Փակուղին խորանում է

Փակուղին խորանում է

Ոմանք գուցե ուրախանում են, որ Հայաստանի ղեկավարը սկսել է «ատամ ցույց տալ»` մե՛կ ՀԱՊԿ-ին է «կատոկում», մե՛կ Ալիեւին շշպռում, մե՛կ Ռուսաստանին է սաստում, Եվրոպայի ու ԱՄՆ-ի հետ սերտորեն շփվում, հյուրեր ընդունում տարբեր կառույցներից ու երկրներից: Կարծես թե պահպանում է հավասարակշռությունն այս խառնաշփոթ ու վտանգավոր ժամանակներում եւ, օսկանյանական լեզվով ասած, կոմպլեմենտար քաղաքականություն է վարում: Բայց եթե մի կողմ թողնենք էմոցիաներն ու սենտիմենտները եւ ոչ թե խոսքով, այլ գործով դատենք Հայաստանի վարած արտաքին քաղաքականության մասին, ապա կտեսնենք, որ ոչ մի լավ բան, իրականում, չկա:

ՀԱՊԿ-ի նման կառույցի հետ հակասություններ ունենք, եւ հասկանալի չէ, թե ինչու ենք դրան անդամակցում, եթե որեւէ օգուտ չունենք, ունենք միայն դժգոհություններ եւ տարաձայնություններ: Անգամ մեր տանը հյուրընկալելիս չենք կարողանում տանտիրոջ առավելություններն օգտագործել եւ ինչ-որ բան պարտադրել, այլ խեղճի, թույլի դեմարշ ենք անում` նիստի եզրափակիչ փաստաթուղթը չստորագրելով: Այսինքն՝ կա՛մ պետք է անդամակցել եւ օգտվել այդ կառույցի ընձեռած հնարավորություններից, կա՛մ դուրս գալ: Մյուս հարթակը, որտեղ մեզ համար ավելի կենսական հարցեր են քննարկվում` Ալիեւի հետ բանակցությունները, կարելի է ասել, լիովին ձախողված են:

Երեկ արդեն տեղեկացանք, որ դեկտեմբերի 7-ի բրյուսելյան հանդիպումն էլ չի կայանալու: Եվ ակնհայտ է դառնում, որ ո՛չ Շառլ Միշելի, ո՛չ Վլադիմիր Պուտինի հովանու ներքո ընթացող հանդիպումներն արդյունք չեն տալիս, եւ սայլը տեղից մի միլիմետր անգամ չի շարժվում` ավելի ու ավելի մոտեցնելով ուժային լուծումների ժամանակը: Բայց մենք նաեւ այդ ուղղությամբ չենք շարժվում` բանակը զինելու, ամրացնելու, պատերազմի պատրաստվելու ուղղությամբ: