Փաշինյանը՝ նավթագազային պատուհաս

Փաշինյանը՝ նավթագազային պատուհաս

Նիկոլ Փաշինյանը մեզ համար իսկական ազգակործան պատուհաս էր, և այդ մասին ես չէ, որ առաջինն ասել եմ: Նա Հայաստանի անկախությանը վերջ դրեց նոկեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրով: Ընդ որում՝ դրա համար նրան լիուլի վարձատրեցին համաձայնագրի մյուս կողմերը՝ Ռուսաստանը ու Ադրբեջանը: Ադրբեջանն այդ փաստաթուղթը ստորագրեց, որովհետև տարածքներ էր ստացել, Իսկ Ռուսաստանին էլ դա ձեռնտու էր, որովհետև Գաբալայի ռադիոլոկացիոն կայանը կորցնելուց հետո հրաշալի ռազմական հենակետ էր ստացել Ադրբեջանի «սրտում»՝ ի դեմս Արցախի փրկված տարածքի: Ադրբեջանի հետ Ռուսաստանի հարաբերություններում Արցախյան խնդիրը դադարեց գործոն լինելուց, ինչը նշանակում է, որ Հայաստանը դադարեց կարևոր դերակատար լինել ռուս-ադրբեջանական հարաբերություններում: 44-օրյա պատերազմից հետո Ռուսաստանը Ադրբեջանի հետ ունեցած խնդիրներն սկսեց քննարկել իր անունից՝ առանց արցախյան բանակցությունների խաղաքարտն օգտագործելու: Այս առումով Փաշինյանն ուղղակի անգնահատելի ծառայություն մատուցեց Պուտինին և Ալիևին:

Կարող եք հարցնել՝ Պուտինի քյարը ո՞րն է, եթե Ռուսաստանը, հայտարարված 5-ամյա ժամկետը լրանալուց հետո, զորքերը պետք է հանի Արցախից: Առաջարկում եմ այդ հարցով չմտահոգվել: Նախ՝ որովհետև դա Ռուսաստանի խնդիրն է և ապա՝ մենք Փաշինյանի թեթև ձեռքով իրավունք չունենք խառնվելու Ադրբեջանի «ներքին» գործերին: Այն էլ ասեմ, որ ռուսական զորքն այսօր Արցախում է ոչ այն նպատակով, որ հայտարարվում է: Գերտերությունները նման փոքրիկ հարցերով չեն զբաղվում: Նրանց պլանները, սովորաբար, պարզ են դառնում ավելի ուշ, քան փոքրիկ երկրներն են դրանք հաշվարկում: Փոքրիկ երկրները երբեմն նույնիսկ չեն էլ հասկանում, թե ինչ է կատարվում իրենց հետ և ուշքի են գալիս միայն այն ժամանակ, երբ ամեն ինչ վերջացած է լինում: Վրաստանը, Ուկրաինան, Ադրբեջանը, և Հայաստանը ասվածի վառ վկայությունն են: Եթե Վրաստանում իմանային, թե ինչ է գալու իրենց գլխին ռուսական ռազմաբազան Ախալքալաքից հանելուց հետո, հաստատ այդ քայլին չէին գնա: Դրանից ոգևորված՝ վրացիները պատերազմի մեջ մտան Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ՝ կորցնելով թե մեկը, թե մյուսը՝ չհաշված Աջարիան և երկրի թուրքաբնակ հարավը: Ուկրաինայում իմանային, թե ինչ է գալու իրենց գլխին Մայդանից հետո, Յանուկովիչին կփայփայեին և այսօր ոչ Ղրիմի, ոչ Դոնբասի հարց չէր լինի արմատներով նույնական ուկրաինացի և ռուս ժողովուրդների միջև: Եթե Ալիևը, չընկներ Նիկոլի խելքին և իմանար, որ ռուսական զորքը կմտնի Արցախ, չէր նայի Արևմուտքի դրդումներին և մի փոքր ավելի երկար կմտածեր՝ խաղաղ ճանապարհո՞վ վերադարձնի տարածքները, թե՞ պատերազմի:
Գալով Փաշինյանին՝ հարցադրումը փոխվում է: Եթե Փաշինյանն էն գլխից իմանար, թե իրեն ինչու են վարչապետ դարձնում, կհամաձայնե՞ր, արդյոք, դառնալ Հայաստանի վարչապետ: Ես չէի համաձայնի… Իսկ դո՞ւք: Ոչ ոք չէր համաձայնի, եթե իմանար, թե ինչ է գալու Հայաստանի գլխին դրանից հետո: Եթե Փաշինյանը գիտեր և համաձայնել է, ապա ավելի վատ իր համար, իսկ եթե չգիտեր ու չէր էլ հասկանում, թե ինչու են իր նման ձախավերին իշխանություն տալիս Հայաստանում, ուրեմն ավելի վատ իր, մեր երկրի, մեր ժողովրդի, մեր պետության համար: Ընտրեք որ տարբերակն ուզում եք:

Սխալվելու իրավունք ունեն բոլորը, այդ թվում և գերտերությունները: Փաշինյանի պարագայում սխալվել են բոլորը: Փաշինյանը գլոբալ սխալի արդյունք է, և դա է պատճառը, որ նա իսկական պատուհաս է դարձել բոլորի գլխին: Գերտերություններից ոչ մեկը չի ուզում ընդունել իր սխալը, ինչից էլ օգտվում է Փաշինյանը: 44-օրյա պատերազմից հետո նա իր մենախցի ճանճերը պետք է հաշվեր, ոչ թե շարունակեր պաշտոնավարել: Փաշինյանն, այլ խոսքով, նոնսենս է: Նա 44-օրյա պատերազմի ակամա հրահրումով պայթեցրել է բոլորի պլանները՝ սկսած ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Թուրքիայից, ԵՄ-ից և վերջացրած Ռուսաստանով, Իրանով ու Չինաստանով: Փաշինյանն իր կամքից անկախ ականապատել է միջինասիական էներգակիրներին տիրանալու Արևմուտքի հեռահար պլանները, պատճառ դարձել Ադրբեջան ռուսական զորք մտցնելու և, եթե կուզեք՝ ռուս-ուկրաինական երկրորդ պատերազմի: Ոչ Արևմուտքը և ոչ էլ Ռուսաստանը պատրաստ չէին այս ամենին: Երկրագնդի բնակչության կեսը կանգնած է սովի վտանգի առաջ, Եվրոպան՝ ցրտահարության, Ռուսաստանի ուղիղ նշանառության տակ են ԵՄ երկրներն այլընտրանքային գազով ու նավթով մատակարարող ադրբեջանական բոլոր կոմունիկացիաները, ողջ արևմտյան աշխարհը ելել է Ռուսաստանի դեմ, փորձում են նրան հեռացնել Հարավային Կովկասից: Եվ ամենակարևորն այս ամենում մեզ համար այն է, որ ոչ ոքի այլևս չի հետաքրքրում, թե ինչից ծագեց այս մեծ կռիվը: Կդադարի՞ այն, եթե Նիկոլին հեռացնեն, ինչպես բերել են:

Այս հարցի պատասխանը գերտերությունները չունեն, բայց դեռ հույսեր են փայփայում՝ Նիկոլի հետ ինչ-ինչ պայմանավորվածությունների շնորհիվ հասնել սեփական դիրքերի ամրապնդմանն այս կարևորագույն տարածաշրջանում: Կարճ ասած՝ ժամանակ չկա Նիկոլին փոխելու և Հայաստանի ինքնիշխանության վերականգնման համար: Այս մեծ իրարանցման մեջ մեզ՝ հայերիս, «վստահել են» խեղդվողի դերը, իսկ խեղդվողի փրկությունը, ինչպես գիտեք, խեղդվողի առաջին սուրբ պարտականությունն է: Կգոյատևե՞նք որպես պետություն, թե՞ կդառնանք 21-րդ դարում պետություն կորցրած առաջին ազգը, կախված է մեզնից և որոշ չափով նաև Նիկոլից: Նրա անակնկալ հրաժարականը, կարծում եմ, շատ բան կփոխի ստեղծված իրավիճակում. առնվազն՝ վերահաս պատերազմի անորոշ ժամանակով հետաձգման իմաստով: