Հայաստանի բժշկական համակարգը սատանայի ջրաղացն է

Հայաստանի բժշկական համակարգը սատանայի ջրաղացն է

Դեռեւս Սովետական Հայաստանի տարիներին Բժշկական ինստիտուտ ընդունվելու համար սահմանված աստղաբաշխական գներ կային, ու միմիայն այդ գումարն ունեցողները, եթե անգամ փայլուն գիտելիքներ ունեին, հնարավորություն էին ունենում հատել ինստիտուտի շեմն ու կրթություն ստանալ։ Ովքեր չէին կարողանում մուծել կաշառքը, կրկին՝ եթե անգամ փայլուն գիտելիքներով, ստիպված էին լինում բավարարվել տեխնիկումի կրթությամբ ու ավարտել, այսպես ասած՝ քույրականը։ Կոչմանը հավատարիմ եզակի համառներին, իհարկե, հաջողվում էր տեխնիկումից հետո, կրկին անգամ կոռուպցիոն միջոցներով, այնուամենայնիվ, շարունակել կրթությունը բժշկականում, ու հենց այդ եզակիների ու համառների շնորհիվ էր, որ արդյունքում Հայաստանի բժիշկներն անուն էին ձեռք բերում ու փրկում ե՛ւ ինստիտուտի, ե՛ւ համակարգի «պատիվը»։ 

Սովետի փլուզումից հետո բժշկականի կոռուպցիոն ավանդույթը շարունակվեց, բայց արդեն՝ ժամանակի ձեւախեղմանը համընթաց ու որակազրկվեց ինստիտուտի ղեկավարության որակազուրկ բարքերին համահունչ։ Առավել հիշելին ինստիտուտի ռեկտոր Գոհար Քյալյանի ղեկավարության տարիներին գրանցված հետադիմությունն էր։ Եվ, ահա, Քյալյանի ու նրա տեսակի նախորդների եւ հաջորդների թողարկած բժիշկները ձեւավորել են նորանկախ Հայաստանի բժշկական համակարգը։ Սովետական տարիներին բժշկի որակն ու պատիվը փրկածներից շատերը հեռացան կյանքից կամ Հայաստանից, մնացած հատուկենտները մարգինալացված, գլուխները կախ՝ շարունակում են աշխատել՝ ամեն մեկն իր նեղ ոլորտում։ Բայց համակարգը, որ բաժանվեց ազդեցության ոլորտների, մասնատվեց, սեփականաշնորհվեց ու վերածվեց մարդկային կյանքերի հաշվին գործող եկամտաբեր բիզնես ոլորտի՝ դարձավ սատանայի ջրաղացը։

Հայաստանում նմուշի համար անհնար է գտնել մի մարդու, որը չի նվաստացել բժշկի ընդունարանում։ Դժվար է պատկերացնել գեթ մեկին, որը բժշկի օգնության կարիքն ունենալու դեպքում հարցուփորձով չի գտել «իր ծանոթ բժշկին», ու դժվար է պատկերացնել մի բժշկի, որը երբեւիցե հրաժարվել է գրպանը խոթած «շնորհակալությունից»։ Բուժհաստատությունները սեփականացնելուց հետո, թերեւս, փոխեցին բժշկին կաշառելու մեթոդն ու իբր լեգալացնելով՝ մարդկանց ստիպեցին վճարել բժիշկներին՝ հիմնարկի դրամարկղերում, եւ դա գնահատվեց որպես համակարգային փոփոխություն։ Սակայն ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ այդ հաստատություններում նույնիսկ հավաքարարը հիվանդին կնվաստացնի իր անտարբերությամբ եւ մուննաթով, եթե ստացիոնար բուժման մեջ գտնվող խեղճը սենյակը մաքրելու համար նրա գրպանը գոնե հազար դրամ չխոթի։ 

Եվ այսպես՝ բժշկի այցելուն հոգեբանական ճնշման ու նվաստացման է ենթարկվում արդեն ընդունարանում։ Ինքս, բազմաթիվ անգամ, ընդունարանի հերթում ականատես եմ եղել, թե ինչպես է մեկ այլ բժիշկ կամ բուժաշխատող իր ծանոթին հետեւից գցած, առանց հերթի խոթում այցելության՝ խորը քամահրանքի ենթարկելով հերթում սպասողներին։ Ու նույն հերթը կարող է երկարաձգվել մինչեւ օրվա վերջը, քանի որ ծանոթները միշտ կան, լինում են նաեւ տարբեր ծանոթների ծանոթները։ Հերթում սպասողների ցանկացած տրտունջ կասեցվում է կոպիտ, արհամարհական սաստումներով։ Եվ, ահա, բուժօգնության կարիք ունեցողների առողջությանը հասցված առաջին վնասը, առաջին սթրեսն ու թերահավատությունն իրականացնում են բժիշկները՝ ընդունարաններում։ 

Բացի այս ամենից, բժշկական հանրությունը, ինչպես սոցիալ-հասարակական մյուս ոլորտներում, գործում է ներփակ ու մաֆիայի օրենքներով, ենթարկված լինելով իշխանական վերին օղակներին՝ ըստ քաղաքական անհրաժեշտության։ Գաղտնիք չէ, որ համակարգային ծառայողները մշտապես մասնակիցն են դառնում քաղաքական, ընտրական գործընթացներին՝ ըստ հրահանգի։ Գաղտնիք չէ նաեւ, որ համակարգից ոչ ոք անհատական կարծիք կամ վերաբերմունք երբեք չի ցուցաբերում համակարգում տեղի ունեցող բացասական երեւույթներին, ամբողջությամբ ենթարկվելով ոլորտի տերերի կամքին՝ հանուն աշխատատեղի պահպանման։ 

Ասվածն ապացուցելու օրինակները բազմաթիվ են, բայց ես նշեմ միայն երեխաների վաճառքի այլեւս հայտնի փաստը, որին չարձագանքեց ոչ մի բժիշկ։ Չնայած կասկած անգամ չունեմ, որ բոլորը տեղյակ են եղել ու տեղյակ են, թե ինչ է կատարվում իրենց համակարգում։ Ուստի, Հայաստանի բժշկական համակարգը, որ, ինչպես նշել էի վերեւում, մասնատված ու սեփականացված է երկրի քաղաքական էլիտայի, մասնավորապես օլիգարխների կողմից, իր էությամբ հանցավոր է ու վտանգավոր հասարակության ֆիզիկական ու հոգեկան առողջության համար։ Համակարգում լուռ աշխատող առանձին ու փայլուն բժիշկները բացառություն են միմիայն իրենց մասնագիտական որակի շնորհիվ։

Եվ հիմա, երբ ամբողջ աշխարհում մոլեգնում է կորոնավարակի համաճարակը, բժիշկների մասնագիտական որակի հարցը դարձել է հատկապես առողջապահական համակարգերի թիվ մեկ խնդիրը։ Երբ Երկիր մոլորակի բոլոր երկրների սանիտարահիգիենիկ ոլորտի պատասխանատուները, ըստ էության, զբաղվում են համաճարակի կանխարգելման ու մարդկանց կյանքերը փրկելու հարցով, Հայաստանի առողջապահական համակարգը շարունակում է մնալ փակ, ենթակա եւ ամբողջությամբ վերահսկվող քաղաքական կառույց։ 

Լինելով խոցելի, տնտեսապես աղքատ ու ծայրահեղ բեւեռացած, Հայաստանի բնակչությունը համաճարակի պայմաններում առավել քան վտանգված է, քանի որ համաճարակից խուսափելու միակ միջոցը բնակարաններում մեկուսանալն է, իսկ դրա համար, թերեւս, հպարտ, բայց բնակչության աղքատ ու ծայրահեղ աղքատ հատվածը չունի նյութապես գոյատեւելու հնարավորություն։

 Գումարած դրան՝ Հայաստանի նորընտիր իշխանությունը, լինելով ակնհայտորեն տհաս ու բառացիորեն անպատրաստ այս անակնկալ աղետին, չունենալով մասնագիտացված ու իրավիճակը հաղթահարելու նպատակ հետապնդող կոնկրետ ծրագիր, շարունակում է վերահսկել քաղաքացիներին ու առողջապահական համակարգը՝ պրոպագանդայի միջոցով։ Չնայած պաշտոնապես հայտարարված արտակարգ իրավիճակին, Հայաստանի բնակչությունը որեւէ իրական պատկերացում չունի աղետի ու նրա հնարավոր հետեւանքների մասին։ Ավելին՝ վարակի մասին տեղեկությունը քաղաքական պրոպագանդայի միջոցով այնպես են լղոզել, որ քաղաքացիների մի զգալի հատված շարունակում է կարծել, որ վարակը վտանգավոր չէ կամ նույնիսկ գոյություն չունի, այլ ընդամենը դավադրությունների տեսության մի դրվագ է։ 
Պատասխանատվության ծայրահեղ ցածր դրսեւորմամբ՝ Հայաստանի իշխանությունը շարունակում է տոտալիտար ռեժիմի միջոցով անիրազեկության մեջ պահել ու կառավարել երկրի բնակչությանը եւ այս կոնկրետ պարագայում իր այդ ռեժիմն իրականացնում է առողջապահական ոլորտի պատասխանատուների ու աշխատողների միջոցով։ 

Ես չեմ անդրադառնա ՀՀ առողջապահության ոլորտում մինչեւ համաճարակը տեղի ունեցող ցինիկ, անմարդկային, շատ դեպքերում՝ դաժան ու զազրելի այն դրվագներին, որոնց մասին տեղեկություններ ունեմ ոլորտում աշխատող իմ աղբյուրներից։ Բայց չեմ կարող այսօր շրջանցել այնտեղ տեղի ունեցող դժոխային երեւույթներից որոշ տեղեկություններ։ 

Նախ նշեմ, որ առայսօր ՀՀ վարչապետի ու նրա կառավարության կողմից պաշտոնապես արգելված է լուսաբանել կորոնավարակի թեման, ու առայսօր Հայաստանի քաղաքացիները տեղյակ չեն, թե ինչ է կատարվում հիվանդանոցներում, ովքեր են վարակի զոհերը, ինչպես են իրականացվում նրանց հուղարկավորությունները։ Հիվանդանոցների դռները փակ են, բժիշկներն ու բուժաշխատողները՝ լուռ, պրոպագանդիստները՝ լծված վարակի մասին իրարամերժ լուրեր տարածելու գործին, կառավարությունը մանրամասն հաշվետվություն չի ներկայացնում անգամ, թե կոնկրետ ինչպես են ծախսվում վարակի կանխարգելման նպատակով միջազգային կառույցների ուղարկած գումարները։ 

Իսկ ոլորտում աշխատողներից ստացված իմ տեղեկություններով, հատկապես 60-ից բարձր տարիքի վարակվածներին, որոնք ակնհայտ երկկողմանի թոքաբորբ են տանում ու շնչահեղձ են լինում, նույնիսկ չեն թեստավորում՝ ճշտելու համար՝ վարակված է, թե ոչ, քանի որ աչքաչափով են մոտենում հարցին, այսինքն՝ հասկանում են, որ վարակված է՝ ըստ սիմպտոմների, տանում, բառացիորեն շպրտում են հիվանդասենյակի մահճակալին, միացնում արհեստական շնչառական ապարատին ու, ինչպես իրենք են ասում, մի երկու օր սպասում են, տեսնում են, որ մեռնող է, անջատում են շնչառական ապարատները…

ՀԳ. Եթե Հայաստանի կառավարությունը, չհամաձայնելով այս հոդվածի հետ, որոշի հերքել այն, ստիպված պիտի լինի ցուցադրել հիվանդասենյակները, հրապարակել վարակի զոհերի լուսանկարներն ու բացահայտել նրանց ինքնությունը, խոսեցնել նրանց հարազատներին ու խնդրել կիսվել իրենց զգացմունքներով, հրավիրել բժիշկներին ու բուժաշխատողներին՝ պատմելու, թե ինչ է կատարվում, ու մանրամասնելու ընթացիկ վիճակը։ Եթե իսկապես խնդիր կա՝ կանխելու այս համամարդկային աղետը։

Գայանե ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆ