Ի՞նչ թվային մանիպուլյացիաներով է զբաղված Ավինյանը

Ի՞նչ թվային մանիպուլյացիաներով է զբաղված Ավինյանը

Երկուշաբթի օրը ՀՀ Ազգային ժողովը հերթական անգամ 30-օրյա ժամկետով արտակարգ դրություն հաստատեց երկրում: Բնականաբար, արտակարգ դրությունն այս անգամ էլ հաստատվել է Սահմանադրության ոտնահարմամբ, քանի որ ՀՀ գործող սահմանադրությունը (հոդված 120), ինչպես նաեւ 1995 եւ 2005թթ. խմբագրությամբ գործած սահմանադրությունները (հոդված 55, կետ 14) երբեւէ չեն արտոնել որեւէ այլ հիմքով Հայաստանում արտակարգ դրության հաստատում` սահմանադրական կարգին սպառնացող վտանգից բացի: Իսկ կորոնավիրուսը, ինչպես որեւէ այլ վարակ` կուզի գրիպ կամ հարբուխ լինել, թե ժանտախտ կամ խոլերա, երկրի սահմանադրական կարգին սպառնացող վտանգ չէ: 

Առողջապահական ճգնաժամի, բնական աղետի, որեւէ այլ ֆորսմաժորային իրադրությունում կարող է երկրում հաստատվել ճգնաժամային կառավարում, ուրիշ ոչինչ: Իհարկե, այսօր իշխանությունում գտնվող «դըմփ-դըմփ-հու»-երի խառնամբոխը կարող է ճգնաժամային կառավարումն արտակարգ դրությունից չտարբերել, բայց այդ դեպքում թող հայաստանցի կամ արտասահմանյան իրավաբանների խորհրդատվությանը դիմեին, ոչ թե գործող սահմանադրությունը ոտնահարեին, որի համար ոչ մի կորոնավիրուս վաղն ի զորու չի լինելու իրենց ազատել պատասխանատվությունից: 

Թե ինչու «դըմփ-դըմփ-հու»-երն առաջին անգամ մարտին սահմանադրություն ոտնահարելով երկրում արտակարգ դրություն հայտարարեցին` ճգնաժամային կառավարման ռեժիմի անցնելու փոխարեն, շատերին է պարզ: Շան գլուխը թաղված էր սահմանադրության փոփոխությունների հանրաքվեում: Փաշինյանի կարճամտության արդյունքում տարեսկզբին հայտարարված այդ հանրաքվեն ո՛չ հնարավոր էր իրավական որեւէ ճանապարհով չեղարկել, ո՛չ էլ ձախողումների հորձանուտում տարուբերվող «դըմփ-դըմփ-հու»-երը կարող էին 25% քվորում կամ 50%+1 կողմ ձայն ապահովել: Դրա համար էլ մարտին, սահմանադրության վրայից ուղղակի քայլելով՝ արտակարգ դրություն հայտարարվեց, այդկերպ հնարավոր դարձնելով հանրաքվեի հետաձգումը: 
Սակայն արի ու տես, որ մեկ ամիս անց Փաշինյանի դրությունն ավելի բարդացավ, ոչ միայն այն պատճառով, որ մեկ-երկու տասնյակի փոխարեն այժմ հազարից ավելի վարակակիր կա երկրում: Այլեւ այն, որ, ըստ որոշ խոսակցությունների, WHO-ի (Առողջապահության համաշխարհային կազմակերպության) մոդելավորած ժամանակացույցերով մեր տարածաշրջանում կորոնավիրուսի տարածման ներկա ալիքի բարձրակետն ակնկալվում է հունիսին: Նման կանխատեսումը, որին դժվար թե իշխանությունում տեղյակ չլինեին, գործնականում երաշխավորում է սահմանադրական փոփոխության հանրաքվեի տապալումը, եթե այն կայանա հունիսին: Արդյունքում այժմ երկրորդ անգամ, իր կարճամտության արդյունք հանրաքվեից փախչելով, Փաշինյանը երկրում հայտարարեց 30-օրյա արտակարգ դրություն: Տեսնենք մինչեւ երբ եւ ուր նրան կհաջողվի փախչել…
Բայց երկրում սահմանադրական հանրաքվեից խուսափելու համար արտակարգ դրություն հայտարարելու այս անլրջության մեջ ավելի հետաքրքրականն առողջապահական թեմատիկայով ստախոսություններն են, որոնց հերթական փունջը երկուշաբթի ԱԺ-ում շաղ էր տվել հանրապետության պարետ, պարեկ, թե պահակ Տիգրան Ավինյանը: 

«Մաեստրոյի» և «Մկի» արժանի հետնորդը

Իհարկե, Գալուստ Սահակյան ու Հովիկ Աբրահամյան տեսած ՀՀ Ազգային ժողովում իմաստակությունների ու ստախոսությունների նշաձողը միշտ էլ բարձր է եղել: Բայց Ավինյանը երեւի անձնական պատվի հարց է համարում այդ ձողը նոր բարձունքների հասցնելը: 
ԱԺ ամբիոնից ապրիլի 13-ին Ավինյանը բառացիորեն հայտարարել է. «…Այդ կետում միաժամանակյա վարակվածների թիվը կհասներ բնակչության 89%-ի: Հոսպիտալացման ենթակա ծանր դեպքերի թիվը Երեւանում կհասներ 8 հազար 200-ի, եւ ծանր ասելով՝ ես նկատի ունեմ ծանրագույն դեպքերը, որովհետեւ միաժամանակ Երեւան քաղաքում վարակված կլիներ 110.000 մարդ»։ Հետո Ավինյանը շարունակել էր ճառել ինչ-որ 30 հազար թվի շուրջ, բայց սահմանափակվենք այն հատվածով, որը մեջբերվեց վերեւում: Ըստ Ավինյանի, Հայաստանում կարող է միաժամանակ կորոնավիրուսով վարակվել բնակչության 89%-ը, նույնիսկ այդքան վարակված կլիներ հենց մարտին, եթե օրվա իշխանությունը քաղաքացիների տեղաշարժման ազատությունը չսահմանափակեր: Այստեղ ոչինչ չի մնում, քան մեջբերել Սերժ Սարգսյանի դասական դարձած բացականչությունը. «Իյա, իրո՞ք…»։

Ի՞նչ «միաժամանակ վարակված 89% բնակչության» մասին է խոսում Ավինյանը: Որտեղի՞ց է վերցրել 89% թիվը, Հայաստանի ո՞ր գիտնականները, ե՞րբ, ո՞ր ուսումնասիրության արդյունքում են իրեն նման թիվ տրամադրել: Ովքե՞ր են Հայաստանի Անտոնիո Ֆաուչին եւ Դեբորահ Բիրքսը, որ երբեք ասպարեզ չեն գալիս, այլ համեստաբար Ավինյանին են տվյալներ փոխանցել: Իրականում պարզից էլ պարզ չէ՞, որ հայաստանյան Ֆաուչի կամ Բիրքս չկան, ոչ մի գիտնական էլ ուսումնասիրություն չի կատարել, եւ որեւէ թիվ Ավինյանին չի տրամադրվել: 
Ընդամենը Ավինյանի աշխատակազմում կամ կառավարության աշխատակազմում, կամ պարետատուն կոչվածում խմբված կիսագրագետները, որոնցից մի քանիսն անգլերեն տառերը գիտի, ամենայն հավանականությամբ, ինտերնետից վերցրել են Imperial College London-ի գիտական խմբի COVID-19-ի վերաբերյալ զեկույցները կամ, հավանաբար, հենց միայն մարտի կեսերին հրապարակված առաջին ծավալուն զեկույցը, որը միջազգայնորեն ուշադրություն գրավեց եւ ԱՄՆ-ում ու Մեծ Բրիտանիայում հաստատություններ փակելու ու մնացած սահմանափակումների սկիզբ դրեց: Ոչինչ չանելու տարբերակի մոդելավորումն այդ զեկույցում էր տրված: ՀՀ կառավարության կիսագրագետները թերեւս հենց այդ զեկույցն են վերցրել եւ դրա վրա կառուցել իրենց խանութպանի հաշվարկները:

Քանի որ Imperial College London-ի գիտական զեկույցում հաշվարկված է, որ ոչինչ չանելու պարագայում COVID-19 վարակակիրների թիվն ԱՄՆ-ում եւ ՄԹ-ում կհասնի 81%-ի, Ավինյանն ու իր շրջապատը եզրակացրել են, որ Հայաստանում այդ թիվը պետք է ավելի բարձր լինի` 89%, առանց գիտակցելու, որ Հայաստանում ո՛չ տնազուրկ, բացօթյա գիշերող տասնյակ հազարավոր մարդիկ կան, ո՛չ սեւամորթներ կամ լատինոներ, ովքեր առավել ընկալունակ են COVID-19-ի նկատմամբ, հետեւաբար, Հայաստանում վարակվածների տոկոսը չի կարող ԱՄՆ-ի եւ ՄԹ-ի 81% ցուցանիշներից ավելի ցածր չլինել: 

Սակայն առկա գիտական տվյալների էլ ավելի ճչացող աղավաղումը, որ ամբողջությամբ մերկացնում է Ավինյանի եւ իր թիմի «մտավոր օժտվածության» աստիճանը, «միաժամանակյա» բառն է: Imperial College London-ի շուրջ 30 էջանոց զեկույցը թերթողները (չեմ հավատում, թե կարդացող եւ հասկացող է գտնվել) չեն ընկալել, որ 81% վարակը կանխատեսվում է մոդելավորման երկամյա ժամանակահատվածի համար: Դա միաժամանակյա վարակվածների ընդհանուր թիվ չէ:

Ոչ թե միաժամանակյա, այլ՝ տարաժամանակյա

Կառավարական կիսագրագետների հավաքածուն նույնիսկ էլ ավելի անկյունաքարային հանգամանք չի ընկալել: COVID-19-ի պարագայում, այսպես կոչված, Rzero-ն, այսինքն՝ վարակի բազային վերարտադրման թիվը, 3 է: Rnough-ը կամ Rzero-ն (նաեւ` R0) մաթեմատիկական տերմին է` համաճարակաբանների կողմից օգտագործվող, որը ցույց է տալիս, թե տվյալ հիվանդության վարակը կրող անձը միջինը քանի նոր անձի կարող է վարակ փոխանցել իր վարակվելու պահից մինչեւ բուժվելը կամ մահանալը` պայմանականորեն համարելով, որ հասարակությունում վարակի նկատմամբ իմունիտետ ունեցողներ չկան: COVID-19-ի համար R0-ն դիտարկվում է հավասար 3-ի (իրականում 2.4-2.6 է), ինչը նշանակում է, որ մեկ վարակակիրը կարող է անմիջականորեն վարակել 3 հոգու (բայց ոչ մի ամբողջ ավտոբուսի ուղեւորների, ինչպես ոմանք ենթադրել ու քննարկել են ՀՀ ԱԺ-ում):

Իսկ երբ R0-ն 3 է, ապա 14 քայլի արդյունքում է միայն երեք միլիոն մարդը կամ դրա 80%-ը դառնում վարակակիր: 1-ին քայլում 1 վարակակիրը վարակը փոխանցում է 3 հոգու, 2-րդ քայլում վարակված 3 հոգին վարակում են 9 հոգու, 3-րդ քայլում 9 հոգին՝ 27 հոգու, եւ այդպես ամեն հերթական քայլում 3-ով բազմապատկելով՝ 14-րդ քայլում 1,5 միլիոն վարակակիր անձը վարակում է 4,5 միլիոն մարդու: Բայց մինչեւ 1 մարդուց հասնենք 1,4 միլիոն մարդու, ամիսներ են անցնում, որի ընթացքում ավելի վաղ վարակվածները կա՛մ առողջանում են, կա՛մ մահանում, այնպես որ, միաժամանակյա 80% վարակվածություն երբեք ու երբեք չի լինում: Այդպիսի թիվ կարող է պատկերանալ միայն «Մաեստրոյին» եւ «Մկանն» արժանի հետնորդի մթագնած ուղեղին:

Ի վերջո, զարմանում ես, եթե Ավինյանը, իր թիմն ու գործընկերները տրամաբանության հետ խորը խնդիր ունեն, գոնե տրիվիալ դիտողականությո՞ւն էլ չունեն: Չե՞ն տեսնում, որ, դիցուք, Շվեդիայում, որտեղ ոչ ոք ոչինչ առանձնապես չսահմանափակեց, երկու ամսում կորոնավիրուսով վարակվեց 11 հազար մարդ, Իտալիայում կամ Իսպանիայում էլ, որտեղ վարակը մոլեգնում էր, վարակվեցին 160-170 հազար հոգի: Անգամ Թուրքիայում, որը COVID-19-ի տարածման ամենաբարձր տեմպն ունի աշխարհում, մեկ ամսում` մարտի 11-ին առաջին վարակակրի մասին հայտարարելուց մինչեւ ապրիլի 11-ը վարակվեց շուրջ 50 հազար մարդ, վերջին օրերին՝ օրը 4-5 հազար մարդ, բայց նույնիսկ այդ գերարագ տարածման տեմպերով Թուրքիայում վարակակիրների ընդհանուր թիվը բնակչության 1%-ին չհասավ, 0,5 %-ին հասավ: Իտալիայում, Իսպանիայում 0,3%-ի է հասել, Շվեդիայում` 0,1%: Հետեւաբար, Հայաստանում էլ եթե Ավինյանն ու իր զինակից կիսագրագետները ոչինչ էլ չանեին, դարձյալ վարակակիրների թիվը մեկ ամսում երբեք 1%-ի չէր կարող հասնել, ուր մնաց 89%-ի: 80% վարակվածության հասնելու համար ամիսներ, 1,5-2 տարի է հարկավոր, ինչպես Imperial College London-ի զեկույցի հաշվարկներում:

Տարրական մաթեմատիկայի հարցը

Բայց Ավինյանը ոչ միայն անգլերենի, տրամաբանության եւ պատասխանատվության հետ անլուծելի խնդիրներ ունի, այլեւ հանրակրթական դպրոցի մակարդակի մաթեմատիկայի հետ, որն արդեն ահազանգ է: Ավինյանի կիսագրագետ պարետատանը կամ Փաշինյանի նույնորակ կառավարությունում որեւէ մեկը կարո՞ղ է բացատրել, թե այդ ինչ հանրահաշվական հնարքի արդյունքում են Ավինյանի հրապարակած թվերն իրականություն: Հատվածը կրկնենք. «…Այդ կետում միաժամանակյա վարակվածների թիվը կհասներ բնակչության 89%-ի: Հոսպիտալացման ենթակա ծանր դեպքերի թիվը Երեւանում կհասներ 8 հազար 200-ի, եւ ծանր ասելով՝ ես նկատի ունեմ ծանրագույն դեպքերը, որովհետեւ միաժամանակ Երեւան քաղաքում վարակված կլիներ 110 հազար մարդ»։ Եթե 3 մլն բնակչություն ունեցող Հայաստանում 89%-ը միաժամանակ վարակված է կորոնավիրուսով, ապա 1 մլն-ից ավելի բնակիչ ունեցող մայրաքաղաք Երեւանում ինչպե՞ս է վարակվածների թիվը կազմում 110 հազար: Ո՞ր հնարքով է 110 հազարը միլիոնի 89%-ը:
Եվ այս մտավոր կարողություններով էլ փորձում են համավարակ կառավարել…