեծ ու փոքր երեւույթների իրավակարգավորումը գործում էր, կարգազանցները` պատժվում:

Աներկբա է, որ Հայաստանի իշխանությունների, ազգայինժողովական եւ հաճախորդ ընդդիմադիրների համար խելքեն դուրս բարդ է անկախ պետականություն կառավարելը։ Սակայն դա չի նշանակում, որ տեղական ինքնակառավարման կառույցները քաղաքապետարան, թաղապետարաններ պետք է կաթվածահար լինեն եւ չանեն այն, ինչն ի պաշտոնե պարտավոր են անել։ Բարեվարքությունից խոսելը դեռ բարեվարքություն չէ։

Տեղին է հիշել սփյուռքահայ գրող դարձած մի հայ գրողի գիրքը քննարկողներից մեկի զարմանքը, թե մեր մտածելակերպի ու կենսակերպի միջեւ անհամատեղելիությունը մի՞թե այդքան ցցուն է: Մենք հոգով եւ մտքով արեւմտյան արժեքների կրողն ենք, իսկ ապրելակերպով` բռի արեւելքցի՞... Մենք մտածելակերպով իշխան Համլետ ենք, կենսակերպով` ընդամենը ձկնորս Պեպո՞...

ՀԳ 1․ Ի դեպ, Ազատության հրապարակում հանգստացողները, անցորդները, խաղացող երեխաները չեն ազդում հրապարակի կարգավիճակի վրա:

ՀԳ 2․ Ցավոք, երկիրը քոքից մաշեցնելու, անկախ պետականությունը տանուլ տալու գործընթացը միայն արտաքին ազդակներով չէ պայմանավորված։

Արամայիս Ասլանյան
նախագծող-ճարտարագետ