Փաշինյանին փրկենք, որ ի՞նչ անենք…

Փաշինյանին փրկենք, որ ի՞նչ անենք…

Փաշինյանին բազմիցս ենք նախազգուշացրել, որ վերջը վատ է լինելու: Իր վերջը: Թողներ, մարդավարի հեռանար 2020թ. նոյեմբերին, դեռ կարելի կլիներ ինչ-որ կերպ բացատրել այդ քայլը, հասկանալ: Այսօր արդեն շատ ուշ է մարդավարի հեռանալու համար: Նույնիսկ ֆիզիկապես է անհնար դա անել՝ չենթարկվելով հասարակական պարսավանքին, միջազգային հանրության քմծիծաղին, մեր թշնամիների ծաղրանքին ու, վերջապես՝ ներքաղաքական հզոր քննադատությանը: Բայց չմոռանանք, որ ընտրությունն իրենն էր՝ Նիկոլ Փաշինյանինը, որ վարչապետի աթոռին մնալու ճղճիմ 1-2 տարին գերադասեց իր ունեցած քաղաքական կապիտալից:

Փաշինյանին այսօր այլեւս ոչինչ չի փրկի: Բանն այն է, որ պետք է փրկել կա՛մ Հայաստանն ու հայոց պետականությունը, կա՛մ Փաշինյանին: Ընտրության հարց էլ, ինչպես տեսնում եք, չկա: Ավելին, մի բան էլ հարց է առաջանում՝ իսկ ինչո՞ւ փրկել Փաշինյանին, փրկենք, որ ի՞նչ անենք: 2021թ. այս օրերին մենք մի այդպիսի փորձ արեցինք՝ հանրային կարծիք ձեւավորելով՝ ԱԺ արտահերթ ընտրությունների գնալու եւ Փաշինյանին այդկերպ ճանապարհելու նպատակով: Բայց չստացվեց, որովհետեւ Փաշինյանը, հասկանում ես, որոշեց մի քիչ էլ մնալ: Նա կարող էր հրաժարվել վարչապետի պաշտոնից եւ մյուս թեկնածուների հետ հավասար պայմաններում մասնակցել այդ ընտրություններին: Բայց ոչ, նա պետական ողջ ռեսուրսը քաշեց իր տակ, վարչապետական շարասյուներով շրջագայեց մարզերում ու այդպես քարոզարշավ իրականացրեց:

Դրա արդյունքում պարզվեց, որ Հայաստանում 680 հազարի կարգի իդիոտ կա դեռ, որ պաշտպանում է կապիտուլյացիան, դավաճանությունը, հողազրկումը, քաղաքական հետապնդումները, փարիսեցիությունը, ցինիզմը, լակոտությունը, գյադայությունը, ապագայի հանդեպ անտարբերությունը: Այսօր Նիկոլի թիմից էլի ձայներ են հնչում հնարավոր արտահերթ ընտրությունների մասին: Եթե մենք աչքաչափով տեսնենք, որ շատ մարդ է հավաքվում, կգնանք արտահերթ ընտրությունների: Հովիկ Աղազարյանն է այս բլթոցի հեղինակը: Ես նրա աչքաչապին չվստահելու պատճառներ չունեմ, բայց մի բանում իսկապես համամիտ եմ նրա հետ՝ նոր ընտրությունները, հնարավոր է, փրկօղակ դառնան Նիկոլի համար, եւ նա սիկտիրը քաշի գոնե մի փոքր մարդավարի:

Ոչ, նա պետք է դատվի եւ փտի բանտում՝ պահանջում է հանրությունը, որ ոտքի է կանգնել պաշտպանելու այն, ինչ մնացել է իր երկրի անկախությունից, Արցախից ու իր ապագայի հեռանկարից: Այս հանրությունը Փաշինյանին թույլ չի տալու գնալ նոր ընտրությունների կամ այլ ֆինտուֆլյուշկաների, որոնց արդյունքում մեկ էլ տեսար՝ նորից վերարտադրվեց: Փաշինյանն անցել է այն կարմիր գիծը, որը չպետք է անցներ: Այսօր ինչքան ուզում է, թող արցախահաճո մտքեր արտահայտի, թեկուզ գոռա, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, ինչքան ուզում է՝ թող ուխտի գնա Վուդրո Վիլսոնի գերեզմանին, իրեն հռչակի Հայոց ցեղասպանության ճանաչման առաջամարտիկ: Չի ստացվելու: Փաշինյանի գնացքը գնացել է, թիվ մեկ ուղեւորը դուրս է ընկել իրադարձությունների հորձանուտից, նա այլեւս ոչինչ չի կարող փոխել իր քաղաքական կարիերայում:

Ինչի՞ մասին էր Փաշինյանի այցը Ռուսաստան: Այստեղ գրեցին, թե Պուտինի հետ հարցեր է քննարկել, փաստաթղթերի փաթեթ է ստորագրել, հետո գնացել է Նիժնի Նովգորոդ: Այդքանը հասկացանք, բայց, այնուամենայնիվ, ինչի՞ մասին էր այդ այցը: Որեւէ մեկին չի՞ հետաքրքրում, թե ինչ է մտածել Արցախն Ադրբեջանի կազմից դուրս չպատկերացնող Նիկոլը, երբ Պուտինը նրան հայերեն լեզվով ասել է՝ Արցախի հարցի հետ կապված դեռ շատ խնդիրներ կան, այսինքն՝ Արցախի հարցը դեռ լուծված չէ, ինչպես մեզ համոզում էին Ալիեւը, Էրդողանը, Չավուշօղլուն, Նիկոլը եւ վերջինիս ուսապարկերը: Ամենայն ազնվությամբ եմ ասում՝ ես չէի ուզենա, որ Նիկոլը հեռանար Պուտինի ցուցումով կամ պահանջով: Ես չէի ուզենա, որ Նիկոլն այնքան ստոր գտնվեր, որ իր ժողովրդի պահանջն անտեսեր ու հնազանդվեր օտարի պահանջին: Բայց, ավաղ, եթե նա հեռանա այս օրերին, միեւնույն է, մարդիկ մտածելու են, որ ՌԴ նախագահի պահանջով հեռացավ, ով գիտի՝ անվտանգության երաշխիքներ տվեց, ապաստան խոստացավ, սպառնաց…

Ահա թե ինչու է կարեւոր, որ Փաշինյանը հեռանա բարձրացող ժողովրդական այս նոր ալիքի վրա: Եթե պետք է էլի ձեռքը փրփուրներին գցի, աներեսի պես կառչի աթոռից, ռեպրեսիաներ սկսի, այլանդակությունների ու ֆալսիֆիկացիանեիր դիմի, ուրեմն իսկապես բանը բուրդ է: Եվ ոչ միայն իր բանը: Հեղեղը երբ առաջն ընկածը քշում է, էլ չի նայում՝ ով ով է: Հովիկ Աղազարյան լինի, թե Անդո Քոչարյան, Վահագն Ալեքսանյան լինի, թե Վահագն Հովակիմյան, Արսենյան Գուգո լինի, թե Խաչատուր Սուքիասյան… Ու այս խառնաշփոթում՝ սուգ, վայնասուն, իրարանցում, ո՞վ է հիշելու Նիկոլի հետույքի մասին: Իմ ուզածն ընդամենն այն է, որ Նիկոլը փասափուսեն հավաքի ու գնա: Էլ ոչ մի բացատրություն, ոչ մի արդարացում լսելու ուժ չկա: Սրանից անդին արդեն քաղաքացիական պատերազմն է: