Նիկոլը՝ պարտության խորհրդանիշ

Նիկոլը՝ պարտության խորհրդանիշ

ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյան Նիկոլը պարտության խորհրդանիշ է: Եվ բնական է, որ նա պետք է լիներ այն անձը, ով ասելու էր, թե հպարտ է պարտությամբ: Ճիշտ այնպես, ինչպես չարի խորհրդանիշն է հպարտ սեփական չարությամբ: Մարդկանց կյանքում, այնուամենայնիվ, այս երեւույթն աննախադեպ է: Ոչ մի անձ՝ լինի պետության ղեկավար, թե ընդամենը ընտանիքի հայր, չի կարող հպարտանալ պարտությամբ: Եթե այդպիսի մեկը հայտնվի որեւէ միջավայրում՝ լինի դա ընտանիք, ուսումնական կամ աշխատանքային կոլեկտիվ կամ մեկ այլ բան, նրան կհանձնեն հատուկ մասնագիտացված բժիշկների խնամքին:

Այլապես ինչպե՞ս կարող է մարդը հպարտ լինել մի բանով, ինչը ենթադրում է ցավ, վիշտ, ողբերգություն, կորուստ... Բայց, չգիտես ինչու, այդպիսի մեկը ղեկավարում է մեր պետությունը, եւ հասարակությունը հանդուրժում է նրա գոյությունը: Եվ այդ հասարակության մեջ ոմանք նույնիսկ երդվում են նրա անունով, այլոք՝ խոնարհվում նրա առաջ: Կարծես թե նրանց դիմաց ոչ թե մահկանացու է՝ այն էլ ստորացված թշնամու կողմից, այլ բարձրյալ մեկը: Ոմանք էլ, «ստամոքսային մտածողությամբ» առաջնորդվելով, նրա կենացն են խմում՝ կարծես թե այդ անձն իրենց ոչ թե պարտություն, այլ հաղթանակ է նվիրել:

Այդ բոլոր մարդիկ հայաստանյան հասարակության մասնիկներ են: Ճիշտ այնպես, ինչպես մենք՝ վարչապետի պաշտոնից Փաշինյան Նիկոլի հեռացումը պահանջողներս: Բայց որովհետեւ հասարակությունն իր ամբողջության մեջ հանդուրժում է նիկոլանման մեկին, ապա այդ հասարակության իրավապահ համակարգն էլ պետք է թեւ ու թիկունք լինի նրան: Ու ոչ մի նշանակություն չունի, որ զոհված զինվորների ծնողները նրա նկատմամբ քրեական գործ հարուցելու վերաբերյալ հաղորդում են ներկայացնում դատախազությանը: Նշանակություն չունի, քանի որ իշխանությունն ու այդ թվում՝ դատախազությունը, իր ձեռքում է:

Տվյալ պայմաններում, բնականաբար, քրեական գործ կհարուցվի ոչ թե իր նկատմամբ, այլ իր հրահանգով՝ իր քաղաքական հակառակորդների նկատմամբ: Ինչը եւ անընդհատ տեղի է ունենում այսօր: Եվրաչինովնիկի կողմից «ժողովրդավարության փայլուն աստղ» հորջորջված երկրում քաղաքական դրդապատճառով հետապնդումները դարձել են նորմա: Բայց դա եւս հանդուրժում է հասարակությունը: Այն հասարակությունը, որը վիրավորվել էր երկրի երրորդ նախագահի կողմից սեփական խոսքը դրժելու հանգամանքից եւ մերժել նրան:

Այսօր այս հասարակության գիտակից եւ հայրենասեր մասը կրկին դուրս է եկել փողոց: Եվ եթե հասարակությունը չի ցանկանում ինքնաոչնչանալ, պետք է կանգնի փողոց դուրս եկած իր զավակների կողքին: Որովհետեւ 4 տարի առաջ նրա կողմից փողոցի ուժով վարչապետ կարգված Փաշինյան Նիկոլը երկիրը տանում է կործանման՝ կործանման ուղու անունը դնելով «խաղաղ դարաշրջանի մեկնարկ»: Դա նույնն է, թե բուժիչ հատկությունից բոլորովին զուրկ որեւէ թունավոր նյութ գեղեցիկ փաթեթավորմամբ ներկայացվի որպես բոլոր հիվանդությունների առումով համադարման: Եվ հաշվի չի առնվում, որ երկու թշնամի երկրից ոչ մեկը չի թաքցնում իր իրական նպատակները, որոնք բացարձակ կապ չունեն «խաղաղության դարաշրջանի» հետ:

Դա նման է նրան, որ ծեծված ու ջարդված մեկը ծնկաչոք հաշտություն խնդրի իրեն ծեծողներից, իսկ նրանք մեծահոգություն ցուցաբերելու փոխարեն սրեն իրենց ձեռքի դանակը՝ ծեծվածի վիզը կտրելու նպատակով: Թշնամիների հետ ահա այդպիսի «խաղաղություն» է փորձում հաստատել ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյան Նիկոլը: Եվ որպեսզի մենք չդառնանք Նիկոլի կողմից հիշատակված մատաղացուն, նրան պետք է հեռացնենք իշխանությունից: