Պարում ենք խելագար խնջույքում...

Պարում ենք խելագար խնջույքում...

Լեւոն Տեր-Պետրոսյանը իշխանությունից հեռանալուց հետո ամեն ինչ արել է ՀՀ հաջորդ ղեկավարների պաշտոնավարումը, իր բառով ասած՝ մունդռելու համար, այդկերպ ապահովելով իր մշտական ներկայությունը քաղաքական երկնակամարում, ինչը հիմնականում արտահայտվել է հանրության ենթագիտակցական շերտերում։ Սակայն այդ «օրինաչափությունը» երբեմն-երբեմն խախտվել է զանազան գործընթացների բերումով` 2008թ. նախագահական ընտրություններ, 2012թ. ԱԺ ընտրություններ, 2013թ. նախագահական... 1997-ից հետո Տեր-Պետրոսյանին, կարծես, այլ առիթներով չենք տեսել․ նշեմ ընդամենը հանգուցային 3 իրողություն՝ 1999թ. հոկտեմբերի 27, 2008թ. մարտի 1 եւ 2018թ. ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ձերբակալություն: Դժվար չէ նկատել, որ Տեր-Պետրոսյանն է այս իրադարձությունների գլխավոր գործող անձը, ընդհուպ՝ կազմակերպիչն ու ոգին: Հենց միայն այն, որ բոլոր նշված դեպքերով կազմակերպիչներն անհայտ են ու պատասխանատվության չեն ենթարկվել, խոսում է այն մասին, որ դրանք լավ մտածված օպերացիաներ են եղել եւ ունեցել են մեկ միտում՝ մունդռել հաջորդ ղեկավարի կյանքը: 

Եվ այսպես․ Ռոբերտ Քոչարյանն ստիպված եղավ 10 տարի շարունակ պաշտոնավարել հոկտեմբերի 27-ի «բեռով», չնայած հանցագործները հայտնի էին ու բանտարկված: 2008թ. մարտի 1-ն էլ որպես հրաժեշտի «նվեր» մատուցվեց նրան, որ նաեւ բեռ դարձավ հաջորդ նախագահի՝ Սերժ Սարգսյանի ուսերին: Ներկայանալով որպես մարտի 1-ի պահանջատեր՝ Տեր-Պետրոսյանը Սերժ Սարգսյանի պաշտոնավարման առնվազն առաջին հնգամյակում իր ձեռքում պահեց «ընդդիմության» ղեկը: Մերթ երկխոսում էր իշխանությունների հետ, մերթ մոնղոլ-թաթար» անվանում նրանց, մեկ-մեկ էլ գնում տուն, որ չխանգարի հայ-թուրքական ֆուտբոլին: Այդ ամենի արդյունքում Տեր-Պետրոսյանի գլխավորած գեղի կլուբը հայտնվեց խորհրդարանում, բայց 7 հոգանոց ֆրակցիան պառակտվեց յոթ հավասար մասի՝ կորցնելով անգամ իր հռետորին՝ Նիկոլ Փաշինյանին, որի մասին խոսելիս հանրահայտ հանրապետականներն ասում էին՝ նա «մեր ախպերն ա»:

Հաջորդ խորհրդարանական ընտրություններում «մեր ախպոր» «Ելք» դաշինքը մտավ խորհրդարան, իսկ ՀԱԿ-ը մնաց դրսում: Թվում էր՝ վերջ, Սերժ Սարգսյանը վերջ դրեց Լեւոն Տեր-Պետրոսյանի էպոխային, բայց տեղի ունեցավ ամենաանսպասելին: «Մեր ախպերը» Գյումրիից քայլելով եկավ եւ Սերժ Սարգսյանից վերցրեց իշխանությունը: Ի՞նչ տեղի ունեցավ դրանից մի քանի ամիս առաջ. դարձյալ ոչ ոք չգիտի: ԼՏՊ-Ս.Ս․ պայմանավորվածությո՞ւն էր, թե՞ ՀՀ երրորդ նախագահը որոշեց մինչեւ վերջ լուծել ԼՏՊ-ի հարցերը՝ առաջ մղելով «Նիկոլ՝ վարչապետ» պրոյեկտը: Հազիվ թե մեզ որեւէ մեկը հետագայում ողջ ճշմարտությունն ասի, բայց առանց ուրիշի պատմելու էլ հասկանալի է, որ Սերժ Սարգսյանին ու Նիկոլ Փաշինյանին կատարյալ երջանիկ լինելու համար ամենեւին էլ պետք չէր սահմանադրական կարգի տապալման շինծու մեղադրանքով Ռոբերտ Քոչարյանին պատասխանատվության կանչելը:

Հայաստանում կար նոր ղեկավար, եւ պետք էր մունդռել այդ ղեկավարի կյանքը: Տեր-Պետրոսյանը նկատել էր, որ Նիկոլ Փաշինյանին ոչ ոք չէր պատրաստվում խանգարել՝ ստանձնելու Հայաստանի Հանրապետության ղեկը, մի բան, որ կավետեր իր քաղաքական վախճանն ու քաղաքական թատերաբեմից ընդմիշտ հեռանալը: Եվ նա սկսեց Նիկոլին, այսպես ասած, տիրություն անելու գործընթաց, որ սկզբում արտահայտվում էր մեծական խորհուրդների, իսկ հետո արդեն քաղաքական հստակ քայլերի հուշումներով: Վերաբացել Մարտի 1-ի գործը, պատասխանատվության կանչել Ռոբերտ Քոչարյանին, կալանավորել, իսկ եթե չստացվի մեղադրանքը հաստատել՝ փոխել ՍԴ կազմը եւ հարցը լուծել «գեղական կարգով»: Տեր-Պետրոսյանն ու նրա սազանդարները մեռան Փաշինյանին համոզելով, որ եթե Քոչարյանին չձերբակալեն, ոչ ոք չի հավատա հակակոռուպցիոն պայքարին ու նոր Հայաստանի գաղափարին: Փաշինյանը կուլ տվեց խայծը: Քոչարյանին ձերբակալեցին, սակայն, ինչպես Տեր-Պետրոսյանի բոլոր ծրագրերը, այդ մեկն էլ դատապարտված էր ձախողման: Անցան ՍԴ-ին: Դա էլ չստացվեց: Հանրաքվե հորինեցին, դարձյալ ձախողում: Եվ այսօր Տեր-Պետրոսյանի քավորությամբ Փաշինյանը կանգնել է մի խնդրի առաջ, որ թույլ չի տալիս նրան առաջ շարժվել: Կա՛մ պետք է «մինչեւ վերջ» բացահայտել Քոչարյանի «գործը» եւ հրապարակ բերել Մարտի 1-ի բուն մեղավորներին, կա՛մ փոխել Քոչարյանի խափանման միջոցը եւ գլխիկոր հրաժարական տալ՝ ակամա խոստովանելով պրոյեկտ լինելը: 

Կորոնավիրուսի կապակցությամբ ակտիվացել են Քոչարյանի խափանման միջոցը փոխելու մասին խոսակցությունները: Նախկին վարչապետների միջնորդությունը դեռ կախված է օդում: Օրերս նման «միջնորդություն» արեց նաեւ Գարեգին Երկրորդ կաթողիկոսը՝ շեշտը դնելով մարդասիրություն դրսեւորելու անհրաժեշտության վրա: Կանսա՞ Փաշինյանն այդ միջնորդություններին, թե՞ կշարունակի ժամանակ շահել՝ դատավոր Դանիբեկյանի միջոցով ձգձգելով գործի քննությունը՝ հայտնի չէ: Պակաս անհանգստացած չէ նաեւ գործի «քավորը»՝ Տեր-Պետրոսյանը: Նրա վերջին բեմելը, որով ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահներին հայրենասիրության դասեր էր տվել, նույն օպերայից է: Տեր-Պետրոսյանին այս հարցում աջակցում է Փաշինյանի թիմի հացկատակ հատվածը, որ ուղղակի սվիններով ընդունեց կաթողիկոսի կոչը՝ փոխել Քոչարյանի դեմ կիրառված խափանման միջոցը: Լարվածությունը մեծ է: Իմ համեստ կարծիքով՝ Փաշինյանին այս իրավիճակից կփրկի մեկ բան՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին 25-տարվա «ընդհատակյա» գործունեության բացահայտումը: Սա է ՀՀ առաջին նախագահի քանդիչ ազդեցությունից ձերբազատվելու միակ ձեւը: Դա գուցե ծայրահեղ քայլ է, բայց մյուս կողմից էլ՝ ի՞նչ ունի վախենալու ժողովրդի վարչապետը, որը, ինչպես ինքն է ասում, վայելում է ՀՀ քաղաքացիների 70 տոկոսի համակրանքը:

ՀԳ. Միեւնույն է՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ սանձազերծված քաղաքական հետապնդումը մի օր ավարտվելու է: «Փոխել խափանման միջոցը»՝ սա «թավշյա» պահանջ է այլեւս, երբ ակնհայտ է, որ սնամեջ է ներկայացված մեղադրանքը: Ռոբերտ Քոչարյանը հաստատ այն գործիչը չէ, որ համաձայնի «լղոզումներով» ծածկադմփոց անել այս պատմությունը: Քոչարյանի հակառակորդներից ով մտավ շրջան, պետք է պարի մինչեւ վերջ: Սերժ Սարգսյանի հետ կարելի է երկխոսել, «տամարը մտնել», կարելի է նրան շանտաժի ենթարկել, որ ընդունի «սխալը»: Քոչարյանը տարբեր է, չշփոթեք: Մտել եք շրջան՝ պիտի պարեք միանչեւ վերջ: